Home / Հայաստան / Գաղտնալսվում են և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները, և՛ կորեացիները, և՛ հունգարացիները

Գաղտնալսվում են և՛ ռուսները, և՛ ուկրաինացիները, և՛ կորեացիները, և՛ հունգարացիները

Հինգշաբթի ուշ երեկոյան Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարեցին Պենտագոնից «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերի հսկայական արտահոսքի գործով առաջին ձերբակալության մասին։ Մասաչուսեթս նահանգի Նորթ Դայթոն քաղաքում ձերբակալված Ջեյք Դուգլա Թեյշեյրան մեղադրվում է գաղտնի տեղեկությունների հավաքվագրման և փոխանցման մեջ։ Ազգային գվարդիայի ռազմաօդային ստորաբաժանման 21-ամյա աշխատակցի դատը մեկնարկել է այսօր՝ Բոստոնում։

Հետաքննությունը, ի թիվս այլի, պետք է պարզի՝ ինչպես է ստացվել, որ 21-ամյա կրտսեր աշխատակցին հասանելի են եղել ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության և հատուկ ծառայությունների հույժ գաղտնի փաստաթղթերը, օրինակ՝ Ուկրաինայում մարտական իրավիճակի, Ռուսական հատուկ ծառայություններից ստացվող ինֆորմացիայի, Իսրայելի ներքին քաղաքականության, Հարավային Կորեայի նկատմամբ ճնշումների, ընկերներին և թշնամիներին գաղտնալսելու մասին։

 

Արտահոսքի մեջ մեղադրվող երիտասարդն աշխատում էր Մասաչուսեթսի ազգային գվարդիայի հետախուզական բաժնում՝ որպես IT մասնագետ։ Զբաղվում էր «կիբեր տեղափոխման համակարգերով», ուներ 1-ին կարգի օդաչուի աստիճան՝ կրտսեր պաշտոն։ Թեյշեյրան, ըստ BBC-ի, ազգային գվարդիային է միացել 2019-ին։

գեյմերները գիտեն գաղտնիքները

Ամերիկյան գաղտնի փաստաթղթերի արտահոսք հայտնաբերվել է բոլորովին վերջերս. ապրիլի 7-ին համացանցում սկսել են շրջանառվել փաստաթղթերի լուսանկարները, որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն Ուկրաինայի և մասամբ Ռուսաստանի, այլև Չինաստանի, Հարավային Կորեայի, Իսրայելի և այլ երկրների մասին:

Թեև գաղտնի փաստաթղթերի լուսանկարները գեյմերների Discord հարթակում են հայտնվել փետրվարի 28-ին և մարտի 2-ին, ամերիկյան իշխանությունները դրանց մասին իմացել են New York Times գործակալության ապրիլյան հրապարակումից հետո:

Պենտագոնը փաստաթղթերի բովանդակությունը պաշտոնապես չի մեկնաբանել։ Ամերիկացի պաշտոնյաները ըստ էության հաստատել են դրանց իսկությունը, բացառությամբ որոշ թղթերի, որոնք պոստֆակտում փոփոխվել են, ընդ որում՝ տեսանելիորեն անփույթ ձևով։ Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի թվին, հետին թվով ուկրաինական կողմի կորուստները ուռճացվել են, ռուսական կողմինը՝ փոքրացվել։ Փաստաթղթերից շատերը մակագրված են որպես «Հույժ գաղտնի» կամ NOFORN (Not Releasable to Foreign Nationals), ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող փոխանցվել օտարերկրյա, այդ թվում՝ դաշնակից հատուկ ծառայություններին։

Ըստ նախնական վարկածի, արտահոսքի մեջ մեղադրվող 21-ամյա Թեյշեյրանը Discord-ում ղեկավարում էր մոտ 20-ից 30 գեյմերներից, այդ թվում՝ դեռահասներից, բաղկացած մի փակ խումբ։ Հույժ գաղտնի շուրջ 300 փաստաթղթերի լուսանկարները նա հենց այնտեղ է վերբեռնել։ Խմբի նախկին անդամներն ասել են, որ Թեյշեյրան լուսանկարներով կիսվել է տպավորություն թողնելու, ոչ թե արտաքին քաղաքականությանը միջամտելու համար։

Մեկ այլ խմբի անդամ Washington Post-ին պատմել է, որ Թեյշեյրան դեռևս 2020-ի մարտից խմբում գաղտնի տվյալներ է հրապարակել։ Ըստ նրա, խմբի անդամները խոստացել էին խմբից դուրս չտարածել դրանք։

Discord-ի զրուցարանում երիտասարդները համախմվել էին զենքերի, ռազմական հանդերձանքի, համակարգչային խաղերի և Աստծո նկատմամբ սիրո շուրջ՝ գրում է The Guardian-ը։ Ըստ ընկերների, չնայած Թեյշեյրանը թերահավատորեն էր վերաբերվում ԱՄՆ կառավարությանը, նա ոչ իրազեկիչ էր, ոչ էլ օտարերկրյա գործակալ։

Պենտագոնը հավաստիացնում է, որ վերջին տասնամյակի մեջ ամենածավալուն այս արտահոսքից հետո կվերանայի գաղտնի նյութերը պաշտպանելու քաղաքականությունը, կուսումնասիրի, թե ինչպես են դրանք բաշխվում և կթարմացնի դրանց հասանելիություն ունեցող անձանց ցուցակները։ 

Ակնհայտորեն սա արտահոսք էր ներսից, ոչ թե կիբերհարձակման հետևանք՝ նշում են արտահոսքը ուսումնասիրող լրագրողները։

Գերգաղտնի փաստաթղթերը, որոնք պետք է հասանելի լինեին միայն ԱՄՆ հատուկ ծառայությունների բարձրաստիճան օղակներին և նախագահի աշխատակազմին, ըստ ամենայնի՝ տպվել են, փաթաթվել, տարհանվել և լուսանկարվել։ Մի շարք լուսանկարների հետին պլանում կարելի է տեսնել Gorilla Glue սոսինձը և որսորդական զենքի նշանոցը։ Լրագրողները ենթադրվել են, որ լուսանկարներն արվել են միևնույն վայրում։

ուկրաինական ճակատը լավատեսություն չի ներշնչում

Արտահոսած փաստաթղթերից մեկը՝ 2023 թվականի մարտի 1-ի թվագրությամբ, վկայում է Ուկրաինայում ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների հատուկ ջոկատայինների առկայության մասին։ Թե կոնկրետ որտեղ են նրանք գտնվում և ինչ են անում՝ հայտնի չէ։ Բայց, ըստ արտահոսքի, Մեծ Բրիտանիայից առնվազն 50, Լատվիայից՝ 17, Ֆրանսիայից՝ 15, ԱՄՆ-ից՝ 14 և Նիդերլանդներից՝ մեկ հատուկ ջոկատայիններ այնտեղ են։ Չնայած այս տեղեկությունները վիճարկել է թե՛ բրիտանական և թե՛ ֆրանսիական պաշտպանության նախարարությունը, արևմտյան սպեցնազների (առնվազն՝ ոչ մարտական դերերում) ներկայության մասին արդեն վաղուց է խոսվում, ինչը հակասում է ՆԱՏՕ-ի և Ալյանսին անդամակցող երկրների պաշտոնական հայտարարություններին։

Չնայած Արևմուտքը խոսում է Ուկրաինայի ռազմական հաջողությունների և գարնանային հակահարձակման ցանկալի հեռանկարների մասին, արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ ուկրաինական կողմի կարողությունները ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ հարցեր են առաջացնում։

Դետալիզացված փաստաթղթերը (ըստ ամենայնի՝ պատրաստված ազգային հետախուզության կողմից), որոնցում զետեղված են թեժ կետերի քարտեզները, բացահայտում են ուկրաինական հակաօդային պաշտպանության խոցելիությունը։

Ըստ արտահոսած փաստաթղթերի՝ ՀՕՊ-ը մաշեցրել են ռուսական օդային հարվածները, հետագա ռազմաօդային հարձակումները զսպելու կարողությունները մեծ չեն։ Ուկրաինայի ՀՕՊ-ը համալրված է հիմնականում (գրեթե 90%-ով) խորհրդային արտադրության համակարգերով (С-300, Бук), զինամթերքի պաշարներն արդեն սպառվում են։ Միաժամանակ, ըստ այս տվյալների, արևմտյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի սպառումը ավելի մեծ էր, քան դրանք համալրելու կարողությունները։ Ըստ որոշ գնահատականների, ուկրաինական ՀՕՊ-ը արդեն ապրիլին կարող է առանց զինամթերք մնալ։ ԱՄՆ-ն պլանավորում է անհապաղ կերպով С-300 և Бук համակարգերի համար հրթիռներ հայթայթել դաշնակիցներից։

Փաստաթղթերում կանխատեսվում է, որ «ոչ բավարար վերապատրաստումը և մատակակարվող սպառազինության պակասը արգելակելու են պրոգրեսն ու մեծացնելու են ուկրաինական կողմի կորուստները սպասվող հարձակման ժամանակ»։

Արտահոսքը վկայում է նաև ռուսական կողմի՝ մատակարարումների հետ կապված խնդիրների և բարոյական հյուծվածության մասին և փաստում, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հընթացս և նախօրոք տեղեկանում են նաև ռուսական բանակի պլանների մասին։

Որոշ փաստաթղթեր կասկածի տակ են դնում ուկրաինական կողմի՝ արևելյան և հարավային ուղղություններով գարնանային հակահարձակման հաջողության հեռանկարը։ Եթադրվում է, որ գարնանային հակահարձակումը նվազ արդյունավետ կլինի, քան անցյալ տարվա ռազմական գործողությունները Խերսոնի և Խարկովի ուղղությամբ։ Նշվում է, որ Դոնբասի համար կռիվը «հավանաբար մտնում է փակուղի»։

Ավելին՝ Ուկրաինան վաղուց հայտարարել է Ռուսաստանը բռնակցված Ղրիմին կապող կամուրջը կտրելու մտադրության մասին։ Այս մտադրությունները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը ամրապնդել է իր դիրքերը կիսակղզում և դրա շուրջ։ Արտահոսած ամերիկյան փաստաթղթերի համաձայն, Ուկրաինայի դաշնակիցները թերահավատ են, որ այս նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ։

Հորեղբայր Սեմը հետևում է բոլորին

Գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Վաշինգտոնը հետևել է ինչպես Ռուսաստանի, այդպես էլ Ուկրաինայի և դաշնակից այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ փաստաթղթերի, ամերիկացիք հետևում են նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին։

1․ Ռուսաստան

ԱՄՆ-ն այս կամ այն կերպ տեղեկություններ է ստացել գրեթե բոլոր ռուսական ուժային գերատեսչություններից: 

Օրինակ, «հույժ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերից մեկում քննարկվում են Ռուսաստանի գլխավոր շտաբի պլանները` ինչպես կանխել ՆԱՏՕ երկրներից Ուկրաինա տանկերի մատակարարումը: ԱՄՆ-ն, ըստ այս արտահոսքի, քաջատեղյակ է նաև ռուսաստանցի օլիգարխ Եվգենի Պրիգոժինի «Վագներ» մասնավոր բանակի ծրագրերից։

Ինչպե՞ս է այս ինֆորմացիան օգտագործվում։ Ի թիվս այլի, առնվազն որոշ դեպքերում այն փոխանցվում է Կիևին։ Որոշ փաստաթղթեր, ըստ Washington Post-ի, վկայում են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները նախապես զգուշացրել են Կիևին ռուսական հարձակումների օրերի, ժամերի և թիրախների (էներգետիկ ենթակառուցվածքներ, կամուրջներ և այլն) մասին՝ հնարավորություն տալով հակազդել դրանց։

2․ Ուկրաինա

Արտահոսքը վկայում է նաև այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել և գաղտնալսել են Ուկրաինայի քաղաքական և ռազմական ղեկավարներին, նրանց ներքին խոսակցությունները։

Չնայած սրան՝  New York Times-ը եզրակացնում է, որ, ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, ԱՄՆ-ն ռուսական ռազմական օպերացիաների մասին ավելի շատ պատկերացում ունի, քան Ուկրաինայի պլանների։

