Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իշխող կոալիցիայի առաջնորդներին հայտարարել է, որ կհրաժարվի դատական համակարգի բարեփոխումներից՝ ավելի քան 12 շաբաթ շարունակվող լայնածավալ ցույցերի ֆոնին․ այս մասին հաղորդել է Իսրայելի հեռուստառադիոհեռարձակման գործակալությունը։
Օրինագծից հրաժարվելու մասին պաշտոնական հայտարարություն, այնուամենայնիվ, դեռևս չկա․ Նեթանյահուի առավոտյան նախատեսված հեռուստաուղերձը հետաձգվել է՝ կառավարությունում տիրող իրարանցման պատրվակով։ Բարեփոխումներից հրաժարվելու հարցում իշխող կոալիցիան պառակտված է, գրում է Reuters-ը։
Բարեփոխման հետևանքով դատական իշխանությունը զրկվում է օրենսդիր և գործադիր ատյանների որոշումների վրա ազդելու հնարավորությունից։ Մինչ այս Գերագույն դատարանը կարող էր չեղարկել այն օրենքների ընդունումը, որոնք հակասահմանադրական էր համարում: Առաջարկվող օրինագծով դատարանի ցանկացած վետո կարող է չեղարկվել խորհրդարանական մեծամասնությամբ՝ 61 ձայնով: Այլ կերպ ասած, Իսրայելում իշխող կոալիցիան, որը խորհրդարանի մեծամասնությունն է, միշտ կկարողանա շրջանցել Գերագույն դատարանի վետոն, և ազատորեն ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։
Մարտի 27-ին՝ լայնածավալ ցույցերի ֆոնին, երկրում բարեփոխումների օրինագծի դեմ զանգվածային գործադուլ է հայտարարվել, որին միացել են համալսարանները, հիվանդանոցները, և տարբեր երկրների դեսպանատները Իսրայելում։ Աշխատանքը դադարեցրել են նաև երկրի գլխավոր՝ Բեն Գուրիոն օդանավակայանը, և երկու հիմնական նավահանգիստները։
Նախօրեին գործադուլին միանալու հայտարարություն էր արել ավելի քան 700 հազար աշխատողների ներկայացնող «Հիստադրութ» արհմիությունը, ինչից հետո ցուցարարները երկրի բոլոր շրջաններից մեկնել են Երուսաղեմ՝ խորհրդարանի շենքի առաջ բողոքի ակցիային մասնակցելու նպատակով։
Խորհրդարանին բարեփոխումներից հրաժարվելու կոչ է արել երկրի նախագահ Իցհակ Հերցոգը։ Դատական համակարգի փոփոխությունները քննադատել է նաև երկրի Պաշտպանության նախարար և իշխող «Լիկուդ» կուսակցության անդամ Յոավ Գալանտը։
Գալանտը նշել է, որ երկրի պառակտվածությունը կարող է թուլացնել բանակը։ Վարչապետը, ի պատասխան, հեռացրել է նրան աշխատանքից։ Գալանտը իշխող կուսակցության դեռևս միակ անդամն է, ով բարեփոխումներին դեմ է արտահայտվել։
Նախարարի աշխատանքից ազատումից հետո ցույցերը շարունակվել են նոր թափով։ Միայն մարտի 26-ին Թել Ավիվի բողոքի ակցիային մասնակցում էր ավելի քան 300 հազար ցուցարար։ Ցույցերը ցրելու համար ոստիկանությունը, և վերջինիս միացած բանակը ջրցան են կիրառել։
Israel… right around the world we are witnessing an uprising against dictators that believe they can steal democracy from the citizens… the media doesn’t not want you to see
RESIST 🔥🔥🔥 pic.twitter.com/aiUim3X9so
— Pelham (@Resist_05) March 27, 2023
Մասնակիցների խոսքերով, նրանք փողոց են դուրս գալիս պաշտպանելու ժողովրդավարությունը, որը ոտնձգության է ենթարկվել Բենյամին Նեթանյահուի նոր կառավարության կողմից։
Նեթանյահուն պնդում է, որ դատարանների լիազորությունները սահմանափակող բարեփոխումները կվերականգնեն իշխանության թևերի միջև հավասարակշռությունը։ Օրինագիծը քննադատողները, մյուս կողմից, պնդում են որ այն քաղաքականացնում է դատական համակարգը և կարող է հանգեցնել ավտորիտար ռեժիմի։
Բացի այդ, դատական համակարգի փոփոխությունները կօգնեն վարչապետին խուսափել իր նկատմամբ հարուցված երեք կոռուպցիոն գործերի պատասխանատությունից։
2022 թվականի նոյեմբերի 1-ին Իսրայելում Քնեսեթի (խորհրդարանի) արտահերթ ընտրություններին իշխանության էր վերադարձել աջական «Լիկուդ» կուսակցությունը՝ 73-ամյա Բենյամին «Բիբի» Նեթանյահուի ղեկավարությամբ։ Նեթանյահուն վարչապետ է ընտրվել արդեն 6-րդ անգամ, չնայած այն հանգամանքին որ նրա նկատմամբ կոռուպցիայի հոդվածով այս պահին երեք քրեական գործ է հարուցված։
Ընդդիմադիրները Նեթանյահուին մեղադրում են ավտորիտարիզմի և պետությունը հավերժ աջական ու կրոնական դարձնելու անթաքույց ցանկության մեջ: