Home / Առողջապահություն / «Ձեռակերտ» աղետ. Ուկրաինայում քաղաքներ և գյուղեր են խորտակվում

«Ձեռակերտ» աղետ. Ուկրաինայում քաղաքներ և գյուղեր են խորտակվում

Անցած գիշեր ոչնչացվել է Ուկրաինայի ամենախոշոր էներգետիկ կառույցներից մեկը՝ Կախովկայի հիդրաէլեկտրակայանը, որն արդեն ավելի քան մեկ տարի է վերահսկվում է ռուսական բանակի կողմից։ Ջուրը լցվել է Խերսոնի մարզի քաղաքներ և գյուղեր։ Բնակիչներին տարհանում են։

Ղրիմը կարող է կրկին ջրազրկվել, Զապորոժիեի ատոմակայանը մնացել է առանց սնուցման, Ուկրաինայի հարավում ջրի դեֆիցիտ է։ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին, Ռուսաստանը՝ Ուկրաինային։

Երկու կողմերն էլ ընդունում են՝ հիդրաէլեկտրակայանը վերանորոգման ենթակա չէ։ Ջրհեղեղը, որ տարածվում է անտառներով, հարթավայրերով, արոտավայրերով, ցանքատարածքներով և բնակավայրերով, և հսկայական տարածքների ապագա ջրազրկումը բնապահպանական և լոգիստիկ լուրջ հետևանքներ են ունենալու ամբողջ տարածաշրջանի համար։ Դրանց ծավալները դեռևս դժվար չափելի են։

Կիևի արձագանքը

Գիշերը ժամը 02։50-ին ռուս զինվորականները «իրականացրել են Կախովկայայի ՀԷԿ-ի կառուցվածքների ներքին պայթեցում»՝ Անվտանգության խորհրդի հրապատապ նիստից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ջրհեղեղի գոտում մոտ 80 բնակավայր կա։ Վոլոդիմիր Զելենսկին հրամայել էվակուցանել բնակչությանը և խմելու ջրով ապահովել բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որոնք սնուցվում էին Կախովկայի ջրամբարից։

ՀԷԿ-ի ոչնչացումն ու հաջորդած ջրհեղեղները Զելենսկին բնութագրել է որպես ամենախոշոր «ձեռակերտ» բնապահպանական աղետը Եվրոպայի պատմության վերջին տասնամյակներում։

Կախովկայայի ՀԷԿ-ը արդեն ավելի քան մեկ տարի է ամբողջությամբ վերահսկվում է ռուսական բանակի կողմից՝ հիշեցրել է Ուկրաինայի ղեկավարը։ Հիդրաէլեկտրակայանը, ըստ նրա, ականապատվել է ռուս զինվորականների կողմից և պայթեցվել։

Ռուսական կողմի մեղադրանքները, թե ՀԷԿ-ի պատվարը շարքից հանվել է ուկրաինական գնդակոծությունների հետևանքով, Զելենսկին կեղծ է որակել և հավաստիացրել, թե գնդակոծություններով նման բանի հասնելը «ֆիզիկապես անհնար էր»։

Նրա գրասենյակի ներկայացուցիչ Դարյա Զարիվնայան և մինչ այդ հայտարարել էր, որ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացմամբ Ռուսաստանը փորձում է կասեցնել Ուկրաինայի բանակի հակագրոհը։ Ուկրաինական բանակի «Հարավ» հրամանատարությունը հաղորդել է, որ հինդրաէլեկտրակայանը ներսից է պայթեցվել։ Պատվարը ոչնչացրել է ռուսական բանակի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիկ Պոդոլյակը

Կախովկայի հսկայական ջրամբարից արտահոսած ջուրն այժմ քաղաքներ և գյուղեր է խորտակում։ Ուկրաինայի ռազմակաքաղաքական ղեկավարությունը ընդունում է՝ ստիպված են որոշակիորեն վերանայել հակահարձակումը, որը, ամեն դեպքում, շարունակվելու է։

Անկախ փորձագետները նկատում են, որ ջրամբարը լուրջ հետևանքներ է ունենալու նաև ռուսական բանակի, այդ թվում՝ օկուպացված տարածքներում ստեղծված ենթակառուցվածքների համար։

Մոսկվայի արձագանքը

Լրատվական հաղորդումներից մոտ 5 ժամ անց Ռուսաստանն առաջին անգամ արձագանքել է տարածաշրջանի խոշորագույն ՀԷԿ-երից մեկի ոչնչացման մասին տեղեկություններին և ուկրաինական կողմի մեղադրանքներին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան «կտրականապես հերքում է» իր առնչությունը հարձակմանը՝ ՀԷԿ-ի ոչնչացումն ու պատվարի պայթեցումը վերագրելով Ուկրաինայի «կանխամտածված դիվերսիային»։

«Այս դիվերսիան կարող է շատ ծանր հետևանքների հանգեցնել՝ հետևանքներ տասնյակ հազարավոր մարդկանց և բնության համար, հետևանքներ, որոնք դեռ պետք է հստակեցնել։ ․․․Դիվերսիայի նպատակներից ևս մեկը Ղրիմը ջրազրկելն է․ թերակղզին սնուցող ջրանցքում ջրի մակարդակն արդեն իսկ կտրուկ նվազում է։ Ըստ ամենայնի, դիվերսիան կապ ունի նաև այն հանգամանքի հետ, որ երկու օր առաջ լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելով՝ Ուկրաինայի զինված ուժերն այժմ իրենց առջև դրված խնդիրներին չեն հասնում», – հավելել է Պեսկովը։

Մինչ այդ Խերսոնի մարզի Նովոկախովսկի շրջանի օկուպացիոն վարչակազմի (Ռուսաստանի կողմից նշանակված) ղեկավար Վլադիմիր Լեոնտևը ռուսական պետական ԶԼՄ-ների հետ զրույցում հերքել էր ՀԷԿ-ի պայթեցման մասին շրջանառվող լուրերը, քիչ անց՝ հայտարարել, թե ուկրաինական կողմի «գիշերային հարվածների» հետևանքով, այո, ՀԷԿ-ը ոչնչացվել է և այժմ տեղի է ունենում ջրի անվերահսկելի արտահոսք։

Ավելի ուշ ռուսական կողմը հաստատել է՝ կայանի 28 պատվարներից 14-ը շարքից հանվել են, ՀԷԿ-ը մնացել է ջրի տակ։ Ջրհեղեղը տարածվել է հարակից բնակավայրերով։

այլընտրանքային մեկնաբանություն

Financial Times-ի լրագրող Քրիսթոֆոր Միլլերը ենթադրում է, որ Կախովսկայի ՀԷԿ-ը հունիսի 6-ի գիշերը ոչ ոք չի պայթեցրել։

Twitter-ի իր աքաունթում նա հրապարակել է ամբարտակի արբանյակային լուսանկարները, որոնք արվել են մայիսի 28-ից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Արանյակային պատկերները, ըստ նրա, ցույց են տալիս պատվարի ջրարգելակային դարպասների և երթևեկելի հատվածի մի մասի վերջերս տեղի ունեցած վնասումը», – գրում է Միլլերը։ Թե ինչի՞ հետևանքով է պատվարը վնասվել՝ լրագրողը չի մանրամասնում։

OSINT-ի լրագրողները և՛ս կարծում են, որ պատվարի ոչնչացումը կարող էր տեղի ունենալ ավելի վաղ արձանագրված վնասների և բնական որոշ գործոնների հետևանքով։ Հավանական է, որ կանխամտածված ոչնչացում/պայթեցում առհասարակ չի եղել։

«Պատվարը աստիճանաբար քայքայվել է։ Գուցե հենց այդ պատճառով է ճանապարհի մի մասը փլուզվել, այնտեղ արդեն վաղուց անցք կար», – գրել է OSINT-վերլուծաբան Ռուսլան Լևիևը։

Լրագրող Էվին Հիլլը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ փլուզումից առաջ Կախովկայի ջրամբարում ջուրն աննախադեպ մակարդակի էր հասել՝ բացառված չէ, որ այն պատճառով, որ Ռուսաստանը չափից դուրս քիչ շլյուզեր է բաց պահել։

տարհանում

Բնակչությունը տարհանվում է աղետի գոտուց՝ հայտարարել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի (ուկրաինական իշխանության մաս է կազմում) ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Դնեպրի աջափյա հատվածը ամիսներ առաջ վերադարձել է ուկրաինական կողմի վերահսկողության ներքո։ Այստեղ ջրի տակ կարող են հայտնվել Նիկոլաևկա, Օլգովկա, Լվովո, Պոնյատովկա, Իվանովկա, Տոկարևկա, Պրիդնեպրովսկի, Սադովի գյուղերը, մասամբ Խերսոն քաղաքը՝ Կորաբելնի կղզին։ Բնակչությանը էվակուացնում են։

Առաջին էվակուացիոն գնացը Խերսոնից շարժվել է ժամը 12։00-ին։

Դնեպրի ձախ կողմում (ռուսական վերահսկողության գոտում) գտմվող բնակավայրերի մարդկանց Վլադիմիր Լեոնտևը առավոտյան հավաստիացրել էր՝ ջրհեղեղի վտանգ և տարհանման կարիք չկա։

