Կիևն ու Մոսկվան միմյանց են մեղադրում երեկ երեկոյան Ուկրաինայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի մեջ։ Ռադիացիոն վտանգ դեռևս չկա։ Պայթյունը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածք ուկրաինական զորքերի անսպասելի ներխուժման վեցերորդ օրը։ Համաձայն ուկրաինական աղբյուրների՝ Ուկրաինայի բանակը շարունակում է հարձակումը սահմանամերձ ռուսական Կուրսկի շրջանում, որի Կուրչատով քաղաքում է գտնվում Կուրսկի ատոմակայանը։ Քաղաքապետ Իգոր Կորպունկովը հայտնել է, որ մարտերը ատոմակայանից մի քանի կիլոմետրի վրա են, բայց պետք չէ խուճապի մատնվել։
Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ Կուրսկի մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հաստատել է՝ սահմանամերձ բնակավայրերից 28-ն արդեն անցել են ուկրաինացիների վերահսկողության տակ։
Օգոստոսի 6-ին ուկրաինական ստորաբաժանումները ճեղքել են սահմանը և մտել Ռուսաստանի տարածք։ Ռուսական պաշտոնական աղբյուրների համաձայն, «ներխուժման խորությունը 12 կիլոմետր է կազմում, լայնությունը՝ 40 կիլոմետր»։ Ուկրաինայի ԶՈՒ կողմից վերահսկվող բնակավայրերում մնացած մոտ 2 հազար մարդու ճակատագրի վերաբերյալ տեղական իշխանությունները ինֆորմացիա չունեն։ Ուկրաինական գրոհի հետևանքով, ըստ Սմիրնովի, 12 մարդ զոհվել է, 121-ը վիրավորվել։ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններից հեռացել է մոտ 121 հազար մարդ, ընդհանուր առմամբ, ըստ մարզպետի, տարհանման է ենթակա 180 հազար մարդ․ ռազմաճակատի գիծը «հիմա էլ հստակ չէ», ուկրաինական զորհքերի գտնվելու վայրերը դժվար է տեղորոշել։
Ի պատասպան ուկրաինական գրոհի ռուսական բանակը ակտիվացրել է Ուկրաինայի սահմանամերձ Սումսկի մարզի հրետակոծությունը։ Տարհանում է սկսվել նաև Սումսկում։
Ուկրաինայի բանակի զինծառայողները՝ Ռուսաստանին սահմանամերձ Սումսկի մարզում / Viacheslav Ratynskyi / Reuters / Scanpix / LETA
Վլադիմիր Պուտինը ենթադրել է՝ Ռուսաստանի տարածք մտնելով ուկրաինացի զինվորականները փորձում են կասեցնել ռուսական զորքերի գրոհը իրենց տարածքում և «բարելավել սեփական դիրքերն ապագա բանակցություններում»։ Որևէ բանակցությունների մասին, ըստ նրա, խոսք լինել չի կարող։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկնաբանություններ չկան։
ի վիճակի է պատասխան տալու
Ներխուժումը Կուրսկի մարզ հանկարծակիի է բերել Մոսկվային։ 2022-ի գարնանից ի վեր այստեղ պատերազմական գործողություններ չեն եղել, Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում մինչ այս տեղի ունեցածն ավելի շուտ բնորոշվել է հեռակա հրետակոծություններով կամ դիվերսիոն ներթափանցումներով, որոնց մասշտաբները համեմատելի չէին մոտ մեկ շաբաթ առաջ մեկնարկած ներխուժման հետ։
Վերջին մեկ տարվա ընթացքում ուկրաինական զորքերը մաշվում էին արևելյան շրջանների խրամատային պատերզմում, ռուսական բանակը դանդաղ առաջխաղացում էր ապահովում Ուկրաինայի միաժամանակ մի քանի շրջաններում՝ պարբերաբար հրետակոծելով նաև թիկունքը՝ ուկրաինական քաղաքները և ենթակառուցվածքները։
Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը գաղտնի էր պահում նախատեսվող օպերացիայի դետալները։ Հիմա էլ պաշտոնական ինֆորմացիա գրեթե չի հրապարակվում, զորքն էլ շատ տեսանյութեր չի տարածում։
