Մայիսի 3-ի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր գրոհել են Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրը, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Կրեմլը հարձակման մեջ մեղադրել է «կիևյան ռեժիմին»։ Պաշտոնական Կիևը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում Ուկրաինայի վրա նոր լայնամասշտաբ հարձակման համար։
«Զինվորականների և փորձագետների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների» արդյունքում անօդաչուները ոչնչացվել են՝ ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Ենթադրյալ հարձակման պահին Պուտինը Կրեմլում չի եղել, հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ մայիսի 3-ին նա աշխատում է մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում։
«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ հարմար կգտնի», – հայտարարում է Կրեմլը՝ անվանելով միջադեպը «պլանավորված ահաբեկչական հարձակում և նախագահի դեմ մահափորձ»։
Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են անօդաչուների հարձակման կադրերը։ Տեսանյութում, որում ԱԹՍ-ը պայթում է Սենատի պալատի վերևում, երևում է՝ ինչպես են տանիք բարձրանում երկու մարդ։ Թե ովքեր են այդ մարդիկ՝ հայտնի չէ։
Չնայած հարձակմանը, մայիսի 9-ին Կարմիր հրապարակում նախատեսված շքերթը չի չեղարկվի, հայտարարել է Պեսկովը։ Պուտինը, ըստ մամուլի քարտուղարի, կմասնակցի դրան։
Նախորդ գիշերը «Соседи. Якиманка-Замоскворечье» տելեգրամյան ալիքում երկու տեսանյութ է հրապարակել, որոնցում կարելի է նկատել Կրեմլի տարածքում տարավող ծուխը։ «Հարվածն իր ուժգնությամբ նման էր ամպրոպի», – գրում են Սերաֆիմովիչա փողոցի բնակիչները: Կրեմլին հարակից տների բնակիչները ԱԹՍ-ի հարվածից հետո երկնքում կայծեր են նկատել, իսկ Կրեմլի պատի մոտ՝ լապտերներով մարդկանց՝ ասվում է տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։
Հետաքրքիր է, որ Կրեմլի հայտարարությունից մի քանի րոպե առաջ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, թե մայիսի 3-ից Մոսկվայում արգելվում է անօդաչու թռչող սարքերի գործարկումը։
Կիևը տեղեկություն չունի «Կրեմլի վրա այսպես կոչված գիշերային հարձակումների մասին»՝ պնդել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Սակայն, ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս ասել է, Ուկրաինան ուղղում է բոլոր առկա ուժերն ու միջոցները՝ սեփական տարածքները ազատագրելուն, այլ ոչ թե օտար տարածքների վրա հարձակվելուն։ Դրանից զատ զարմանալի է ահաբեկիչ-պետության ձևակերպումը։ Ահաբեկչությունը Դնեպրի և Ումանի ավերված տների շքամուտքերն են կամ Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծությունը և շատ այլ ողբերգություններ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, ակնհայտորեն իրավիճակի սրացում է մայիսի 9-ի նախաշեմին։ Կանխատեսելի քայլ՝ մեր հակառակորդներից», – ասել է Նիկիֆորովը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն, իր հերթին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Կիևը կապ չունի Կրեմլի վրա անօդաչու սարքերի հարձակումների հետ։ Նրա խոսքերով՝ դա չի լուծում ոչ մի ռազմական խնդիր և «ընդհանրապես ձեռնտու չէ հարձակողական գործողություններին նախապատրաստվելու առումով»։ Պոդոլյակի կարծիքով՝ դա Ռուսաստանին կրահրեր «էլ ավելի ռադիկալ գործողությունների մեր խաղաղ բնակչության դեմ»։
