Իսրայելում ցուցարարները շրջափակել էին վարսավիրանոցը, որում հարդարվում էր վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը։ Գեղեցկության սրահը շրջափակման մեջ է գտնվել ավելի քան 3 ժամ։ Առաջին տիկնոջը տարհանելու համար հատուկ նշանակության ջոկատ է ուղարկվել։
Վերջին շաբաթներին երկրում զանգվածային բողոքի ցույցեր են։ Նեթանյահուի գլխավորդած ուլտրաաջական կառավարությունից ցուցարարները պահանջում են հետ կանգնել դատական բարեփոխումների ծրագրից։ Ցուցարարները փողոցներ են փակում և արգելափակում երկաթգծերի աշխատանքը։ Ոստիկանությունը արձագանքում է բիրտ ուժի կիրառմամբ․ նախօրեին Թել Ավիվում ուժայինները լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ են կիրառել։
https://twitter.com/Dana35300026/status/1630986346067099652
Գործող օրենքով Գերագույն դատարանի դատավորները (ընտրվում են դատական համայնքի այլ անդամներից) իրավունք ունեն բեկանել կառավարության և խորհրդարանի որոշումները։ Բարեփոխումներից հետո գործադիրը վճռորոշ ազդեցություն է ունենալու դատավորների նշանակման հարցում, Դատարանի լիազորությունները էապես սահմանափակվելու են։ Ցուցարարները համոզված են, որ սա խարխլելու է դատական համակարգի անկախությունը և վերացնելու է իսրայելական ժողովրդավարության հիմնարար երաշխիքները։ Ընդդիմախոսներին Նեթանյահուն «անարխիստներ» է անվանում։
«Անարխիստները՝ [«Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր] Լապիդի գլխավորությամբ, շարունակում են հատել կարմիր գծերը: Նրանք հետապնդում և սպառնում են կնոջս», – հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Մենք չենք կարող թույլ տալ մեզ ընկնել անարխիայի մեջ՝ հավելել է աջական վարչապետը․ «Հավաքների ազատությունը երկիրը անարխիայի և քաոսի վերածելու արտոնագիր չէ»։
Ցուցարարների և ոստիկանների միջև զուգահեռ ընթացող բախումները վարչապետւ ըստ էության չի մեկնաբանել։ Դատելով համացանցում տարածվող տեսանյութերից, Թել Ավիվում իրականացվող զանգվածային ձերբակալությունները զուգորդվել են ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ։
Israel Police officers threw stun grenades into a crowd of protesters in Tel Aviv early in an effort to disperse the protests as lawmakers prepared to make judicial changes that opponents see as a threat to democracy https://t.co/S3tOSu3DfI pic.twitter.com/gzrsqQX18z
— Reuters (@Reuters) March 1, 2023
Ըստ ԲիԲիՍիի, ցուցարարները պնդում են, որ բախումներ չեն հրահրել և որ ոստիկանական բռնությունները անակնկալ էին նաև իրենց համար։ Իշխանությունները հակադարձում են՝ ոստիկանները համբերատար են գործել նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց ուղղությամբ քարեր և պատնեշների մասեր էին նետում։
BREAKING 🇮🇱 : 100000 Israelis Protests Right Now In Tel Aviv
Massive protest is taking place in the city of Tel Aviv in #Israel against the judicial reform proposed by the Netanyahu govt pic.twitter.com/vCvVH87tUb
— Zaid Ahmd (@realzaidzayn) February 25, 2023
Իսրայելը կվերածվի «երկրորդ Իրանի»
Կառավարությունը մտադիր է սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները և դատական իշխանությանը զրկել օրենսդիր և գործադիր ատյանների որոշումների վրա ազդելու հնարավորությունից։
Գործնականում սա նշանակում է, որ Գերագույն դատարանն այլևս չի կարողանա արգելափակել այն օրենքները, որոնք նա հակասահմանադրական է համարում: Ցանկացած վետո հնարավոր կլինի շրջանցել խորհրդարանական պարզ մեծամասնության միջոցով՝ 61 ձայն։ Այսինքն Քնեսեթում մեծամասնություն ունեցող (ուլտրա)աջական կոալիցիան գրեթե միշտ կկարողանա շրջանցել Գերագույն դատարանի վետոն։
Հիմնական օրենքները այևս չեն քննարկվի Գերագույն դատարանում։ Այս կամ այն օրենքի փոփոխության կամ չեղարկման անհրաժեշտության դեպքում առաջարկվում է այլ ընթացակարգ, որում որոշումները կկայացվեն ոչ թե ձայների մեծամասնությամբ, այլ հատուկ կարգով՝ ասել է Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լևինը։ Թե ինչ է ենթադրում այս հատուկ կարգը՝ Լևինը չի բացատրել։
Հաշվի առնելով այն, որ Իսրայելը չունի սահմանադրություն, հետևաբար՝ չունի նաև Սահմանադրական դատարան, Գերագույն դատարանը մինչ այժմ վերահսկողություն է իրականացրել կառավարության գործողությունների նկատմամբ։
Բարեփոխումների հակառակորդները մտավախություն ունեն, որ վերահսկողությունից դուրս մնացած իշխող կոալիցիայի ծայրահեղ ազգայնականներն ու ծայրահեղ օրթոդոքսները երկիրը կվերածեն «երկրորդ Իրանի»։ Առավել չափավոր քննադատությունը կենտրոնանում է գործող վարչապետի ապագայի վրա․ Նեթանյահուն կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի, դատական բարեփոխումը թույլ կտա նրան, մի կողմից, ամրապնդել իր իշխանությունը, մյուս կողմից՝ խուսափել ցանկացած տիպի պատասխանատվությունից։
Գրավված օջախներ
Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո 2022-ի նոյեմբերի 1-ին Իսրայելում իշխանության է եկել ամենաաջական՝ ամենակրոնական, պահպանողական և ամենալիբերալ կառավարությունը։ Վարչապետի պաշտոնում (արդեն 6-րդ անգամ) հաստատել է Բենյամին Նեթանյահուն։ Նրա ղեկավարծ «Լիկուդ» կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ձևավորել՝ կոալիցիա կազմելով ուլտրաազգայնականաների և ուլտրաօրտոդոքների հետ։
Մոտ մեկուկես տարի առաջ պաշտոնը կորցրած Նեթանյահուի համար սա արդեն ռեկորդային՝ վեցերորդ ժամկետն է լինելու վարչապետի պաշտոնում (ընդհանուր՝ 15 տարի)։ Նրա կոալիցիոն գործընկերները, սակայն, խոստանում են երկիրը տանել նոր ուղղությամբ։ Նրանք մտադիր են ընդլայնել խորհրդարանի իրավունքները, մասնավորապես՝ հնարավորոթյուն ընձեռնել բեկանել Գերագույն դատարանի որոշումները։ Կոալիցիայի անդամները հանդես են գալիս հակա֊ԼԳԲՏ կարգախոսներով և առաջարկում թույլատրել բիզնեսին կրոնական հիմքով հրաժարվել ծառայություններ մատուցելուց։
Նոր կառավարությունը հայտարարել է, որ «հրեա բնակչության բացառիկ և անվիճարկելի իրավունքները Իսրայելի ողջ տարածքում» լինելու են իր հիմնարար սկզբունքը։ Հետագայում – հուշագրի տեսքով – պարզաբանվել է, որ այս սկզբունքը տարածվելու է նաև Հորդանան գետի Արևմտյան ափի վրա (որը պատկանում է Պաղեստինյան ինքնավարությանը)։ Կառավարությունը խոստացել է, որ մտադիր է «զարգացնել» այնտեղի (ապօրինի) հրեական բնակավայրերը և ընդլայնել դրանք։
Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի՝ 1967 թվականին օկուպացված տարածքներում առնվազն 140 հրեական ավան է առաջացել։ Վերջին տվյալներով, այնտեղ նվազագույնը 600 հազար հրեա է ապրում։ Միջազգային հանրությունը և, իհարկե, նաև պաղեստինացիները համարում են, որ այդ բնակավայրերը ապօրինի են։ Զավթիչները վայելում են Իսրայելի ամբողջական հովանավորությունը։
Բացի այդ, Արևմտյան ափին մոտ հարյուր այսպես կոչված ֆորպոստեր կան՝ փոքրիկ բնակույթներ, որոնք ստեղծվել են առանց իսրայելական իշխանությունների թույլտվության։ «Կրոնական Սիոնիզմ» ուլտրաազգայնական կուսակցության հետ պայմանավորվածությունների շրջանակներում Նեթանյահուն համաձայնել է հետին թվով և ամբողջությամբ լեգալիզացնել այդ ֆորպոստերը։
Նա խոստացել է նաև ամբողջությամբ բռնակցել պաղեստինական Արևմտյան ափը՝ «ընտրելով ճիշտ պահն ու կշռադատելով Իսրայել պետության ազգային և միջազգային շահերը»։ Անկասկած՝ Իսրայելի արևմտյան և արաբական դաշնակիցները այս քայլին չեն սատարելու։
Նեթանյահուի ակնառու ազգայնամոլ հայտարարությունները պատկերազարդվում են նաև նրա կադրային քաղաքականությամբ։ Նախարարների նոր կաբինետը համալրվել է անվանի ուտրաաջականներով։
Օրինակ՝
— «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ, ծայրահեղ ազգայնական Բեցալել Սմոտրիչը, որը ապրում է Արևմտյան ափին, ստացել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նրա պատասխանատվության տակ են լինելու, ի թիվս այլի, նաև պաղեստինյան Արևմտյան ափին հրեական (ապօրինի) ավաններ կառուցելու շիննախագծերը։ Պաղեստինացիների կյանքի որոշ բնակավառներ հայտնվելու են նրա անմիջական վերահսկողության ներքո։
— Արևմտյան ափի ևս մեկ հրեա՝ ծայրահեղ աջական «Օցմա Յեղուդիտ» կուսակցության առաջնորդ Իթամար Բեն-Գվիրը, որը ժամանակին դատապարվել է ռասիզմի և ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, դարձել է ներքին անվտանգության նախարար։