Բաքվում ձերբակալել են հակապատերազմական ակտիվիստ, անարխիստ Գիյաս Իբրահիմովին։ Հունիսի 22-ին ոստիկանները եկել են հանրակացարան, որտեղ նա ապրում է, և պահանջել ջնջել Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում ոստիկանական տեռորի մասին գրառումները։
«6-7 հոգի էին՝ Նիզամիի շրջանի ոստիկանական վարչության 25-րդ բաժնից։ Պահանջեցին ջնջել ֆեյսբուքյան գրառումը, Գիյասը հրաժարվեց։ Փնտրեցին նրա հեռախոսը, չգտան, ձեռնաշղթաներ հագցրեցին և տարան բաժին», – պատմել է Գիյասի մայրը։
Նույն օրը հայտնի է դարձել, որ ընդդիմադիր ակտիվիստը 30-օրյա ձերբակալության է դատապարտվել՝ «արգելված տեղեկատվություն տարածելու» և «ոստիկանի պահանջին չենթարկվելու» համար։
Ոստիկանության քննադատությունը (այն ոստիկանության, որը մի քանի օր առաջ մահակներով և արցունքաբեր գազով հարձակվել էր Ալիևների ընտանեկան հանքի դեմ գյուղացիների վրա) գնահատվել է որպես «արգելված տեղեկատվության տարածում», գրաքննությանը չենթարկվելը որակվել է որպես դիմադրություն ոստիկանությանը։ Գիյասը տեղափոխվել է ՁՊՎ։
տե՛ս Մարդկանց ջարդում են Գետաբեկում
Հունիսի 23-ին նա չոր հացադուլ է հայտարարել՝ հրաժարվել սննդից և ջրից։ Ի պատասխան դատարանը նրա կալանքը երկարաձգել է ևս երկու օրով։
Գիյասի պաշտպանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Երեկ տեղի ունեցած նիստից առաջ Իբրահիմովը ուշաթափվել է։
«Ոստիկանները նրա դեմքին ջուր արեցին, բայց չօգնեց։ Շտապօգնության աշխատակիցների միջամտությունից հետո, մոտ մեկ ժամ անց, Գիյասի ինքնազգացողությունը համեմատաբար լավացավ և նրան տարան նիստերի դահլիճ», – պատմել է փաստաբան Էլչին Սադըգովը։
Վերաքննիչ բողոքը մերժվել է․ «Չնայած Գիյասը գիտակցության էր եկել, նա մեծ դժվարությամբ էր հարցերին պատասխանում․․․ Նրան հետ տարան ՁՊՎ»։
Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ վարչական գործերի դեպքում վերաքննիչ դատարանը բարձրագույն ատյան է համարվում։ Ուստի՝ այս որոշումից հետո պաշտպանները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Գիյասի դեմ գործողությունների ապօրինի ճանաչելու և փոխհատուցում ստանալու համար։ Չնայած Իբրահիմովի հայցի հիման վրա արդեն իսկ Եվրադատարանի որոշում կա, վճռով սահմանված փոխհատուցումը Ադրբեջանի կառավարությունը առ այսօր հրաժարվում է վճարվել։
Իբրահիմովի մայրը՝ Շուրա Ամիրասլանովան, պատմել է, որ դատարանում նաև ինքն է վատացել։
«Միջանցքում տեսա փաստաբան Էլչին Սադըգովին, նա լրիվ գունատված էր։ Հարցրեցի՝ Գիյասին բերե՞լ են, ասեց՝ Գիյասը ուշաթափվել է։ Անկեղծ ասած՝ ես էլ վատացա, ոտքերս թուլացել էին, գլուխս պտտվում էր։ Գիյասի համար շտապօգնության երկու բրիգադ կանչեցին, մի ժամ հետո նրան բերեցին դահլիճ։ Նրան հյուծված տեսնելը շատ ծանր էր ինձ համար։ Դողում էր, չէր կարողանում խոսել։ Ամեն դեպքում, այս վիճակում դատը արեցին և կալանավորման որոշումը թողեցին անփոփոխ»։
Նույն օրը կինը գնացել է ՁՊՎ՝ որդուն տեսակցելու։ Թույլ չեն տվել՝ հիմնավորմամբ, որ «պետը տեղում չէ»։
Նույն օրը երեկոյան Իբրահիմովը դադարեցրել է հացադուլը։
Մայրը նրան կարողացել է տեսնել միայն այսօր․ «Երբ նրան դատարանից հետ են բերել, նա նորից վատացել է։ Ստիպված է եղել դադարեցնել հացադուլը, հիմա ջուր է խմում, կամաց-կամաց սկսվում է սնվել։
Տղային այդպես էլ բուժկետ չեն տարել, ավելին՝ «պահել են գերծանրաբեռված խցում, որտեղ բանտարկյալները հերթով են քնում, քանի որ մահճակալների պակաս կա»։
29-ամյա ակտիվիստը պարբերաբար հայտնվում է անազատության մեջ՝ ղարաբաղյան պատերազմի, ոստիկանական ամենաթողության, ալիևների ընատնեկան թալանի դեմ (հաճախ՝ միանձնյա) բողոքի ակցիաների պատճառով։
2016-ին Գիյաս Իբրահիմովը և նրա ընկերը՝ Բայրամ Մամեդովը, դատապարվել էին 10 տարվա ազատազրկման։ Հեյդար Ալիևի ծննդյան օրը, որը Ադրբեջանում նշվում է որպես ծաղիկների տոն, նրանք գրաֆիթիներ էին արել գործող նախագահի հոր արձանի վրա՝ իշխանական «Gül bayramınız mübarək!» (շնորհավոր ծաղիկների տոնը) կարգախոսը վերաձևակերպելով որպես «Qul bayramınız mübarək!» (շնորհավոր ստրուկների տոնը)։ Արձանի մյուս կողմը գրված էր «Fuck the system»: Հաջորդ օրը ընդդիմադիր ուսանողների բնակարաններում ոստիկանները կիլոգրամներով հերոին են «հայտնաբերել» և կալանավորել նրանց։
տե՛ս Սոլիդարություն ենք հայտնում Ադրբեջանում բանտարկված համախոհներին
Բայրամովը և Իբրահիմովը ենթարկվել են երկարատև կտտանքների (պահանջը՝ հրապարակավ մեղանչել Ազգի առաջնորդի արձանը «պղծելու») համար։ 2019 թվականին նրանք համաներումով ազատ են արձակվել։ Գիյասը շարունակել է քաղաքացիական ակտիվիզմը, Մամեդովը՝ կարճ ժամանակ անց տեղափոխվել Ստամբուլ, որտեղ 2021 թվականին հայտնաբերել են նրա դի։
Գիյասը հայտնի է նաև իր ռադիկալ հակապատերազմական դիրքորոշմամբ։