Վարդենիսի բնակիչ, փականագործ Արմեն Երանոսյանը բռնության և նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել ոստիկանների և «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից։ Epress.am֊ի զրույցում նա պատմել է հոգեբուժարանում անցկացրած օրերի մասին։
Երանոսյանը մի քանի օր կարած բերանով հացադուլ էր անում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերականգնել իրեն աշխատավայրում։
Հոկտեմբերի 22-ին ոստիկանները նրան բռնության կիրառմամբ տարել էին հիվանդանոց, քանդել բերանի կարերը, ապա իր կամքին հակառակ տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն։ Երանոսյանին հոգեբուժարանում 3 օրվա ընթացքում մի քանի անգամ ստիպողաբար դեղեր են ներարկել։ Հոգեբուժական կենտրոնից նրան հոկտեմբերի 24-ին դուրս են հանել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպանները։
Վարդենիսի բնակիչը պատմել է, որ հոգեբուժարանում իրեն ծեծի են ենթարկել, երբ հրաժարվել է դեղեր ընդունել․ «Օրը 3 անգամ դեղեր էին սրսկում, որոնցից թմրում ու գիտակցությունս կորցնում էի, իսկ երբ արթնանում էի, խնդրում էի, որ էլ չսրսկեն։ Բայց զոռով բերանս դեղ էին լցնում ու սրսկում էին նորից։ Ոչ թե մենակ ինձ էին ծեծում, բոլորին․․․ էնպես էին ծեծում, դեղը բերանից գալիս, թափվում էր։ Ես էդ տեսարանը չէի կարում տենալ, հոգեկանիս վրա ազդում էր, ասում էի՝ ինձ մեկուսացրեք, գոնե ես չտենամ։ Իմ նման էլի մարդիկ կային այնտեղ, որ ոչ մի խնդիր չունեին, բայց ստիպողաբար պահում էին։ Ինձ հոգեբուժարանում ասում էին, եթե հրաժարվես դեղերից՝ մենք դատարան կդիմենք ու քեզ 6 ամիս կպահենք ստեղ, հետո էլի կերկարացնենք ու դու սաղ կյանքդ կմնաս ստեղ»։
Նա նաև պատմել է, որ հոհգեբուժարանում հիվանդներին ստիպում էին կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք պետք է բուժաշխատողներն անեին․ «Հիվանդներին ստիպում էին, որ գործ անեն, մաքրեն, անգամ զուգարանները մաքրում էին, գալիս էին, ասում՝ էս ո՞նց ես մաքրել, նորից մաքրի»։
Չնայած ճնշումներին Երանոսյանը պնդում է, որ շարունակելու է բողոքի ակցիաները Կառավարության շենքի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյությում.