հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ադրբեջանցի ակտիվիստը մահացել է բանտում․ հնարավոր է՝ նրան սպանել են

Ադրբեջանցի ակտիվիստը մահացել է բանտում․ հնարավոր է՝ նրան սպանել են

Բաքվի Քյուրդախանի քննչական մեկուսարանում մահացել է ակտիվիստ ու բլոգեր Մեհման Գալանդարովը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հիմքեր կան ենթադրելու, որ երիտասարդը ենթարկվել է խոշտանգումների, այլ ոչ ինքնասպան եղել, ինչպես պնդում են երկրի ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը։

Contact.az կայքը հայտնում է, որ Գալանդարովը բերման էր ենթարկվել Բաքվում Հեյդար Ալիևի հուշարձանի մոտ բողոքի ակցիա անցկացնելուց մի քանի ժամ անց․ բլոգերի բողոքն ուղղված էր անցած տարվա մայիսին Ալիև-ավագի արձանի պատվանդանին գրաֆիտի արած ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի ձերբակալության դեմ։

Ավելի վաղ Գալանդարովը նաև մասնակցել էր Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ «Թագավոր չե՛նք ուզում» կարգախոսով անցկացված բողոքի ցույցին։

«[Իրավապահները] պնդում են, որ Մեհման Գալանդարովն ինքնասպանություն է գործել։ Մահվան մասին տեղեկությունը կոծկելու փորձերը, սակայն, մարմինն ընտանիքին չհանձնելն ու գաղտնի հուղարկավորությունը հիմքեր են տալիս ենթադրելու, որ նա ենթարկվել է խոշտանգումների», ֊ մահացածի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքի ժամանակ ասել է «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի ղեկավար Օգթայ Գյուլալիևը։

Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալները, իրենց հերթին, վստահություն են հայտնել, որ քննչական մեկուսարանում հնարավոր չէ ինքնասպանություն գործել։ «Միջանցքում մշտապես կա հերթապահ ժամապահ, որը պարբերաբար խցի դռան դիտանցքով նայում է ներս։ Խցում չկան իրեր, որոնց միջոցով կալանավորը կարող է կախվել կամ կտրելով ինքնավնասվել։ Բացի դա, Գալանդարովը երկտեղանոց խցում էր պահվում ու նման պայմաններում կախվելու հնարավորությունը բացառված է»,֊ նշել է նախկին կալանավոր Իբրահիմ Իբրահիմլին։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջամիլ Հասանլին, ով հանդիպմանը մասնակցել է «Սկայպ»֊ի միջոցով, հայտարարել է, որ վտանգ է սպառնում նաև մեկ այլ քաղբանտարկյալ Իլքին Ռուստամզադեի կյանքին․ «Նրան սպառնում են Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները՝ ձգտելով նրան դարձնել իրենց իրազեկիչը։ Բլոգերի մահը քաղաքական սպանություն է, և դրա պատասխանատվությունը կրում է իշխող ռեժիմը»։

Ադրբեջանի Արդարադատության նախարարությունն ու Գլխավոր դատախազությունն ակտիվիստի մահվան կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «Գալանդարովը բերման էր ենթարկվել 2017 թվականի փետրվարի 7֊ին․ նա մեղադրվում էր [մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ]։ Գալանդարովն ապրիլի 28֊ին, ժամը 13։30֊ի սահմաններում ինքնասպանություն է գործել Քյուրդախանի քննչական մեկուսարանի երկրորդ մասնաշենքի համար 57 խցում։ Խցակցի քնելուց հետո, Գալանդարովը սավանից պարան է պատրաստել ու կախվել պատուհանի ճաղավանդակից։ Հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասնելու» հոդվածով։ Նախաքննությունը մեկուսարանի աշխատակիցների կողմից Գալանդարովի դեմ ճնշման, խոշտանգումների կամ այլ անօրինական գործողությունների դեպքեր չի բացահայտել»։

Պաշտոնյաների հայտարարության մեջ ասված է նաև, որ պաշտոնեական պարտականությունների ոչ պատշաճ իրականացման ու ինքնասպանությունը չկանխելու պատճառով աշխատանքից ազատվել է մեկուսարանի երկու աշխատակից։