Գլխավոր / Բանտ / Ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստը համաներումից հետո հայտարարել է խոշտանգումների մասին

Ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստը համաներումից հետո հայտարարել է խոշտանգումների մասին

Ադրբեջանական NIDA շարժման անդամ Բայրամ Մամեդովը հայտարարել է, որ մեկուսարանում խոշտանգվել է:

Ապրիլի 2-ին Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել նախկին քաղբանտարկյալի՝ 30-օրյա  վարչական կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը։ Նա մեղադրվում էր ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Դատարանում Մամեդովը հերքել է մեղադրանքը և այն կեղծ որակել, նա հայտարարել է նաև, որ խոշտանգվել է Բինագադի մեկուսարանում:

Մամեդովի խոսքերով՝ իրեն ծնկների վրա են կանգնացրել և բռունցքով ու ոտքերով ծեծել: Նրա մարմնի վրա տեսանելի են եղել  բռնության հետքեր. կապտուկներ` դեմքին, ականջը՝ այտուցված։

Ըստ Meydan.tv-ի, դատարանը անտեսել է Մամեդովի հայտարարությունը և մերժել բողոքը:

Մարտի 30-ին, դատարանի որոշմամբ, Մամեդովը 30 օրով ձերբակալվել էր։ Ակտիվիստի հոր խոսքով՝ առանց որևէ բացատրության որդին փողոցում ձերբակալվել էր և տեղափոխվել ոստիկանության բաժին: Նա եզրակացնում է, որ ձերբակալման իրական պատճառը կարող է լինել որդու՝  սոցիալական ցանցերում գրառումները և երկու շաբաթ առաջ՝ բանտից ազատվելուց հետո, իշխանություններին քննադատող հարցազրույցները։

Ապրիլի 1-ին փաստաբան Էլչին Սադիգովին թույլ չեն տվել Բադամադիի կալանավայրում հանդիպել Բայրամ Մամեդովի հետ: Ըստ փաստաբանի՝ մեկուսարանի ղեկավարությունը մերժումը պատճառաբանել է անցկացվող սանիտարհիգենիկ աշխատանքների հետ։ Փաստաբանին հայտնել են, որ նա միայն ապրիլի 3-ին կարող է տեսնել Մամեդովին:

Բայրամ Մամեդովը և Գիաս Իբրահիմովը 2016 թվականի մայիսի 9-ին հակակառավարական կարգախոսներ էին գրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Իլհամ Ալիևի հոր, հուշարձանի վրա։ Ակցիայի հաջորդ օրը նրանք ձերբակալվել էին թմրադեղեր պահելու մեղադրանքով:

2016 թվականի նոյեմբերին դատարանը նրանց 10 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Այս տարվա մարտի 16-ին երկուսին էլ ներում էր շնորհվել։