«Ակնհայտ է, որ և՛ «Կրեմլի վրա հարձակումների մասին հաղորդագրությունները» և՛ միևնույն ժամանակ իբր ուկրաինացի դիվերսանտների մեկ այլ գործով կալանավորումները Ղրիմում, հստակ վկայում են, որ Ռուսաստանը առաջիկա օրերին նախապատրաստվում է լայնածավալ ահաբեկչական սադրանքի։ Ռուսաստանն, անկասկած, չափազանց վախենում է առաջնագծում Ուկրաինայի հարձակողական գործողությունների մեկնարկից և ամեն կերպ փորձում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը, շեղել ուշադրությունը, աղետալի տեղեկատվական առիթներ ստեղծել։ Այդ պատճառով, Ռուսաստանի բեմադրած նմանատիպ հաղորդագրությունները պետք է դիտարկել բացառապես որպես Ուկրաինայում լայնածավալ ահաբեկչության համար տեղեկատվական ֆոն նախապատրաստելու փորձ», – ընդգծել է Պոդոլյակը։
Ղրիմի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմեթը, ի պատասխան անօդաչու թռչող սարքի հարձակման, կոչ է արել հրթիռային հարձակում իրականացնել Կիևում Վլադիմիր Զելենսկու նստավայրի վրա։
«Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ նախագահական նստավայրի վրա դրոնների հարձակումը «հարցեր է առաջացնում ուղղված ռուսական հակաօդային պաշտպանությանը»։
«Այն, որ անօդաչուները խոցվել են հենց Կրեմլի վերևում, գովելի է: Բայց ինչպե՞ս են նրանք հայտնվել այստեղ: Որտե՞ղ է հակաօդային պաշտպանությունը և այլն: Սա իսկական casus belli (պատերազմի առիթ – խմբ․) է։ Իսկական պատերազմի և Ուկրաինայի ահաբեկչական վերնախավը ոչնչացնելու [առիթ]», – գրել է Միրոնովը։
Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովը ոչ տիպիկ ու գիտակցված է անվանել Կրեմլի որոշումը՝ տարածել տեսանյութը, որտեղ դրոնը թռչում և պայթում է Սենատի պալատի վերևում։
«Նրանք ստորագրում են հակաօդային պաշտպանության բացակայության, խոցելիության, թուլության, անզորության տակ։ Սրանք բոլորը ակնհայտ թերություններ են։ Նշանակում է՝ կան առավելություններ, որ այս ամենի մեջ գտել են, գնահատել և որոշել, թե այս առավելությունները կարող են գերազանցել թերությունները։ Թեթև տարբերակը՝ դե որոշել են, որ Կարմիր հրապարակում արդեն տեղադրված մայիսի 9-ի շքերթի դեկորացիաներով այրվող պետականության խորհրդանիշի՝ Կրեմլի, կադրերը կարող են հուզել ռուսական խորհրդավոր հոգու լարերը և թույլ տալ հայրենասիրական մոբիլիզացիայի նոր փուլ սկսել․․․ Բայց կա մեկ այլ տարբերակ, իհարկե։ Որոշել են ուկրաիանական հակահարձակմանը պատասխանել լուրջ էսկալացիայով (օրինակ՝ լայնամասշտաբ հարված Կիևին) և այժմ դրա համար հող են նախապատրաստում», – ընդգծել է Վոլկովը։
Պայթյուններ ամենուր
Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում նույնպես պայթյուններ են գրանցվել։
Ապրիլի 29-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ռուսաստանին բռնակցված Սևաստոպոլի Կազաչյա ծոցի միկրոշրջանում գտնվող նավթի պահեստում։ Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքերով՝ հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով։ Ուկրաինական հետախուզությունը պնդել է, որ հրդեհի ժամանակ ոչնչացվել են նավթամթերքներով լի ավելի քան տասը ռեզերվուար, որոնք նախատեսված էին ՌԴ Սևծովյան նավատորմի համար։
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ նավթի պահեստի վրա հարձակումը Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստման «տարրերից մեկն է»:
Մայիսի 1-ին Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի Սուսանինսկի բնակավայրի տարածքում պայթեցվել են էլեկտրահաղորդման գծի սյուները։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքերով՝ էլեկտրահաղորդման գծի մեկ այլ հենասյան վրա հայտնաբերվել է պայթուցիկ սարք։
Քրեական գործ է հարուցվել «Դիվերսիայի» և «Պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության» հոդվածներով։ Կասկածյալների ձերբակալության մասին ոչինչ չի հաղորդվում։
Մայիսի 1-ին Բրյանսկի մարզի Ունեչսկի շրջանում պայթուցիկ սարք է գործարկվել երկաթուղու գծերի վրա։
Բեռնատար գնացքի լոկոմոտիվն ու յոթ վագոնները դուրս են եկել ռելսերից։ Գնացքը նավթամթերք և փայտանյութ էր տեղափոխում, վթարից հետո հրդեհ է բռնկվել։ Baza տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պայթուցիկները տեղադրվել են երեք տեղերում։ Պայթյունի վայրում մոտ 2,5 մետր խորությամբ և մոտ 1,5 մետր տրամագծով փոս է գոյացել։
Մայիսի 2-ին Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ է գցել Պրիլես գյուղի մոտ գտնվող պաշտպանական կառույցների շինհրապարակում, հաղորդում է Baza-ն։ Արդյունքում 46-ամյա աշխատողը կոնտուզիա է ստացել։ Պաշտոնական միջադեպի մասին չի հաղորդվել։
Մայիսի 2-ին, նույնպես ըստ Baza-ի, մեկ ուրիշ ԱԹՍ հարձակվել է Ալես գյուղի մոտակա տարածքների վրա, որոնց հեռավորությունը ռուս-ուկրաինական սահմանից 1 կիլոմետրից էլ քիչ է։ Անօդաչուն, ըստ տեղեկությունների, զինամթերք է նետել, ինչի արդյունքում մեկ էքսկավատոր է վնասվել։
Մայիսի 2-ի երեկոյան Բրյանսկի մարզի երկաթուղային գծերի վրա նորից պայթյուն է տեղի ունեցել։ Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքերով՝ Սնեժեցկայա կայարանի տարածքում «գործարկվել է չպարզված պայթուցիկ սարք»։ Տուժածներ չկան, շոգեքարշը և մի քանի բեռնատար վագոններ դուրս են եկել ռելսերից։ Ըստ ականատեսների՝ տեղի է ունեցել մի քանի պայթյուն։
Mash տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ վագոնները պարունակել են պրոպան և կրաքար։ Ըստ ալիքի տվյալների՝ մայիսի 1-ին և 2-ին Բրյանսկի մարզում երկաթուղային գծերի պայթյունները կազմակերպվել են տարբեր «դիվերսիոն-հետախուզական խմբերի» կողմից։
Մայիսի 3-ին Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկսկի շրջանի Վոլնա գյուղում նավթամթերքի պահեստում հրդեհ է բռնկվել։ Գյուղը գտնվում է Թամանի թերակղզու սևծովյան ափին՝ Թամանի նավահանգստի մոտակայքում, որտեղ էլ նավթամթերքների համալիր է տեղակայված։
Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևի խոսքերով՝ զոհեր և վիրավորներ չկան, իսկ հրդեհին վերագրվել է բարդության ամենաբարձր աստիճանը։ ТАСС-ի Արտակարգ ծառայություններում աշխատող աղբյուրը հայտնել է, որ հրդեհը առաջացել է անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով։
Մայիսի 3-ին հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Գոստիլիցի գյուղի օդանավակայանում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմում է 15 քմ։ Տեղի իշխանությունների խոքերով՝ անգարից երկու ուղղաթիռ է տարհանվել, տեխնիկան չի վնասվել։
Գոստիլիցի օդանավակայանը Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանի ամենամեծ ավիացիոն կառույցն է։ Այնտեղ տեղակայված է ավելի քան 100 ինքնաթիռ։