AFP-ն, հղվելով իր աղբյուրներին, գրում է, որ ներխուժմանն ուկրաինական բանակի «հազարավոր» զինծառայողներ են մասնակցում․ «Նպատակը՝ սփռել հակառակորդի դիրքերը, հնարավորինս մեծ կորուստներ պատաճառել և ապակայունացնել ներքին իրավիճակը»։
The Washington Post-ի տվյալներով, օպերացիային, «ըստ ամենայնի», մասնակցում են ուկրաինական բանակի մի քանի գրոհային և մեքենայացված ստորաբաժանումներ, իսկ դա նշանակում է, որ Կիևը «հազարավոր զինվորների» է քաշել Ուկրաինայի արևելյան ռազմաճակատից, որտեղ ռուսները դանդաղ, բայց էական առաջխաղացումներ ունեն։
Արևմտյան դիվանագետներից մեկը նույն պարբերականի հետ զրույցում նշել է՝ Ուկրաինան այսկերպ ցույց է տվել, որ ի վիճակի է պատասխան տալու․ օպերացիայի համար «իդեալական պահ է ընտրվել՝ ԱՄՆ-ում ընտրություններից անմիջապես առաջ», որպեսզի այս հակամարտությունը վերադառնա օրակարգ։
Ուկրաինական ներխուժումը սկսվել է ԱԹՍ-ների հարվածներից և սահմանամերձ շրջկենտրոնի՝ Սուջայի հրետակոծություններից։ Նման բաներ առաջ էլ են եղել՝ Բելգորոդի կամ Բրյանսկի շրջաններում, օրինակ, որտեղ առանձին դիվերսիոն ստորաբաժանումների կարճ ժամանակով հաջողվել է ճեղքել սահմանը և շարժվել դեպի խորք։ Բայց եթե առաջ այդ գործողություններն արվում էին Ուկրաինայի բանակի փաստացի ենթակայությամբ գործող, բայց ռուսաստանցիներից բաղկացած պրոքսի խմբավորումների (РДК՝ Ռուսական կամավորական կորպուս, Легион Свободы՝ Ազատության Լեգիոն) միջոցով, հիմա ներխուժմանը մասնակցում է Ուկրաինայի կանոնավոր բանակը՝ տանկեր, զրահամեքենաներ, հետևակ և այլն։
Սքրինշոթ ՌԴ ՊՆ-ի օգոստոսի 10-ի տեսանյութից․ ռուսական ռազմատեխնիկայի փոխադրումը Կուրսկի մարզ / ՌԴ ՊՆ/ EPA / Scanpix / LETA
Արդեն գրոհից հետո է պարզվել՝ ռուսական զորքերը կենտրոնացած են Ուկրաինայի գրավյալ մարզերում և շրջաններում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։ Կուրսկի սահմանը հսկում էին սահմանապահ զորքերն ու ժամկետայինները։ Ներխուժումը կասեցնել չի ստացվել։ Արդեն երկրորդ օրը համացանցում տեսանյութեր էին հայտվում, որոնցում երևում էին գերեվարված ռուսաստանցի զինծառայողները։
գրավել են գազային հաբը
Ռուսական ռազմական թղթակիցներն ու պրոպագանդիստական ալիքները գրում են, որ Կուրսկի մարզում ընթացող մարտերի ֆոնին իրավիճակը անկայուն է նաև հարևան սահմանամերձ շրջաններում։ Բելգորոդի մարզի սահմանային գոտուց արդեն սկսկել են տարհանել Կրասնոյարուժսկի շրջանի բնակիչներին՝ ավելի քան 11 հազար մարդ։
«Ռիբար» պրոպագանդիստական տելեգրամ ալիքի տվյալներով, ռուսական բանակը ռեզերվներ է բերել Կուրսկի մարզ, բայց իրավիճակը կայունացնել դեռ չի ստացվել։ Ուկրաինական բանակը, ըստ նրա, փորձում է առաջ շարժվել դեպի մարզի խորք՝ Կրոմսկիյե Բիկի գյուղ տանող մայրուղով։ Համացանցում հայտնված տեսանյութերից երևում է՝ ուկրաինացիք հասել են Սուջայի շրջանային ճանապարհին, քաղաքը ըստ էության ուկրաինացիների վերահսկողության ներքո է։
Տարհանում Կուրսկի մարզից / Profmedia / TACC
Տարհանում է արվել ոչ միայն Սուջայի շրջանում, այլև հարևան Բելովսկի շրջանում։ Ուկրաինական որոշ ստորաբաժանումներ արդեն այնտեղ են։
«Ռադիո Սվոբոդան» արբանյակային կադրեր է հրապարակել, որոնցից երևում է՝ Սուջայի վառելիքային կայանը, որով ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա էր գնում, առնվազն մասամբ վնասված է։ «Ռիբար»-ը դեռ օգոստոսի 7-ին էր գրել՝ կայանն անցել է ուկրաինական բանակի վերահսկողության ներքո։