3․ Հարավային Կորեա

Ըստ արտահոսած փաստաթղթերի, Հարավային Կորեայի պաշտոնյաները անհանգստություն են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ճնշում գործադրել երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի վրա, որպեսզի ստիպի օգնել Ուկրաինային: Ընդ որում ամերիկացիներն այս մասին իմացել են «ռադիոտեխնիկական հետախուզության» զեկույցից, այսինքն՝ էլեկտրոնային հաղորդագրությունների և հեռախոսային զրույցների գաղտնալսումից: 

Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, թե այս տեղեկությունները փոփոխված են և ոչ ճշտգրիտ։ Երկրի իշխանությունները, այնուամենյանիվ, հավաստիացրել են՝ կորեացի պաշտոնյաների գաղտնալսումը կքննարկվի Միացյալ Նահանգների հետ։

Այն, որ ԱՄՆ-ն փորձում է «նպաստել» Կորեայից Ուկրաինա զինամթերքի մատակարմանը, գաղտնիք չէ։ Այդ մասին դեռևս նոյեմբերին գրում էր Wall Street Journal-ը: Կորեացիները հրաժարվում էին զինել Ուկրաինային և սահմանափակվում են միայն մարդասիրական օգնություն տրամարդելով:  Փոխարենը նրանցից զենք են վաճառում ԱՄՆ-ին և Լեհաստանին: 

Լեհաստանը կորեացիներից K-9 հրետանային ինքնագնաց կայանքներ և K-2 հիմնական մարտական տանկեր է գնում։ Ուկրաինային նրանք Krab ինքնագնաց կայանքներ ու Т-72 տանկեր են տալիս։ Մարտի սկզբին Սեուլը պաշտոնապես թույլատրել է Ուկրաինային փոխանցել Krab հաուբիցները, որոնց բաղադրամասերից մեկն արտադրվում է Հարավային Կորեայում։ Դա առաջին ապացույցն էր, որ Սեուլը ոչ թե աչք է փակում, այլ ուղղակիորեն համաձայն է կորեական բաղադրիչներով զինամթերքի Ուկրաինա մատակարարմանը։

4․ Միացյալ Արաբական Էմիրատներ

Փաստաթղթերից մեկից հետևում է, որ ռուսաստանցի ռազմական հետախույզները Էմիրատներից համաձայնություն են ստացել, որ «միասին աշխատեն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների դեմ»։ Միացյալ Արաբական Էմիրատները սա հերքել են․ ռուսական հետախուզության հետ կապերը խորացնելու մասին տեղեկությունները նրանք «վճռականորեն կեղծ» են անվանել։

5․ Հունգարիա

Ըստ արտահոսած փաստաթղթերից մեկի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համարում է, որ ԱՄՆ-ն իր կուսակցության երեք գլխավոր հակառակորդներից մեկն է։ Օրբանն նման համոզվունք է հայտնել իր կուսակցության փակ նիստերից մեկում։ 

Բուդապեշտում BBC-ի պրոկառավարական աղբյուրը պարզաբանել է, թե Օրբանը գլխավոր հակառակորդ է անվանել ոչ թե ԱՄՆ-ին, այլ Բայդենի վարչակազմին՝ հավելելով, որ իշխող կուսակցության անդամներն անհանգստացած են, որ Վաշինգտոնը կփորձի միջամտել Հունգարիայում սպասվող ընտրություններին։ Դիվանագետի խոսքերով, ԱՄՆ-ի և Հունգարիայի հարաբերությունները դեռ երբեք այսքան լարված չեն եղել։

6․ Եգիպտոս

Ըստ մեկ այլ փաստաթղթի՝ փետրվարի 17-ի թվագրությամբ, Եգիպտոսը պլանավորում էր Ռուսաստան հրթիռներ և այլ զինամթերքներ մատակարարել։ Փաստաթուղթը ամփոփում է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի և եգիպտացի բարձրաստիճան սպաների միջև զրույցները, գրում է The Guardian-ը։

7․ Իսրայել

ԱՄՆ կենտրոնական հետախուզության՝ մարտիմեկյան հաղորդագրության մեջ նշվել է, որ իսրայելական հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, հորդորել է իր սպաներին մասնակցել դատական բարեփոխումների դեմ հակակառավարական ցույցերին։

8․ ՄԱԿ

Վաշինգթոնը հետևում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին․ որոշ փաստաթղթեր բացահայտում են Գուտեռեշի և նրա տեղակալների անձնական խոսակցությունների բովանդակությունը։ ԱՄՆ-ն Գուտեռեշի որոշ գործողություններ ռուսամետ է համարել: Oրինակ է բերվել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև հուլիսին կնքված՝ Սև ծովով հացահատակի մատակարարման պայմանագիրը։ 

Վիքիլիքսի հետ չես համեմատի

Միացյալ Նահանգները ավելի շատ մտահոգված է ոչ թե արտահոսքի բովանդակությամբ, այլ դրա փաստով ինքնին։ Մեծ հաշվով՝ այնտեղ արտառոց ոչինչ չկա։

Գաղտնիք չէ, որ Վաշինգտոնը հետևում է բոլորին։ Ուկրաինայի հետ կապված մտահոգությունները և՛ս, մեծ հաշվով, սենսացիա չեն։ 

Ամերիկյան որոշ սկեպտիկները սա համեմատում են WikiLeaks-ի գաղտազերծումների և Չելսի Մանինգի՝ իրաքյան պատերազմին առնչվող ապշեցուցիչ բացահայտումների հետ։ Արտահոսած տեղեկությունների «անատամությունը» որոշակի դավադրապաշտական մեկնաբանությունների տեղիք է տալիս։

New York Times-ի հետ զրույցում ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը արտահոսքը որակել է որպես մղձավանջ «Հինգ աչքերի» համար՝ նկատի ունենալով հետախուզական տվյալներով ակտիվորեն փոխանակվող հինգ երկրների դաշինքը (ԱՄՆ, Մեծ Բրիտանի, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա)։ Արտահոսքը լուրջ հարցեր է առաջացրել նաև ԱՄՆ-ին ինֆորմացիա տրամադրող երկրների մոտ։

հարված Կիևին

Գաղտազերծումը առավելապես վնասել է Ուկրաինային՝ եզրակացրել են ամերիկյան թերթերը։ Ռուսաստանի պլանների մասին Վաշինգտոնի տեղեկացվածությունը, ճիշտ է, որոշակիորեն վարկաբեկել է նաև Կրեմլի ուժային թևերին։ Հետևանքների մասին այժմ տարբեր ենթադրություններ են արվում։ 

Թեև ուկրաինական բանակի հակահարձակմանը վերաբերող փաստաթղթերը բավականին հին էին (թվագրված մինչև մարտի 1-ը) և, ըստ փորձագետների, կարող էին այլևս արդիական չլինել, դրանք որոշակիորեն բացահայտել են ուկրաինական բանակի խոցելիությունը, տեղեկություններ տարածել նաև հակահարձակմանը պատրաստվող ուկրաինական ջոկատների, նրանց ստացած զինտեխնիկայի, HIMARS-ի զինամթերքների օրական սպառումների, վերապատրաստումների մասին։

Որոշ փաստաթղթերում նշվում է, օրինակ, որ Ուկրաինայի զինված ուժերում հակարձակաման համար երկու զորամիավորում է ստեղծվում․ բրիգադներից 9-ի վերապատրաստումն ու զինումը իրենց վրա են վերցրել արևմտյան երկրները, 3-ինը՝ Ուկրաինան։ Այս թվերը ևս կասկածների տեղիք են տվել․ մեկնաբանների ուշադրություն են հրավիրում ստորաբաժանումների ակնհայտորեն թույլ կազմի վրա՝ թե՛ անձնակազմի, թե սպառազինության տեսանկյունից։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքը ազդեցություն չի ունենա ո՛չ հարձակման օպերացիայի, ո՛չ էլ դաշնակից երկրների հետ Ուկրաինայի հարաբերությունների վրա։ 

Washington Post-ի հետ զրույցում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ արտահոսած տեղեկությունների մեծ մասը արդեն վաղուց հանրայնացված է․ «Արդեն նոյեմբերից բոլորի համար ակնհայտ էր, որ հաջորդ հակահարձակումը լինելու է հարավում, սկզբում՝ Մարիուպոլի, հետո Բերդյանսկի ուղղությամբ»։ Հստակ լոկացիաները, ըստ նրա, դեռ կփոխվեն։

Իսկ Ուկրաինայի նախագահի խորհրդականը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ գաղտազերծման պատճառով Կիևը ստիպված է եղել փոխել իր որոշ պլանները։