Պատերազմի, բնապահպանական աղետների և հումանիտար ճգնաժամի ֆոնին Ուկրաինայում շարունակում են բռնագանձել ռուսական բիզնեսի և ռուսամետ օլիգարխների սեփականությունը։ Տնտեսության զտումը, ինչպես միշտ, հղի է հարստության կասկածելի վերաբաշխման վտանգներով։ Ապաօլիգարխացումը կարող է վերածվել վերաօլիգարխացման՝ հսկայական ակտիվները, որ անցել են պետական մենեջերների վերահսկողության ներքո, խոշոր խաղացողների նոր դաս են ձևավորում։ Նրանք, հավանաբար, դուրս կգա ստվերից պատերազմի ավարտից հետո։
Լրագրող Կոնստանտին Սկորկինը «Մեդուզային» պատմել է ակտիվների ազգայնացման ամենահնչեղ քեյսերի մասին։ Վերաշարադրում ենք նրա տեքստը չնչին կրճատումներով․
Ռուսական բիզնեսի ներկայացուցիչների և ռուսամետ օլիգարխների ունեցվածքը Ուկրաինայում սկսել են կալանքի տակ առնել 2022-ի փետրվարից՝ ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Մինչ այդ (չնայած Ղրիմի բռնակցմանը 2014-ին և Դոնբասում անմիջապես սկսված պատերազմին) երկրի հարստության զգալի մասը պատկանում էր ռուսաստանցի բիզնեսմեններին և նրանց ուկրաինացի գործընկերներին։ Մի կողմից Ուկրաինայի պաշտոնյաների, ուժայինների և դատավորների այսօրվա քաղաքականությունը հասկանալի է, մյուս կողմից՝ մտահոգություններ կան (նաև Արևմուտքում), որ իրական նպատակը գործող իշխանության հետ փոխկապակցված բիզնեսմենների և մենեջերների հարստացումն է։
VS Energy խմբին, որը կապում են Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ Ալեքսանդր Բաբակովի, մոսկովյան ԲԿՄԱ (ЦСКА) ֆուտբոլային ակումբի սեփականատեր Եվգենի Գիների և «հեղինակավոր ձեռներեց» Միխայիլ Վոևոդինի հետ, պատկանում էր Ուկրաինայի մարզային (Ժիտոմիր, Խերսոն, Կիրովոգրադ, Չերնովից և Ռովնո) էներգետիկ ընկերությունների վերահսկող փաթեթը։ VS Energy-ն էին պատկանում նաև մի շարք հանրահայտ կիևյան հյուրանոցներ, այդ թվում՝ Premier Palace-ը, որի մոտ սպանել էին ռուսաստանցի ուխտադրուժ պատգամավոր Դենիս Վորոնենկովին։ «Նովայա գազետան» հիշատակված բիզնեսմեններին ժամանակին անվանում էր «լուժնիկովյան» խմբավորման առաջնորդներ։ Խմբավորումը՝ 90-ականներին ձևավորվելով մոսկովյան հայտնի շուկայի շուրջ, 00-ականների սկզբից թափանցել է ուկրաինական բիզնես և քաղաքականություն։
Ալեքսանդր Բաբակով, լուսանկարը պաշտոնական աղբյուրներից
2022-ի նոյեմբերին Կիևում դատարանը կալանքի տակ է առել VS Energy-ի բոլոր ակտիվները՝ հիմնավորմամբ, որ ընկերության իրական բենեֆիցիարները գտնվում են Ազգային անվտանգության և ինքնապաշտպանության խորհրդի (СНБО) պատժամիջոցների տակ և կասկածվում են հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ VS Energy-ի ներկայացուցիչները բողոքարկել են որոշումը, դատական պրոցեսը շարունակվում է, զուգահեռաբար ընկերությունը փորձում է գործի դնել ոչ պաշտոնական լծակները։ «Ուկրաինսկայա պրավդան» գրել էր ոչ հրապարակային բիզնեսմեն Լոենիդ Աշկենազիի մասին (պետերբուրգյան Դինամո ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, 1+1 հեռուստաընկերության համասեփականատեր), որը Կիևում փորձում էր լուծել «լուժնիկովյանների» խնդիրները՝ օգտվելով Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հատուկ անցաթղթից։
