Home / Հայաստան / Ալիևի ընդդիմախոսի դին գտել են ստամբուլյան ծովում (թարմացված)

Ալիևի ընդդիմախոսի դին գտել են ստամբուլյան ծովում (թարմացված)

Թարմացում 18։00 – Ստամբուլի ոստիկանությունը հայտարարել է, որ Բայրամ Մամեդովը մահացել է «դժբախտ պատահարի» հետևանքով։ Jamnews-ի հաղորդմամբ՝ դեպքը, ըստ ոստիկանության, տեղի է ունեցել ծովափի անվտանգության աշխատակիցների աչքի առաջ․ Մամեդովի հողաթափն ընկել է ծովը, երիտասարդը ջուրն է մտել, որ այն հանի, և խեղդվել։

Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ակտիվիստ Բայրամ Մամեդովի մարմինն անցյալ գիշեր գտել են Ստամբուլի ափամերձ ջրերում։

Մահվան հանգամանքները հայտնի չեն։ Ակտիվիստը մի քանի ամիս առաջ էր մեկնել Թուրքիա և երկու օրից պատրաստվում էր Բաքու վերադառնալ։

Ընկերներն ու ընտանիքը չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարlին գրել է, որ վերջերս հանդիպել էր Բայրամի հետ։ Նա՝ ըստ Մուխտարլիի, պլանավորում էր մեկնել Եվրոպա՝ սովորելու, պատրաստվելու համար Ստամբուլ էր եկել, մեծ պլաններ ուներ ապագայի հետ կապված․․․

«Օրերս Ստամբուլում էի, հյուր էի գնացել Բայրամին։ Երկար զրուցել ենք։ Նա Եվրոպայում մագիստրոսական կրթության ծրագիր էր շահել։ Ստամբուլում պատրաստվում էր։ Զբաղվածության պատճառով նույնիսկ փակել էր սոցցանցերի իր օգտահաշիվները։ Մեծ պլաններ ուներ հայրենիքի հետ կապված։ Ասում էր՝ լավ կրություն ստանալուց հետո կվերադառնա Ադրբեջան։

Տեղի ունեցածի մանրամասները դեռ հայտնի չեն, բայց կառավարամետ լրատվականներն արդեն ինքնասպանության մասին են գրում․․․Հետաքննություն դեռ չի սկսվել։

Հայտնի չի՝ ինչպես է Բայրամը ծովափին հայտնվել այն ժամանակահատվածում, երբ Թուրքիայում փողոց դուրս գալ չի կարելի։ Այդ ծովափին, որտեղ ամեն ինչ տեղի է ունեցել, սովորաբար հարյուրավոր ոստիկաններ են հերթապահում։ Ինչպե՞ս է ստացվել, որ նրանք Բայրամին չեն կանգնեցրել․․․ Տեղի ունեցածի ոչ մի վկա չկա։ Ի՞նչ նպատակ են հետապնդում ինքնասպանության վարկածը տիրաժավորողները․․․», — գրել է լրագրողը, ով այժմ Գերմանիայում է բնակվում։

Նշենք, որ 2016-ին Բայրամի հետ նույն գործով ձերբակալված Գիյաս Իբրահիմովը, ով համաներումից որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ստամբուլ, այս տարվա ապրիլին հայտնել էր, որ զրկվել է Թուրքիայում կացության իրավունքից։ Նրա մուտքը Թուրքիա ընդմիշտ արգելվել է։

«Պատճառները հենց իրեն պիտի հայտնի լինեն, մենք բան չգիտենք», – մեկնաբանել էին Բաքվում թուրքական դեսպանատնից։

Հիշեցնենք՝ 2016 թվականի մայիսի 9-ի երեկոյան՝ Ադրբեջանի նախկին նախագահի, պետության այժմյա ղեկավարի հոր Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձի նախօրեին, նրա արձանի պատվանդանին հայտնվել էին «Fuck the system!» և «Qul bayramınız mübarək!» («Շնորհավոր ստրուկների տոնը») գրությունները, որը հղում է Ադրբեջանում հայտնի “Շնորհավոր ծաղիկների տոնը”( «Gül bayramınız mübarək!») կարգախոսին՝ նվիրված Հեյդար Ալիևի տարեդարձին։ Գրաֆիտիի հեղինակները՝ անարխիստներ Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը, ձերբակալվել էին կեղծ քրգործով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Առաջադրված մեղադրանքն էր մեծ քանակությամբ թմրանյութեր պահելն ու շրջանառելը։

2019-ին երկու քաղբանտարկյալներին համաներում էր շնորհվել։

Ազատ արձակվելուց հետո Բայրամ Մամեդովը շարունակել է իր պայքարը, հերթական անգամ ձերբակալվելուց հետո՝ կրկին հայտարարել մեկուսարանում խոշտանգումների ենթարկվելու մասին։ Բայրամը ձախ ակտիվիստ էր, ալիևյան կլանի ամենախիստ քննադատներից մեկը։