«Քաղաքի և բնակավայրերի ոչնչացման վտանգ չկա։ Բայց ջրի տակ են հայտնվել կոյուղիները, շարքից դուրս են եկել էլեկտրագծերը․․․ Մեր կանխատեսումների համաձայն՝ 72 ժամվա ընթացքում ջրի մակարդակը կիջնի, բայց մենք պետք է կարողանանք վերապրել այդ 72 ժամը», – հայտարարել է Լեոնտևը։

Արդեն օրվա կեսին ռուսական պաշտոնյան հայտարարել է Նոր Կախովկա քաղաքից, Գոլի Պրիստանից, Ալեշեկից, Դնեպրյանա ավանից և Կորսունկա գյուղից բնակչության տարհանման մասին։

Ղրիմը կջրազրկվի

Չնայած տեղական իշխանությունները հերքում են, բնապահպանական այս աղետի հետևանքով, ըստ ամենայնի, ջրազրկվելու է նաև Ղրիմը՝ թերակղզի, որը դեռևս 2014 թվականին բռնակցվել է Ռուսաստանին։

2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահը հայտարարում էր․ «Ղրիմում մոտ 2․5 միլիոն մարդ է ապրում։ [Ուկրաինայի իշխանությունները] բռնել էին և անջատել ջուրը։ Ռուսական զորքերը մտան, ջուրը բացեցին։ Սա՝ որպես մոր գործողությունների տրամաբանության մի օրինակ։ Չանեին այդ գործողությունը, չէին լինի այլ գործողություններ»։

ԲիԲիՍիի թղթակից Իլյա Բարաբանովը մեկնաբանում է․

«Դեռ 2022-ի փետրվարի 24-ին, երբ ռուսական ներխուժումը նոր էր սկսվել և արագորեն հանգեցրեց Խերսոնի մարզի հարավային հատվածի գրավման, բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը միանգամից հրամայեց վերականգնել ջրամատակարարումը Հյուսիս-Ղրիմյան ջրանցքով։

Այն ժամանակ Ակսյոնովը չէր էլ թաքցնում, որ դեպի Ղրիմ ջրամատակարարման վերականգնումը սանձազերծված պատերազմի նպատակներից մեկն է։ Ենթադրվում էր, որ ջրանցքի ապաշրջափակումը թույլ կտա տասնյակ միլիարդավոր ռուբլիներ խնայել և կօգնի վերականգնել թերակղզու գյուղատնտեսությունը։

Սենատոր Օլգա Կովիտիդին հարցազրույցներ էր այն ժամանակ տալիս, որ շուտով թերակղզում, ինչպես սովետական տարիներին, նորից բրինձ և եգիտպացորեն են աճեցնելու։ Քարոզչությունը իրապես տոնելու բան ուներ։

Այժմ ռուսաստանցի պաշտոնյաները մեկը մյուսի հետևից բացատրում են, որ Ղրիմի վրա տեղի ունեցածը որևէ ազդեցություն չի ունենալու։ Նոր Կախովկայի այսպես կոչված քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը դեռ առավոտյան հավաստիացնում էր ՌԻԱ Նովոստիին, որ պատվարի հետ բան չի եղել, այժմ նա հայտարարում է, որ [Ղրիմը սնուցող] ջրանցքի ջրազրկման վտանգ չկա։ Սևաստոպոլի գուբերնատոր Միխայիլ Ռազվոզժաևը պնդում է, որ ամեն ինչ կարգին է, քանի որ թերակղզու ջրամբարները լիքն են՝ իբր այդ ջրամբարները այդ նույն ջրանցքից չեն լցվում։

Կախովսկայա ՀԷԿ-ի բազմաթիվ հետևանքներից մեկը մեծ հավանականությամբ Ղրիմի ջրազրկումն է լինելու։ Մնում է միայն սպասել, երբ են ռուս պաշտոնյաները հայտարարելու, որ իրականում Ղրիմին ջուր պետք չի»։

ատոմակայանի վտանգը

Ուկրաինայի «Էներգոատոմը» հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանի հնարավոր «բացասական հետևանքների» մասին։

«Կախովկայի ջրամբարի պաշարները անհրաժեշտ են Զապորոժիեյի ԱԷԿ-ի անվտանգության համակարգերի և շարժանիվների ջոգեխտարարների հարամր», – գրել է կազմակերպությունը՝ հավաստիացնելով, որ իրավիճակը վերահսկվում է և ատոմային անվտանգության համար ուղղակի վտանգներ դեռևս չկան։