Տպավորիչ ակտիվներ են բռնագանձվել նաև ռուսամետ քաղաքական գործիչ, օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկից։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ) նրան մեղադրում էր պետական դավաճանության մեջ, ավելի ուշ նրան փոխանակեցին Ազով գումարտակի գերեվարված հրամանատարների հետ։ Մեդվեդչուկի ակտիվների մեծ մասը գրանցված էր նրա կնոջ՝ հաղորդավար Օքսանա Մարչենկոյի անունով (ռուսական ներխուժման նախաշեմին՝ 2022-ի փետրվարի 18-ին, Մարչենկոն լքել է Ուկրաինան, այժմ հետախուզման մեջ է)։ 2023 թվականին կալանքի տակ են առնվել Մարչենկոյին պատկանող անշարժ գույքի 62 օբյեկտներ՝ ընդհանուր 5․6 միլիարդ գրիվնա (ավելի քան 140 միլիոն եվրո) արժեքով։ Մեդվեդչուկի ընտանեկան կարողությունները ներառում էին Զապորոժիեի երկաթամիահալվածքային գործարանի արժեթղթերը (13,7%-ի արժեքը մոտ 25 միլիոն եվրո), հողատարածքներ Լվովի մարզում (աժեքը մոտ 430 հազար եվրո), նավահանգստամերձ ենթակառուցվածքային օբյեկտներ Օդեսայի մարզում (18,5 միլիոն եվրո) և այլն։
Ձախից՝ Վիկտոր Մեդվեդչուկ, աջից՝ Օկսանա Մարչենկո, լուսանկարը՝ 112 Украина
Ամբողջ այս ընթացքում Ուկրաինայի իշխանությունները մշակում էին կալանքի տակ առնված ակտիվների օգտագործման մեխանիզմները։ Հայտարարվում էր, որ պատերազմի պայմաններում երկիրը սուր տնտեսական ճգնաժամ է ապրում, և ռուսական օլիգարխատից խլված գումարները կարող են սոցիալական և ռազմական խնդիրներ լուծել։
Դեռևս 2016 թվականին ստեղծված Ակտիվների հետախուզման և կառավարման գործակալությունը (АРМА), որի ենթակայության տակ են գտնվում կալանքի տակ վերցված/բռնագանձված ակտիվները, իրավունք ունի դրանք փոխանցել ժամանակավոր կառավարման կամ վաճառել աճուրդով։
2022-ին ևս մեկ լծակ է ստեղծվել՝ ակտիվները կարող են բռնագանձվել պատժամիջոցների մասին որոշումների հիման վրա, որոնք ընդունվում են Ազգային անվտանգության և ինքնապաշտպանության խորհրդրի (СНБО) և հաստատվում նախագահի կողմից։ Պատժամիջոցների տակ հայտնված անձանց ուկրաինական ակտիվները փնտրում է Արդարադատության նախարարությունը, որը այնուհետև դիմում է Գերագույն հակակոռուպցիոն դատարան՝ բռնագանձման պահանջով։
Այս մեխանիզմի միջոցով Ուկրաինայում բռնագանձվել են ռուսաստանցի օլիգարխներ Օլեգ Դերիպասկայի, Արկադի Ռոտենբերգի, Վլադիմիր Եվտուշենկովի, Միխայիլ Շելկովի, ռուսամետ կոլաբորացիոնիստ, Խերսոնի օկուպացիոն նահանգապետ Վլադիմիր Սալդոյի, Ղրիմից ՌԴ Պետդումայի պատգամավորների, ռուսական «հատուկ ռազմական օպերացիային» սատարած ղրիմյան բուհերի ռեկտորների ակտիվները։ «Տուժածների» շարքում է նաև նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն ավելի վաղ դատապարտվել է պետական դավաճանության համար և թաքնվում է Ռուսաստանում։
Անցանկալի քաղաքական գործիչների և կրեմլամերձ բիզնեսմենների ունեցվածքի բռնագանձման մասին լուրերը Ուկրաինայում դրական արձագանքի են արժանանում։ Բայց պետության ձեռքերում հսկայական ակտիվների կուտակումը, այդ ակտիվների օգտագործման արդյունավետությունը և թափանցիկությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս՝ հատկապես վերջին ամիսների կոռուպցիոն սկանդալների ֆոնին։
Վերոհիշատակված АРМА-ն բազմաթիվ անգամներ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, նույնիսկ նախապատերազմական ժամանակներում էր լայն լիազորություններով օժտված այս կառույցը մեղադրվում «իրեղեն ապացույցների» յուրացման մեջ։
Այս գործընթացների հակասականության լավ օրինակ է ռուսական Ալֆա-Բանկի ուկրաինական դստեր շուրջ ստեղծված իրավիճակը։
Լայնամասշտաբ պատերազմից առաջ ուկրաինական Ալֆան երկրի թոփ-10 բանկերից մեկն էր։ Հետաքրքիր մանրուք՝ Ալֆայի հաճախորդներից էր նաև Ուկրաինայի գործող նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը (Վոլոդիմիր Զելենսկու մտերիմ թիմակիցներից է)․ 2019 թվականի հայտարարագրի համաձայն, նա բանկում մոտ 4,38 միլիոն գրիվնայի (~100 հազար եվրո) վարկ ուներ, որը բնակարանի գրավադրմամբ վերցրել էր 2006-ին։
Ռուսական ներխուժմանը հաջորդեցին նաև Ալֆա-Բանկի «սև օրերը»՝ ռուսական Սբերբանկի և ВЭБ-ի ուկրաինական մասնաճյուղերը զրկվեցին լիցենզիայից։ Ալֆան ռուսական արմատներ ունեցող վերջին բանկն էր, որ շարունակում էր գործել։ Անկայունության պատճառով հաճախորդները հանում էին գումարները, հրաժարվում բանկի ծառայություններից, ուկրաինացի ուժայինները կալանքի տակ էին առնում բանկի բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանի հետ (նրան կասկածում են Ուկրաինայից փողեր դուրս բերելու մեջ) փոխկապակցված կիպրոսյան ընկերությունների արժեթղթերը, որոնք պահվում էին Ալֆայի հաշիվներում․․․
Ձախից՝ Միխայիլ Ֆրիդման, աջից՝ Պյոտր Ավեն, լուսանկարը՝ РИА Новости
Ուկրաինայի ազգային բանկը Ալֆայի բաժնետերերին՝ Միխայիկ Ֆրիդմանին, Պյոտր Ավենին, Գերման Խանին, Ալեքսեյ Կուզմիչևին (ներառված են արևմտյան պատժամիջոցային ցանկերում) և Անդրեյ Կոսոգովային, ճանաչել էր «գործարար համբավի անբասիրությունը կորցրած», ինչի հետևանքով որպես ժամանակավոր կառավարիչ բանկ էր գործուղվել բուլղարացի տնտեսագետ Սիմեոն Դյանկովը։ Բանկի, որպես ագրեսոր-երկրի հետ փոխկապակցված ակտիվի, գլխին մշտապես կախված էր ազգայնացման վտանգը։
Բայց, չնայած դժվարություններին, Ալֆա-բանկը շարունակեց աշխատել, ռուսականի հետ չասոցացվելու համար ռեբրենդինգ արեց, դարձավ Sense bank, 2023-ի տարեսկզբին սկսեց նույնիսկ եկամուտ ապահովել։
Ուկրաինայի իշխանությունները երկար ժամանակ տատանվում էին։ Այս անորոշության մեջ մեծ դեր էր խաղում Միխայիլ Ֆրիդմանի անձը (Ֆրիդմանը ծնվել է Լվովում, նրա ծնողները մինչ օրս այնտեղ են ապրում), որը հայտնի է իր պրոուկրաինական սենտիմենտներով։ Ֆրիդմանը մեծ ներդրում է արել Ուկրաինայի տնտեսությունում՝ Ալֆա-Բանկից բացի նրան (փոխկապակցված կառույցների միջնորդությամբ) պատկանում են նաև Կիևսթար բջջային օպերատորի բաժնետոմսերը, հանքային ջրերի Միրգորոդսկայա և Մորշինսկայա գործարանները, որպես բարեգործ նա ֆինանսավորել է նաև Լվովի ջազ-ֆեսթը և Բաբիյ Յարում հուշարձանի շինարարությունը։
Ֆրիդմանը այն փոքրաթիվ ռուսաստանցի գործարարներից էր, ով պատերազմի առաջին իսկ օրերին բացեիբաց (չնայած՝ բավականին դիվանագետորեն) հանդես եկավ ընդդեմ ռազմական ագրեսիայի։ Ֆրիդմանի ներկայացուցիչները բանակցություններ էին վարում ուկրաինական կառավարության հետ, բաժնետերը առաջարկում էր մեկ միլիարդ դոլարով ապակապիտալիզացնել բանկը (եթե նրա արևմտյան միջոցների գոնե մի մասի նկատմամբ կիրառված արգելանքները հանվեն), ուկրաինացի չինովնիկներն ի պատասխան խոստանում էին չազգայնացնել այն։ The Wall Street Journal-ը գրում էր, որ Ֆրիդմանը պահանջում է նաև վերացնել իր նկատմամբ Բրիտանիայում կիրառված պատժամիջոցները։
Բայց պայմանավորվել չհաջողվեց։ Ալֆա-Բանկի բաժնետերերի դիրքերը լրջապես խարխլվեցին «Ռադիո Սվոբոդայի» հետաքննությունից հետո, որում նշվում էր, որ ռուսական Ալֆա-Գրուպի մեջ մտնող ԱլֆաՍտրախովանիեն հարյուր միլիարդավոր ռուբլիներ է աշխատում՝ ապահովագրական ծառայություններ մատուցելով ռուսական ուժային/բանակային գերատեսչություններին՝ Ռոսգվարդիային, ՆԳՆ-ին, պահպանության դաշնային ծառայությանը, իսկ X5 Retail Group ընկերությունը, որի համասեփականատերերից է նաև Ֆրիդմանը, շարունակում է համագործակցել ՌԴ ՊՆ-ի Վոյենտորգ ձեռնարկության հետ։
Ֆրիդմանը հետ կանգնեց փողեր ներդնելու իր առաջարկից (խոստանալով, որ անհրաժեշտության դեպքում կհրաժարվի բանկից ի օգուտ Ուկրաինայի), իսկ ուկրաինական վերնախավում Ազգային բանկի նախաձեռնությամբ ամրապնդվեց բանկը բռնագանձելու/ազգայնացնելու ցանկությունը։
Այս նպատակով հատուկ օրենք մշակվեց, որը թույլ էր տալիս պետությանը շուկայից հանել նույնիսկ ստաբիլ աշխատող բանկերը, եթե դրանց իրական բենեֆիցիարները գտնվում են պատժամիջոցների տակ (արևմտյան կամ ուկրաինական)։ Եթե նախագահ Զելենսկին ստորագրի այս օրենքը, Ուկրաինայի ազգային բանկը կարող է սկսել Ալֆա-Բանկի ազգայնացման գործընթացը արդեն այս տարվա հունիսին։
Օրենքը Գերագույն Ռադայի կողմից, ի դեպ, ընդունվել է միայն երկրորդ փորձից և լուրջ քննադատության արժանացել ընդդիմության կողմից։ Խնդիրը, իհարկե, միայն Ֆրիդմանը չէ, այլ այն, որ կառավարությունը փաստացի մի այնպիսի գործիք է ստացել, որը թույլ է տալիս խլել գրեթե ցանկացած բանկային բիզնես։
Sense bank-ը (նախկին Ալֆան) ազգայնացման դեպքում կդառնա Ուկրաինայի արդեն 5-րդ պետական բանկը։ Այս միտումը մտահոգություններ է առաջացնում նաև Ուկրաինայի դաշնակիցների շրջանում՝ Արևմուտքում։
Atlantic Council-ի վերլուծաբան Դեյվիդ Քլարկը նկատում է․ «Ռազմական մոբիլիզացիայի պահանջները պետական հատված են ստեղծել, որը հիմա շատ ավելի մեծ է, քան ցանկացած ԵՄ անդամ պետությունում։ Միայն բանկային ոլորտում պետության մասը հասել է համարյա 60 տոկոսի՝ ճնշելով մրցակցությունն այն աստիճանի, որ ֆինանսների նախարարությունը ստիպված էր ընդունել, որ այս պահին ֆինանսական ծառայությունների շուկան ֆունկցիոնալ չէ»։
Տնտեսական ռազմավարության կիևյան կենտրոնի նախագահ Գլեբ Վիշլինսկին մեկնաբանում է․ «Փորձը ցույց է տալիս, որ երբ մասնավոր բանկը դառնում է պետական, այն կրկին մասնավորեցնելը հեշտ չի լինում։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ ձևավորվում է ստատուս-քվոյով շահագրգռված կողմերի լայն շրջանակ։ Խոսքը մենեջմենթի, խորհրդի և քաղաքական գործիչների մասին է, որոնք փոխկապակցված անձանց տրվող վարկերի կամ մենեջմենթի հետ անձնական կապերի միջոցով որոշակի շահեր ունեն այդ բանկում»։
Արդեն հիմա Sense bank-ը պոտենցիալ գնորդներ ունի՝ լեհ մեդիամագնատ, Plus Bank SA բաժնետեր Զիգմունդ Սոլոժի ընկերությունները դիմել էին Ուկրաինայի ազգային բանկին, որը թերահավատորեն է վերաբերվում առքուվաճառքի հնարավոր գործարքի հեռանկարներին։ Քիչ հավանական է նաև այն, որ բանկը կվերադարձնեն Ալֆայի բաժնետերերին, նույնիսկ եթե վերջիններիս վրայից հանվեն տեղական կամ արևմտյան պատժամիջոցները։ Դեռևս 2020-ի մայիսին, Պորոշենկոյի օրոք, ազգայնացված Պրիվատբանկի վերաբերյալ օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու պահանջները կանխելու համար Ուկրաինայի Գերագույն Ռադան հատուկ օրենք է ընդունել, որն արգելում է ազգայնացված բանկերի վերադարձը նախկին սեփականատերերին։ Վերջիններս, լավագույն դեպքում, կարող են ֆինանսական փոխհատուցում ստանալ պետությունից։ Բանկերի ազգայնացման մասին նոր օրենքի համաձայն, Ալֆայի բաժնետերերին նման փոխհատուցում կարող է տրվել բացառապես ռուսական ռազմատուգանքների (ռեպարացիաների) հաշվին։
Բիզնեսի և քաղաքականության միահյուսվածությունը, որը բնորոշ է հետխորհրդային պետություններին, բարդացնում է ստեղծված իրավիճակը։
Պետությունը պատժամիջոցները հիմնավորում է անվտանգային նկատառումներով, «զոհերը» անմիջապես հայտարարում են քաղաքական հետապնդումների և սեփականության վերաբաշխման մասին։
Այսպիսի իրավիճակ է ստեղծվել նաև ՍՄԱՐԹ-հոլդինգի շուրջ, որը վերահսկվում էր օլիգարխ Վադիմ Նովինսկու կողմից։
ՍՄԱՐԹ-ը Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական-ներդրումային ընկերություններից է, որին պատկանում են օլիգարխ Ռինատ Ախմետովի կողմից վերահսկվող Մետինվեստի բաժնետոմսերի 25 տոկոսը, նավաշինարարական ընկերություններ Խերսոնում և Նիկոլաևում, ագրոարդյունաբերական մի շարք ընկերություններ, շինընկերություններ Կիևում և շատ այլ բաներ։
2013-ին Նովինսկին առաջին անգամ պատգամավոր էր ընտրվել, ֆորմալ տեսանկյունից նա ՍՄԱՐԹ հոլդինգի կառավարմանը չի մասնակցում։ Պատերազմի մեկնարկից հետո օլիգարխը հայտնվել է կիևյան իշխանությունների թիրախում, քանի որ, ի թիվս այլի, Մոսկվայի պատրիարքության մեջ մտնող Ուկրաինյան ուղղափառ եկեղեցու (УПЦ) առանցքային հովանավորներից մեկն է (նույնիսկ սարկավագի եկեղեցական աստիճան ունի)։
Վադիմ Նովինսկին՝ աջից, լուսանկարը՝ УНИАН
Ռուսական ներխուժումից և ուկրաինական եկեղեցու հոգևոր պետերի՝ օկուպանտների հետ համագործակցության դեպքերից հետո Զելենսկու թիմը աներկմիտ կերպով կանգնել է Ուկրաինյան ուղղափառ եկեղեցու (УПЦ) հակառակորդների՝ Ուկրաինայի կալվածային ինքնագլուխ ուղղափառ եկեղեցու (ПЦУ) կողքը։
Ինչո՞վ է Ուկրաինյան ուղղափառ եկեղեցին (ПЦУ) տարբերվում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուց (УПЦ)։ Վերջինս ինքնագլուխ՝ ավտոկեֆալ կարգավիճակ ունի, կախված չէ մյուս կալվածային եկեղեցիներից, մասնավորապես՝ Ուկրաինյան ուղղափառ եկեղեցուց։ Այս կարգավիճակը ПЦУ-ն ստացել է 2019-ի հունվարին՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից։
ПЦУ-ի ստեղծումը լուրջ կոնֆլիկտ է հարուցել Կոստանդնուպոլսի և Մոսկվայի պատրիարքությունների միջև։ Մոսկվայի պատրիարքությունը (հետևաբար՝ նաև УПЦ-ն) խզել են հաղորդությունը (հավատացյալներին այլևս չի թույլատրվում մասնակցել մյուս եկեղեցու պատարագներին) Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ, որի գործողությունների «իրավաչափությունը» այլևս չեն ճանաչում։
Նովինսկին խստորեն քննադատում էր իշխանություններին՝ եկեղեցական գործերին միջամտելու համար։ Սա քաղաքական լուրջ հակամարտություն էր Ուկրաինայի երկու եկեղեցիների միջև, որոնցից յուրաքանչյուրը քաղաքական հովանավորներ, որոշակի կողմնորոշում և ներքին խնդիրներ ունի։ 2023-ի հունվարին Մոսկովյան պատրիարքության մի շարք հոգևոր պետերի հետ միասին օլիգարխ Նովինսկին հայտնվել էր Ազգային անվտանգության և ինքնապաշտպանության ծառայության այսպես կոչված «եկեղեցական» պատժամիջոցների ցանկում։ Մինչ այդ նա վայր էր դրել նաև պատգամավորական մանդատը։
Նովինսկու հետ փոխկապակցված բիզնեսները այժմ հայտարարում են ուկրաինական ուժային կառույցների կողմից ճնշումների մասին։
2023-ի ապրիլին, օրինակ, դատարանը կալանքի տակ է առել ՍՄԱՐԹ-հոլդինգին պատկանող 18 միլիոն խորանարդ մետր գազը (արժեքը՝ մոտ 144 միլիոն գրիվնա կամ 3․5 միլիոն եվրո)։ Հատուկ ծառայությունների հրապարակած վարկածի համաձայն, օլիգարխին պատկանող ընկերությունը այդ գազը նախատեսում էր փոխանցել անձանց, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ։ Ինքը՝ Նովինսկին, ըստ ուժայինների, վերագրանցել է իր գազահանող ընկերությունները Ռուսաստանի հետ փոխկապակցված անձանց անունով։ Նովինսկու ընկերությունը, մինչ այդ, հերքել է բոլոր կապերը ագրեսոր-պետության հետ և հայտարարել, որ ուկրաինական իշխանությունների ակնառու ճնշումների պատճառով կարևոր գնորդներ է կորցնում։ Արդեն մայիսին կիևյան դատարանը կալանքի տակ է առել 72 ընկերություններում Նովինսկու կորպորատիվ իրավունքները, այսինքն՝ ըստ էության արգելել է օլիգարխին մասնակցել այդ ընկերությունների կառավարմանը։
Պետական պրեսինգը, ինչպես և Ալֆայի պարագայում, հիմնավորվել է նրանով, որ Նովինսկին սերտ կապեր է ունեցել Ռուսաստանի և ռուսական բիզնեսի հետ։ Մինչև 2012 թվականը նա նաև Ռուսաստանի քաղաքացի է եղել։ Ժամանակին նրա առանցքային գործընկերներից էր պետերբուրգցի բիզնեսմեն, հնածեսական ուղղափառության ճյուղերից մեկի առանցքային հովանավոր Անդրեյ Կլյամկոն։ Համարվում է, որ նա մտերիմ հարաբերություններ ունի Պուտինի շրջապատի և Ռուսաստանի նախկին վարչապետ, Կիևում Ռուսաստանի նախկին դեսպան Վիկտոր Չերնոմիրդինի ընտանիքի հետ։
Մինչ այդ, ՍՄԱՐԹ-ի ներկայացուցիչները Politico պարբերականի հետ հարցազրույցում հայտարարում էին, որ տեղի ունեցողը նաև կոմերցիոն աստառ ունի՝ ակտիվների կալանքի նախաշեմին, ըստ նրանց, իրենց են դիմել ամերիկացի և բրիտանացի որոշ ներդրողներ, որոնք էներգետիկ ոլորտում փորձ չունեն, և առաջարկել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի չմիջամտության դիմաց վաճառել որոշ բիզնեսներ շուկայականից էականորեն ցածր գներով։
Նույնիսկ Գերագույն դատարանի ղեկավար Վսևոլոդ Կնյազևի ձերբակալության հետևում են որոշները սեփականության վերաբաշխման փորձ տեսնում։ Կնյազևը կասկածվում է օլիգարխ Կոնստանտին Ժևագոյից կաշառք վերցնելու մեջ։ Վերջինս, ըստ ուժայինների վարկածի, փորձում էր այնպես անել, որ Պոլտավայի լեռնահարստացուցիչ կոմբինատի (գնել է 2002-ին) շուրջ վեճը լուծվի ի օգուտ իրեն։ Ընդ որում՝ կոմբինատի շուրջ դատական գործընթացը նախաձեռնել էին Ալեքսանդր Բաբակովի հետ փոխկապակցված ընկերությունները։ Քանի որ Բաբակովն ի՛նքը պատժամիջոցների տակ է գտնվում, Ժևագոյի դատական պարտության պարագայում կոմբինատը ավտոմատ կերպով անցնելու էր պետությանը՝ վերոհիշատակված Ակտիվների հետախուզման և կառավարման գործակալությանը (АРМА)։
Գործակալությունն, իր հերթին, այս ձեռնարկությունը կարող էր փոխանցել գործող իշխանությանը մերձավոր բիզնեսմեններին։ Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, այս գործի հետևում կանգնած է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին։ Չնայած Կոլոմոյսկին, որը ժամանակին համարվում էր նախագահ Զելենսկու առանցքային հովանավորը (վերջերս, ըստ որոշ վարկածների, իրավիճակը շրջվել է), նաև իր վրա է զգացել ազգայնացման հետևանքները․ նախագահ Պորոշենկոյի օրոք նրանից խլել էին Պրիվատբանկը, իսկ 2022-ի պատերազմից հետո նա ստիպված է եղել հրաժեշտ տալ նաև իր նավթային բիզնեսին։
Իգոր Կոլոմոյսկի, լուսանկարը՝ Shutterstock
Անշուշտ, ռուս-ուկրաինական պատերազմը ամբողջապես վերաձևելու է Ուկրաինայի խոշոր բիզնեսը։ Հին մագնատները, որոնք հուսահատորեն դիմադրում էին պատժամիջոցներին և Զելենսկու ապաօլիգարխիզացիայի քաղաքականությանը, ամենայն հավանականությամբ կլքեն բեմը։ Ռուսաստանցի բիզնեսմենները ստիպված են հեռանալ Ուկրաինայից․ Կրեմլի հովանավորությամբ նրանք տասնամյակներ շարունակ յուրացնում էին տեղական շուկաները՝ Անատոլի Չուբայսի «լիբերալ կայսրության» հայեցակարգի ոգուն համապատասխան։
Բայց ովքե՞ր են գալու նրանց փոխարեն։
Ուկրաինայի «կուլակաթափված» օլիգարխները հազիվ թե արժանի են ապրումակցման, նրանց մեծ մասը կուտակել է իր կապիտալը, կաշառելով պաշտոնյաներին, զավթելով պաշտոններ, օգտագործելով ստվերային մասնավորեցման և շուկայի ուժային վերաձևման մեխանիզմներ՝ հետխորհրդային, ինչպես ուկրաինացի փիլիսոփա Անդրեյ Երմոլաևն է սահմանում, «կորպորատոկրատիայի» ոգուն համապատասխան։
Բայց ներկայիս ուկրաինական իշխանությունը ևս, տարվերլով ակտիվների որսով, թուլացնում է ոչ միայն այսպես կոչված սեփականության իրավունքի երաշխիքները և խաթարում ներդրումային գրավչությունը, այլև ստեղծում կոռուպցիայի նոր ռիսկեր։
«Դեօլիգարխիզացիայի» քաղաքականությունը, որը բարեհաջող իրականացնում է Զելենսկու թիմը, կարող է վերածվել «ռեօլիգարխիզացիայի», երբ ստվերից դուրս գա (պատերազմի ֆոնին ձևավորվող) խոշոր պետական մենեջերների և իշխանությանը լոյալ նոր բիզնեսմենների դասը։