Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երեք բնակելի շենքերի վրա, ևս մի քանի անօդաչուներ խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից՝ Մերձմոսկովյան շրջանում։ Զոհեր և տուժածներ չկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարձակմանը 8 ԱԹՍ է մասնակցել։ Կառավարամետ որոշ աղբյուրներ հաղորդում էին առնվազն 25 ԱԹՍ-ների մասին։ Թե որտեղից են դրանք արձակվել, ինչպես են շրջանցել հակաօդային պաշտպանությունը՝ հստակ չէ։ Մինչ այս՝ մայիսի սկզբին, ԱԹՍ-ները հարվածել էին նաև մոսկովյան Կրեմլին։
Մինչ ռուսական մամուլը քննարկում է Մոսկվայում տեղի ունեցածը, արդեն երրորդ օրն է՝ հոծախումբ գնդակոծությունների է ենթարկվում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Կան զոհեր։
Ի՞նչ է հայտնի մոսկովյան դեպքերի մասին
«Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ զգալի վնասներ են եղել, դեպքի վայրերում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները: Նրանք պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։ Ոչ ոք լուրջ չի տուժել։ Խնդրում եմ վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չստուգված տեղեկություններ չտարածել», – տեղական ժամով 7։21-ին գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Քիչ անց Մերձմոսկվայի նահանգապետը (գուբերնատոր) հաղորդել է․ «Այսօր առավոտյան Մոսկվայի մարզի որոշ շրջանների բնակիչներ կարող էին պայթյունների ձայներ լսել՝ մեր ՀՕՊ-ն է աշխատում, որը Մոսկվայի մատույցներում մի քանի անօդաչուներ է խոցել։ Բնակիչներին խնդրում եմ պահպանել հանգստությունը»։
Ռուսական տելեգրամ-ալիքներում և սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել, որոնցում ինքնաթիռի տեսք ունեցող ԱԹՍ-ներ են երևում։
Պայթյունների (ենթադրաբար՝ ՀՕՊ-ի կողմից խոցված անօդաչուների) մասին հաղորդել են մերձմոսկովյան Օդինցովոյի, Բարվիխայի, Կրասնոգորսկի բնակիչները։
Պայթյուններ են որոտացել նաև Ռուբլյովկայի մոտակայքում, որտեղ ապրում են ռուսաստանցի օլիգարխներն ու այլ տիպի մեծահարուստները։
Բուն Մոսկվայում անօդաչուները երեք շենքի են հարվածել՝ Լենինյան պողոտա 92/1, Պրոֆսոյուզնայա փողոց 98/6 (Կենտրոն), Ատլասնայա փողոց (ՄԿԱԴ-ից դուրս է գտնվում՝ Նոր Մոսկվա թաղամասում։
«РИА Новости»-ի զրուցակիցը պատմել է, որ ԱԹՍ-ը խփել է Պրոֆսոյուզնայա 98 բնակելի շենքի վերին հարկերին՝ վնասվել են շենքի ճակատը և ապակեպատ հատվածները։ Լենինյան պողոտայի բնակիչը պատմել է, որ անօդաչուն հարվածել է 14-րդ հարկում գտնվող բնակարանին, որում այդ պահին երեք մարդ է եղել։ Պայթյուն չի եղել, տուժածներ չկան։
Երրորդ ԱԹՍ-ը խփել է Նոր Մոսկվայի Ատլասնայա փողոցում գտնվող 24 հարկանի բնակելի շենքին․ РБК-ի հետ զրույցում բնակիչները պատմել են, որ առավոտյան 4-ի սահմաններում «ուժեղ պայթյուն» է եղել, բոլորը արթնացել են։
Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ երկու շենքերի որոշ շքամուտքերի բնակիչները տարհանվել են։ Թե կոնկրետ որ շենքերի մասին է խոսքը՝ Սերգեյ Սոբյանինը չի մանրամասնել։ Երկու հոգու տեղում բուժօգնություն են տրամադրել, ոչ ոք լուրջ չի տուժել։
Ռուսաստանի վարկածը
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե Կիևը «ահաբեկչական հարձակում» է իրականացրել «քաղաք Մոսկվայի օբյեկտների վրա»։
Ռուսական վարկածի համաձայն, հարձակմանը մասնակցել է ինքնաթիռային տիպի 8 ԱԹՍ․ «Հակառակորդի բոլոր անօդաչուները ոչնչացվել են»։
Հայտարարությունից հետևում է, որ անօդաչուներից երեքը չեն վնասազերծվել, այդ իսկ պատճառով՝ հասել են մինչև Մոսկվա և հարվածել շենքերին։
«[ԱԹՍ-ներից] երեքը խլացվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոնցերով, կորցրել են կառավարումը և շեղվել սահմանված նշանակետերից, — նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ․ — Եվս 5 ԱԹՍ-ներ խոցվել են «Панцирь-С» զենիթային հրթիռա-գնացիրային համակարգերի կողմից՝ Մերձմոսկվայում»։
Իշխանամետ Baza տելեգրամ-ալիքն ավելի վաղ հայտարարել էր, թե առավոտյան հարձակմանը մոտ 25 ԱԹՍ է մասնակցել, մեծ մասը խոցվել է Իստրինսկի, Կրասնոգորսկի և Օդինցովսկի շրջաններում։
Կիևը ռմբակոծվում է և ակնարկում
Մոսկվայից եկող լուրերի ֆոնին Ուկրաինայի մայրաքաղաքն արդեն երրորդ գիշերն է՝ օդային հարվածների է ենթարկվում։
Վերջին մեկ ամսվա մեջ սա արդեն 17-րդ հոծախումբ հարձակումն է, հռբակոծությունների ծավալները մեծացել են։
Կիրակի գիշերը, ըստ տեղական իշխանությունների, Կիևը ռմակոծվել է ավելի քան 50 «Շահեդ» կամիկաձե ԱԹՍ-ների կողմից՝ ամենամասշտաբային հարձակումը պատերազմից ի վեր։ Կա առնվազն մեկ զոհ՝ քաղաքացիական։
Երկուշաբթի գիշերը, ԱԹՍ-ներից բացի, մայրաքաղաքի ուղղությամբ նաև հրթիռներ են արձակվել։ Զոհերի մասին հաղորդումներ չկան։
Երեքշաբթի գիշերը ռուսական բանակը Կիևը ուղղությամբ առնվազն 20 ԱԹՍ է կիրառել, քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ բոլոր այդ ԱԹՍ-ները խոցվել և վնասազերծվել են։
Գոլոսեևսկի շրջանում անօդաչուի բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, վերջին հարկերում հրդեհ է սկսվել։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Տեղի ունեցածը Ռուսաստանի ՊՆ-ն առհասարակ չի մեկնաբանել։
Նախօրեին Կիևը գնդակոծվել է ոչ միայն գիշերը, այլև ցերեկը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովը՝ մեկնաբանելով ցերեկային գնդակոծությունը, սպառնացել է պատասխան քայլերով․ «Բոլոր նրանք, ովքեր փորձում են վախեցնել մեզ և երազում, որ դա ինչ-որ արդյունք կունենա, դուք շատ շուտով զղջալու եք։ Պատասխանին երկար չեք սպասելու։ Շուտով բոլորը դա կտեսնեն»։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ նախօրեին հարց էր տվել՝ եթե ռուսաստանցիները կարող են ահաբեկել ամբողջ Կիևը, ինչո՞ւ Մոսկվայի բնակիչները պետք է «հանգստանան»։
Breakfast show յութուբյան ալիքի տաղավարում Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, թե Ուկրաինայում «հաճույքով» հետևում են Մոսկվայում այսօր առավոտյան տեղի ունեցածին և հարձակումների թվի աճ կանխատեսում, չնայած այդ հարձակումներին հետ Կիևը ուղիղ կապ «իհարկե, չունի» (մեջբերումը՝ ըստ «Холод» պարբերականի)։
Կրեմլը խոցելուց հետո
Սա առաջին դեպքը չէ, երբ անօդաչուները հարվածում են Մոսկվային։
Մայիսի 3-ի գիշերը Կրեմլի ապարանքներից մեկի գմբեթի տակ երկու ԱԹՍ էր պայթել։ Ռուսաստանի իշխանությունները պնդում էին, որ դրանք իրականում խոցվել են։ Տեղի ունեցածը Մոսկվան որակում էր որպես «ահաբեկչություն» և «մահափորձ նախագահ Վլադիմիր Պուտինի» նկատմամբ։
տե՛ս Այրվող Կրեմլը սպառնալիքների նոր ալիք է բարձրացրել
Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակմանը Կիևն առնչություն չունի՝ հայտարարել էին Ուկրաինայից։ Ըստ New York Times, Ուկրաինայի առանցքային դաշնակցի՝ Միացյալ Նահանգների հետախուզությունը, սակայն, այս կապակցության այլ տվյալներ ունի։
Խոցված ԱԹՍ-ներ ավելի վաղ գտել են նաև Մերձմոսկվայի տարբեր շրջաններում։
Այսօրվա հարձակման մասին ռուսական պետական հեռուստաալիքները սկզբում լռել են, հետո՝ զուսպ հաղորդել՝ շեշտը դնելով Սոբյանինի հայտարարությունների վրա։
Հետագայում իրավիճակը փոխվել է։ Ռուսական առաջին ալիքի՝ ժամը 9։00-ի լրատվական թողարկման մեկնարկային 10 րոպեները նվիրված էին ԱԹՍ-ների հարձակմանը։ «Որոշվել է այս թեման չանտեսել։ Բայց եթե նայել հեռուստացույցը արդուկի ռեժիմով, թողարկման ընդհանուր տոնայնությունը չի դրդում դիտողին վազել վայենկոմատ կամ ապաստարան։ Ուղղակի հերթական տհաճ միջադեպը», – BBC-ին մեջբերում է քաղաքագետ Միխայիլ Վինոգրադովի խոսքերը։
«Այսօրվա հարձակումը որոշակիորեն հավասարեցրել է մայրաքաղաքի և [ռազմական գործողությունների մեջ համեմատաբար ներքաշված սահմանային] Բելգորոդի իրավիճակները։ Վերջինիս բնակիչներն այժմ այդքան չեն նեղվի, առաջինիս բնակիչները՝ այդքան թքած չեն ունենա», – մեկնաբանել է քաղաքագետ Աբաս Գալյամովը։
Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը ԱԹՍ-ների հարձակումը «տեղեկատվական ակցիա» է որակել։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել և ուսումնասիրում է փաստերը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է․ «Բոլորովին պարզ է, որ խոսքը կիևյան ռեժիմի գործողությունների մասին է՝ ի պատասխան որոշումների կայացման կենտրոններից մեկին մեր բավականին արդյունավետ հարվածների»։