հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Վրացական բանտում հացադուլ իրականացնող ադրբեջանցի լրագրողի վիճակը վատացել է

Վրացական բանտում հացադուլ իրականացնող ադրբեջանցի լրագրողի վիճակը վատացել է

Վրաստանի բանտային հոսպիտալում ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Ոտքերն ընդարմացել են, քայլել այլևս չի կարողանում։ Արյան մեջ շաքարի ծայրահեղ ցածր մակարդակի պատճառով մեծացել է կոմայի մեջ ընկնելու հավանականությունը։

Ադրբեջանական Azel.Tv լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին Վրաստանում ձերբակալել են օգոստոսի 4-ին։ Լրագրողը Թբիլիսի տեղափոխվել էր 2023 թվականին՝ առողջական պատճառներով։ Հետո փորձել է Ստամբուլ գնալ։ Չեն թողել։ Ասել են, որ Ադրբեջանը արտահանձնման պահանջ է ներկայացրել, Վրաստանից նա կարող է միայն Ադրբեջան գնալ։ Փաստաբանները բողոքարկել են լրագրողի ձերբակալությունը, առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանն այդ միջնորդությունը մերժել է։ Սադիգովը դիմել է Վրաստանի միգրացիայի հարցերով դեպարտամենտ՝ քաղապաստան հայցելու խնդրանքով։ Սեպտեմբերի 16-ին միգրացիոնը պաշտոնապես մերժել է հայցը։ Վրացական իրավապաշտպաններն ու փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան՝ ընդդեմ միգրացիոն ծառայության։ 

Աֆղան Սադիգովը սեպտեմբերի 20-ից բանտում հացադուլ է իրականացնում՝ ի նշան իր ազատազրկման և քաղապաստանի հայցի մերժման դեմ բողոքի։ Լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան, հոկտեմբերի 15-ին ամուսնուն այցելելուց հետո հայտնել է, որ հացադուլի 25-րդ օրը նա արդեն նիհարել էր ավելի քան 20կգ։ Անցյալ շաբաթ լրագրողի ճնշումը ծայրահեղ իջել է։ Վիճակը կայունացնել հաջողվել է միայն դեղերի միջոցով։

Կնոջ հետ վերջին հանդիպման ժամանակ նրան բերել են սայլակով։ Նախկինում թույլ էին տալիս տեսակցել երկար ու առանց բանտապահների։ Այս անգամ տեսակցությունը տևել է ընդհամենը մեկ ժամ, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ներկայությամբ։ 

Ամուսնուն տեսակցելուց առաջ Սադիգովան զրուցել է բանտային բժշկի և հոգեբանի հետ. «Բժիշկն ինձ ասաց, որ Աֆղանի վերջին անալիզների պատասխաններն անհանգստացնող են։ Երիկամների լուրջ խնդիրներ ունի, արյան մեջ շաքարի մակարդակը վտանգավոր ցածր է։ Դրա պատճառով ամեն վայրկյան կարող է կոմայի մեջ ընկնել։ Արյան ճնշումը ևս ցածր է, արագ քաշ է կորցնում»։ 

Բժիշկը Սևինջին խնդրել է համոզել ամուսնուն ընդունել գոնե նվազագույն սննդարար նյութերով սիստեմաներ։ Սադիգովը, սակայն, չի համաձայնել։ Հոգեբանը Սևինջի հարցերին չի պատասխանել դուստրերի ներկայությամբ, ասել է, որ վիճակը վատ է։ 

«Աֆղանն ասաց, որ շարունակելու է հացադուլը հանուն արդարության վերականգնման, նույնիսկ եթե ստիպված լինի կյանքով վճարել», – ասում է լրագրողի կինը։

Սադիգովը պատմել է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փորձում են սադրել իրեն։ Լոգասենյակում, որը միակ չտեսանկարահանվող տարածքն է, բանտապահներից մեկը Աֆղանին սենդվիչ է առաջարկել։ Մերժել է։ Հետո աշխատակիցն այդ սենդվիչը աղբամանն է նետել։ Այսինքն, սենյակում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, որ աշխատակիցը մտնում է լոգասենյակ սենդվիչը ձեռքին, դուրս է գալիս դատարկ ձեռքերով։ «Աֆղանը չի հասկանում, թե ինչ են ուզում ցույց տալ հսկիչները այդպիսի գործողություններով։ Մտավախություններ ունի, որ քրեակատարողականի աշխատակիցները փորձում են սադրել իրեն», – ասում է Սևինջ Սադիգովան։