Home / Հայաստան / Ալիև֊ավագի արձանի գրաֆիտիի համար՝ 10 տարվա ազատազրկում

Ալիև֊ավագի արձանի գրաֆիտիի համար՝ 10 տարվա ազատազրկում

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ՝ հոկտեմբերի 25֊ին, NIDA շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին մեղավոր է ճանաչել խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության համար ու նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ ընդգծելով, որ դատավորն ընտրել է դատախազի առաջարկածից էլ ավելի ծանր պատիժ։ Մեղադրողը պահանջել էր Իբրահիմովին ազատազրկել 9 տարով։

Ելույթ ունենալով եզրափակիչ ճառով՝ Իբրահիմովը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները մտացածին են․ «Յուրաքանչյուր արժանապատիվ մարդ գիտակցում է, որ ինձ ձերբակալելու իրական պատճառն իմ բողոքի ակցիան էր երկրում ամենաթողությունների դեմ։ Ես որևէ գրված օրենք չեմ խախտել։ Համակարգը, սակայն, ունի չգրված օրենքներ, որոնցում ստրկությունը ներկայացվում է որպես ազատություն։ Երբ խախտում ես այդ չգրված օրենքները, «պատժից» խուսափելը դժվար է։ Երբ մարդիկ «խախտում են» չգրված օրենքները, նրանց ձերբակալում են՝ ներկայացնելով անհիմն մեղադրանքներ»։

Ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը ձերբակալվել էին այս տարվա մայիսի 11֊ին, այն բանից հետո, երբ նրանց բնակարաններում խուզարկության ժամանակ իրավապահները ենթադրաբար մեծ քանակությամբ թմրանյութ էին հայտնաբերել՝ յուրաքանչյուրի տանը՝ մեկական կիլոգրամ հերոին։ NIDA֊ն, սակայն, երիտասարդների ձերբակալությունը կապում է Բաքվում Հեյդար Ալիևի արձանի վրա հայտնված գրաֆիտիի հետ․ Ալիևի ծննդյան նախօրեին անհայտ անձինք արձանի պատվանդանին թողել էին «Qul bayramınız mübarək!» («Շնորհավոր ստրուկների տոնը») և «Fuck the system!» («Քանդի՛ր համակարգը») գրառումները։

Նշենք՝ Բայրամ Մամեդովի գործով դատական քննությունը նշանակված է նոյեմբերի 1֊ին։