Իսրայելական «Խորխեի թիմ» հաքերների խումբը տարբեր կուսակցությունների և մասնավոր ընկերությունների պատվերով միջամտել է ամբողջ աշխարհի քաղաքական գործընթացներին` պարզե; է 30 տարբեր պարբերականների, այդ թվում` The Maker-ի, Haaretz-ի, Le Monde-ի և Der Spiegel-ի լրագրողների համատեղ հետաքննությունը:
Հետաքննության հեղինակների տվյալներով՝ խմբի ղեկավար Թել Հանանը, որը աշխատում է «Խորխե» կեղծանվան տակ, ժամանակին աշխատել է Իսրայելի հատուկ ծառայությունում։ Վերջինս ընդունել է, որ իր թիմը գաղտնի կերպով ներգրավված է եղել տարբեր երկրների շուրջ 33 նախագահական ընտրությունների մեջ։
Խումբը գումարի դիմաց հաքերային ծառայություններ է մատուցում, ինչպես նաև հնարավորություն է տալիս սոցիալական ցանցերում կեղծ պրոֆիլների հսկայական բանակի միջոցով մանիպուլացնել հասարակական կարծիքը։ Խմբի կողմից առաջարկվող մասնավոր ծառայությունը խոստանում է գաղտնի և առանց հետքեր թողնելու միջամտել տարբեր երկրների ընտրական գործընթացներին։
Թել Հանանի խոսքով խոսքերով՝ իրենց խումբն ունի աշխարհով սփռված վեց գրասենյակներ։ Ըստ նրա՝ իսրայելցի հաքերների ծառայությունները օգտագործվել են Աֆրիկայի, Կենտրոնական Ամերիկայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում։
Հետաքննությունն իրականացնող լրագրողներից երեքը դիմել են «Խորխեի թիմին»՝ ներկայանալով որպես Աֆրիկայում աշխատող խորհրդականներ, և խնդրել են օգնել աֆրիկյան երկրներից մեկում հետաձգել ընտրությունները: Ընդհանուր առմամբ, լրագրողները ձայնագրել են հաքերական թիմի հետ զրույցներից մոտ վեց ժամը։
Հանդիպումների ժամանակ հաքերների խումբը ներկայացրել է, թե ինչպես է կարողանում սոցցանցերում ապատեղեկատվություն տարածել, ինչպես է տեղեկություններ հավաքագրում՝ մուտք գործելով Gmail-ի ու Telegram-ի օգտատերերի հաշիվներ, այդ թվում՝ տեղի բջջային կապի օպերատորների հետ համագործակցելով։
Հանանը ժխտել է, որ երբևէ որևէ անօրինական գործողություն է կատարել։
Չադում, օրինակ, հաքերները 6 միլիոն եվրո են պահանջել ընտրությունները տապալելու համար՝ խոստանալով պայթյուն կազմակերպել մայրաքաղաք Նջամենայի շուկայում։
Կատալոնիայում 2014 թվականին անկախության հանրաքվեն տապալելու համար հաքերների թիմը կիբերհարձակումներ է կազմակերպել։ Հանրաքվեն տեղի չի ունեցել։
Բացի այդ, իսրայելցի հաքերները ծառայություններ են մատուցել Cambridge Analytica բրիտանական վերլուծական ընկերությանը, այդ թվում՝ 2016-ին ընտրված նախկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավների ժամանակ։
2018 թվականին մի շարք լրատվամիջոցներ մեղադրել էին Cambridge Analytica-ին Դոնալդ Թրամփի ընտրարշավի ժամանակ ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների ապօրինի գործածման մեջ։ Սկանդալից հետո ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստիպված է եղել ելույթ ունենալ ԱՄՆ կոնգրեսի երկու լսումների ժամանակ, իսկ Cambridge Analytica-ն դադարեցրել է իր աշխատանքը։