Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 30 քաղբանտարկյալների ներում շնորհելու հրաման է ստորագրել։ Սրան զուգահեռ երկրում քաղաքական դրդապատճառներով դատավարությունները շարունակվում են, իսկ պաշտոնական Կիևը չի հավատում Լուկաշենկոյի հայտարարությանը, համաձայն որի բելառուսական զորքերի մեկ երրորդը տեղակայված է Ուկրաինայի հետ սահմանին։
Ընտրողական համաներում
Քաղբանտարկյալներց 30-ին ազատ արձակելու որոշումը Լուկաշենկոն ստորագրել է օգոստոսի 16-ին։ Ներում ստացածներից 14-ը կանայք են, 16-ը՝ տղամարդիկ։ «Վյասնա» բելառուսական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, ազատվածներից ոմանք ծանր առողջական խնդիրներ ունեն։ Այս պահին հայտնի են ներում ստացածներից միայն 13-ի անունները։ Այդ թվում են լրագրող Քսենիա Լուցկինան, քաղաքական գործիչ Վասիլի Բերեսնևը, ուսուցչուհի Ալլա Զուևան։
Զուևայի նկատմամբ քրեական հետապնդում էին սկսել տելեգրամի մեկնաբանության համար, որում կինը «վիրավորում էր նախագահ Լուկաշենկոյին»։ Նրա մոտ լեյկոզ՝ արյան քաղցկեղ են ախտորոշել։
Քսենիա Լուցկինային ձերբակալել են լրագրողական գործունեության համար։ Մեղսագրում են դավադրություն՝ իշխանությունը բռնազավթելու նպատակով։ Վճռի կայացումից կարճ ժամանակ անց նրա մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել։
Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության աշխատակիցների անկախ արհմիության ղեկավար Վասիլի Բերեսնևը Բելառուսի ամենատարեց քաղբանտարկյալն է։ 74-ամյա գործչին 9 տարվա ազատազրկման են դատապարտել միաժամանակ մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ թշնամանքի հրահրում։ Բերեսնևի երիկամներից մեկը հեռացված է, իսկ մյուսն այլևս ենթակա չէ դեղորայքային բուժման։
Ներում ստացած 30 քաղբանտարկյալների ցանկում կային անձինք, որոնք արդեն իսկ ազատության մեջ են սկսած հուլիս ամսից։ Լուկաշենկոյի ստորագրած հրամանը պարզապես ֆորմալիզացրել է այդ գործընթացը, հայտնում է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի խորհրդական Ֆրանակ Վյաչորկան։
Վերջին ամիսներին սա Լուկաշենկոյի հրամանով «համաներման» երկրորդ դեպքն էր։ Եվս մեկը տեղի էր ունեցել հուլիսի սկիզբ։ Այն ժամանակ ազատ արձակված 15 քաղբանտարկյալներից ոմանց մոտ ևս ծանր առողջական խնդիրներ էին առաջացել։
Բելառուսի նախագահը օգոստոսի 16-ի ներումների որոշումը չի մեկնաբանել։ Նրա մամուլի ծառայության հետ փոխկապակցված տելեգրամ ալիքը գրել է, որ բոլոր ազատ արձակվածները «ընդունել են իրենց մեղքը, անկեղծորեն զղջում են իրենց արածների համար և պարտավերվել են վարել իրավաչափ կենսակերպ»։
Քաղաքական մեկնաբանների կարծիքով, Լուկաշենկոյի այս հրամանները կամ միջոց են Արևմուտքի հետ երկխոսություններում իր դիրքերը մեղմացնելու, կամ 2025 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ «բարի համբավ» են ստեղծում հասարակության աչքերում։
Քաղաքական դրդապատճառներով նոր դատավարություններ
Որոշ քաղբանտարկյալների ազատ արձակմանը զուգահեռ Բելառուսում քաղաքական մոտիվներով նոր մեղադրական վճիռներ են կայացվում։ «Վյասնա» կազմակերպության իրավապաշտպաններն ամեն շաբաթ նոր հայտարարություն են հրապարակում՝ որոշ քաղաքացիների որպես քաղբանտարկյալ ճանաչելու մասին։ Այս պահին Բելառուսում նման կարգավիճակ ունի շուրջ 1350 մարդ։
Նոր դատավարություններ լինում են գրեթե ամեն շաբաթ։ Օրինակ, Վիտեբսկի 50-ամյա բնակիչ Երվանդ Մարտիրոյանին 2 տարվա ազատազրկման են դատապարտել խմած վիճակում ոստիկանի ներկայությամբ Լուկաշենկոյի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար։ Բրեստում չորս քաղաքացիների կալանավորել են 1-1.5 տարով՝ 2020-ի բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Անարխիստ ակտիվիստ Ալեքսանդր Ֆրանցկևիչի ազատազրկման ժամկետը երկարացրել են ևս 2 տարով. արդեն իսկ 18 տարով կալանավորված դատապարտյալը «չի ենթարկվել գաղութի ադմինիստրացիայի հրամանին»։ Բելառուսի ԿԳԲ-ն Ֆրանցկևիչին գրանցել է «ահաբեկիչների ցանկում»։ Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ են համարում։
Ի՞նչ է կատարվում Ուկրաինայի հետ սահմանին
Ուկրաինական զինված ուժերի Կուրսկ ներխուժումից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն մեծ հարցազրույց է տվել «Ռոսիա» հեռուստաալիքին։ Նախագահը պատմել է, որ Բելառուսը մեծացրել է ռազմական ուժերի քանակը Ուկրաինայի հետ սահմանին։ Նրա խոսքով, այս պահին Բելառուսի զինված ուժերի շուրջ մեկ երրորդը կենտրոնացված է երկրի հարավային սահմանին։
Լուկաշենկոն պնդում է, որ Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին 120 հազարանոց զորք է մոբիլիզացրել։ Հավաստիացնում է, որ արևմտյան սահմանից հարձակման դեպքում Բելառուսը կարող է պատշաճ դիմադրություն ցույց տալ։
Լուկաշենկոյի հայտարարությունները մեկնաբանել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն։ Նրա խոսքով, բելառուսական կողմում ուժերի փոփոխություն չի արձանագրվել. «Բելառուսի Հանրապետության հետ սահմանին իրավիճակն անփոփոպ է։ Ինչպես տեսնում են Լուկաշենկոյի հռետորաբանությունը նույնպես չի փոխվում, անընդհատ իրավիճակը սրում է ի շահ ահաբեկիչ երկրի»։
Օգոստոսի 10-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի տարածքում մի քանի ուկրաինական դրոն են որսացել։ Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունն այդ հարցով դիմել է ՄԱԿ և ԵԱՀԿ։