հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / Մասնավոր բանակով հետաքրքրվող լրագրողին բռնել են որպես լրտես

Մասնավոր բանակով հետաքրքրվող լրագրողին բռնել են որպես լրտես

Մարտի 30-ին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը (ФСБ) հայտարարել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է The Wall Street Journal-ի (WSJ) մոսկովյան բյուրոյի լրագրող ամերիկացի Էվան Գերշկովիչը։ Լրագրողի նկատմամբ քրեական գործ են հարուցել լրտեսության հոդվածով ու տարել Մոսկվայի Լեֆորտովոյի դատարան, որը արագորեն որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել նրան։

Գերշկովիչը 1986-ից ի վեր առաջին ամերիկացի լրագրողն է, ով լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Ռուսաստանում։

Դատն անցկացվել է փակ ընթացակարգով, լրագրողներին ներս չեն թողել։ Մինչև դատի սկսելը դատարանի բոլոր այցելուներին տարհանել են՝ ականապատման մասին հաղորդման պատրվակով։ Դատին չի կարողացել մասնակցել նաև Գերշկովիչի փաստաբանը՝ պատճառաբանությամբ, որ դատարանում փաստաբան արդեն կա։

WSJ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին և հերքել նրա նկատմամբ հարուցված բոլոր մեղադրանքները: 

Ըստ ռուսական անվտանգության ծառայության՝ Գերշկովիչին ձերբակալել են, երբ վերջինս ԱՄՆ հանձնարարությամբ փորձում էր պետական գաղտնիք հանդիսացող գաղտնի տվյալներ ձեռք բերել ինչ-որ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի մասին։ 

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, թե Գերշկովիչը Եկատերինբուրգում «անում էր աշխատանք, որը լրագրության հետ որևէ կապ չունի»։ Գերշկովիչը Եկատերինբուրգում նյութ էր պատրաստում «Վագներ» մասնավոր ընկերության վարձկանների և տեղի բնակիչների Ուկրաինայում պատերազմի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին։

Ինչ էր անում լրագրողը

Մարտի 29-ի գիշերը լրագրողի լոնդոնյան կոլեգաները հայտնել էին, որ Գերշկովիչը ավելի քան 9 ժամ կապի դուրս չի եղել։ Տեղեկություն էր հայտնվել, որ ուժայինները Եկատերինբուրգի ռեստորաններից մեկի առաջ մարդու են ձերբակալել՝ գլուխը սվիտերով փակելով։ 

Տեղացի Յարոսլավ Շիրշիկովը, կասկածել է, որ ձերբակալել են հենց Գերշկովիչին։ Շիրշիչկովը վերջերս ուղեկցում էր Գերշկովիչին Եկատերինբուրգում, հարցազրույց էր տվել լրագրողին և ձերբակալման օրը պետք է նորից հանդիպեր նրա հետ։

Գերշկովիչի Եկատերինբուրգ այցի պատճառը «Վագներ» մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի և տեղի քաղաքապետ Եվգենի Կույվաշեվի միջև հրապարակային կոնֆլիկտն էր՝ BBC-ին է պատմել Вечерние ведомости լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Վլադիսլավ Պոստնիկովը։ 

Պոստնիկովը մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել էր լրագրողի հետ․ ըստ նրա՝ Գերշկովիչն ուզում էր այցելել նաև Նիժնի Տագիլ ու Բերեզովսկի քաղաքներ, որտեղ համապատասխանաբար գտնվում են «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական համալիրը և «Վագների» վարձկանների գերեզմանոցը։ 

Գերշկովիչը նաև ուզում էր զրուցել նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանի հետ, որին ռուսական իշխանությունները «օտարերկրյա գործակալ» են հայտարարել և վարչական գործ հարուցել նրա նկատմամբ՝ Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունները քննադատելու համար: 

«Ես Էվանին ասում էի՝ հասկանո՞ւմ ես, դա կարող է քրեական գործ դառնալ։ Նա պատասխանեց, որ գործում է օրենքի և լրագրողական ստանդարտների սահմաններում։ Դե, եթե հիմա Ուկրաինայի իրադարձությունները լրագրողական ստանդարտներով լուսաբանես, հաստատ քրեական հոդված է․․․», – ասել է Պոստնիկովը։

Լրագրողի հետ հանդիպել է նաև Սվերդոլովսկի մարզի պատգամավոր Վյաչեսլավ Վեգները։ Նրա խոսքերով՝ Գերշկովիչը հարցեր էր տալիս «Վագներ» մասնավոր ընկերությունից։ 

Սվերդոլովսկի պատգամավորը հայտնի է նրանով, որ հրապարակայնորեն առաջարկել էր №6 ուղղիչ գաղութի կին կալանավորներին ներգրավել Ուկրաինայի ռազմական գործողություններում։

«Նրա մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Եկատերինբուրգը հեղափոխական քաղաք է, որ այստեղ ամեն օր բողոքի ակցիաներ, ցույցեր են։ Ես փորձեցի նրան հետ համոզել, որ դա այդպես չէ», – BBC-ի հետ զրույցում պատմել է պատգամավորը։ 

Նոր պատանդ՝ փոխանակային ֆոնդի համար

Լրագրողների համայնքում ենթադրում են, որ ռուսական իշխանություններին Գերշկովիչի ձերբակալությունը կարող էր պետք գալ՝ հետագայում ուրիշ երկրներում ձերբակալված ռուսաստանցիների հետ փոխանակելու համար։ 

Լրագրող Անդրեյ Զախարովի կարծիքով՝ Գերշկովիչին և Ռուսաստանում ազատազրկված նախկին նավաստի Փոլ Ուիլանին, օրինակ, կարող են փոխանակել Սլովենիայում հունվարի կեսին Ռուսաստանի համար լրտեսության կասկածանքով ձերբակալված երկու մարդկանց հետ։

«Պատանդներ են վերցնում փոխանակային ֆոնդի համար։ Միաժամանակ ցույց են տալիս, որ արևմտյան լրագրողների համար Ռուսաստանում աշխատելն ապահով չէ», – գրել է Медиазона-ի խմբագիր Սերգեյ Սմիրնովը։

Քաղաքագետ Տատյանա Ստանոցայան նշում է, որ թարմացված ռուսական օրենսդրությամբ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով կարելի է մինչև 20 տարով ազատազրկել ցանկացածին, ով ուղղակի հետաքրքրվում է ռազմական գործողություններով, գրում է պատերազմի, «Վագների», բանակում իրավիճակի մասին։

Ստանոցայայի խոսքերով՝ ФСБ-ն խուսափողական պատասխաններ է տալիս։ Օրինակ, որ «լրագրողը ամերիկյան կողմի հրահանգներով է գործել», մինչդեռ ամերիկյան կողմ կարող է համարվել նաև WSJ լրատվամիջոցը։ 

Սրանից կարելի է ենթադրել՝ ФСБ-ն չունի ոչ մի փաստարկ, որ Գերշկովիչը լրագրողի քողարկմամբ աշխատել է հատուկ ծառայություններում՝ եզրակացնում է քաղաքագետը։ Նա նույնպես կարծում է, որ լրագրողին պատրաստվում են փոխանակել։

Քաղաքագետ Ալեքսանդր Կինեվը համաձայն չէ այս տեսությանը․

«Օտարերկրյա լրատվամիջոցները միշտ տաբու են եղել անգամ ամենայուրահատուկ ավտոկրատիաներում։ Լրագրողի իրավունքները անգամ «բարեկամական երկրներում» անխախտելի արժեք են։ Դրան չհետևելը կվնասի ՌԴ իշխանությունների համբավը անգամ աշխարհի այն հատվածներում, որտեղ նրանց դեռ հավատարիմ են», – ասել է Կինեվը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ WSJ լրագրողին փոխանակելու հարց դեռ չի քննարկվում, քանի որ անցյալում տեղի ունեցած փոխանակումները կատարվել են այն մարդկանց հետ, ովքեր արդեն կրել են դատավճռով սահմանված պատիժը։

Էվան Գերշկովիչը Ռուսաստանի ԱԳՆ կողմից լիազորված լրագրող է, որը շուրջ 6 տարի ապրում է ՌԴ-ում և աշխատում WSJ-ի Մոսկվայի բյուրոյում: Ավելի վաղ ամերիկացին աշխատել է նաև Agence France-Presse, The Moscow Times և New York Times գործակալություններում: 

Գերշկովիչը գրում էր Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված բոլոր գլխավոր նորությունների մասին։ Մարտի սկզբին նա կոլեգաների հետ նյութ էր հրապարակել «Վագներ» մասնավոր ընկերության ղեկավարի և Կրեմլի միջև աճող լարվածության մասին։ Լրագրողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Ուկրաինայի պատերազմի մասին ամբողջական և ճշտգրիտ տեղեկատվությունը թաքցնելու մասին WSJ-ի աղմկահարույց նյութի համահեղինակն է։

Գերշկովիչի վերջին նյութերը Ռուսաստանի անմխիթար տնտեսական հեռանկարների, Բախմուտի շուրջ իրադարձությունների, Չինաստանի առաջնորդի Մոսկվա այցելության և Վրաստանի ցույցերի մասին էին։