Կիրակի գիշերը մոտ կես միլիոն մարդ դուրս է եկել Իսրայելի փողոցներ՝ բողոքելու կառավարության կողմից նախատեսված դատական համակարգի բարեփոխումների դեմ։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ սա երկրի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ակցիան է։ Միայն մայրաքաղաք Թել Ավիվում ակցիային մասնակցել է մոտ 200 հազար մարդ։
Երկրում բողոքի ակցիաները չեն հանդարտվում ավելի քան երկու ամիս։ Ցուցարարները հայտարարում են, որ դուրս են գալիս պաշտպանելու ժողովրդավարությունը, որը ոտնձգության է ենթարկվել Բենյամին Նեթանյահուի նոր կառավարության կողմից։ Նորանշանակ վարչապետը իր հերթին պնդում է, որ դատարանների լիազորությունները սահմանափակող բարեփոխումները կվերականգնեն իշխանության թևերի միջև հավասարակշռությունը։
Hundreds of thousands of people have rallied in cities across Israel for a 10th week to protest plans by Benjamin Netanyahu’s far-right government to curb the powers of the Supreme Court ⤵️ pic.twitter.com/99rWgKPxlJ
— Al Jazeera English (@AJEnglish) March 12, 2023
Սպառնալիք ժողովրդավարությանը
Բարեփոխման էությունը դատական իշխանությանը (ընտրվում են դատական համայնքի այլ անդամներից) օրենսդիր և գործադիր ատյանների որոշումների վրա ազդելու հնարավորությունից զրկելն է։ Մինչ այժմ Գերագույն դատարանը կարող էր արգելափակել այն օրենքների ընդունումը, որոնք հակասահմանադրական էր համարում: Առաջարկվող փոփոխությունները նշանակում են, որ ցանկացած վետո կարող է չեղարկվել խորհրդարանական մեծամասնությամբ՝ 61 ձայնով:
Այլ կերպ ասած, իշխող կոալիցիան, որը մեծամասնություն ունի Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանը), միշտ կկարողանա շրջանցել Գերագույն դատարանի վետոն, և ազատորեն ընդունել կամ չեղարկել ցանկացած օրենք։
«Ահաբեկչության ալիքը հարվածում է մեզ, մեր տնտեսությունը փլուզվում է, գումարը փախչում է երկրից: Իրանը երեկ նոր համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ: Բայց միակ բանը, ինչի մասին մտածում է այս կառավարությունը, Իսրայելի ժողովրդավարությունը ջախջախելն է», – հայտարարել է իսրայելական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը՝ Բեեր Շևա քաղաքում ցուցարարների առաջ ունեցած ելույթի ժամանակ:
Քննադատների խոսքերով՝ նախատեսվող բարեփոխումները, որոնք արդեն իրենց ճանապարհն են անցնում խորհրդարանում, կքաղաքականացնեն դատական համակարգը և կարող են հանգեցնել ավտորիտար ռեժիմի: Ցուցարարները, լրագրողների հետ զրույցում, պնդում են, որ դուրս են եկել բռնապետության դեմ պայքարելու։
«Ես այստեղ եմ, որպեսզի իմ դիրքորոշումն արտահայտեմ՝ ընդդեմ բռնապետության, որն այստեղ հաստատվել է այսպես կոչված օրենքի անվան տակ, [ընդդեմ] դատաիրավական բարեփոխումների: Սա դատաիրավական բարեփոխում չէ, սա հեղափոխություն է, որը Իսրայելին տանում է դեպի ամբողջական բռնապետություն: Եվ ես ցանկանում եմ, որ Իսրայելը մնա ժողովրդավարական երկիր իմ երեխաների համար, իմ թոռան համար, ով ապրելու է այստեղ, քանի որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է և պետք է մնա այդպիսին», – Reuters-ի հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը։
Բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, թեև եղել են ձերբակալություններ ու բռնի ուժի դրսևորումներ, երբ ոստիկանությունը միջամտել է ցուցարարների՝ երթևեկությունը արգելափակելու փորձերին:
Բողոքի ալտերնատիվ դրսևորումներ
Առաջարկվող դատաիրավական բարեփոխումը այնպիսի խորը քաղաքական պառակտում է առաջացրել իսրայելական հասարակության մեջ, որ սկսեցին կիրառել Իսրայելի համար նոր ու անսովոր բողոքի մեթոդներ։
Անցյալ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերի 40 պահեստային օդաչուներից 37-ը հրաժարվել են ուսումնական վարժանքներից՝ ի նշան կառավարության գործողությունների դեմ բողոքի։ Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նման որոշում է կայացվել հանուն ժողովրդավարության և Իսրայելի ժողովրդի միասնության։
Մինչև 40 տարեկան իսրայելցիների մեծ մասը, ովքեր ծառայել են բանակում, պարբերաբար կանչվում են պահեստային ծառայության՝ իրենց ռազմական հմտությունները թարմացնելու և ամրապնդելու նպատակով:
Ընդհանրապես բանակը և մասնավորապես՝ պահեստազորայինները, Իսրայելի անվտանգության ողնաշարն են։ Վերապատրաստում անցնելուց հրաժարվելը աննախադեպ դեպք է։ Ավելի ուշ օդաչուները համաձայնել են վերադառնալ իրենց ստորաբաժանումներ, սակայն հանդիպում են պահանջել իրենց հրամանատարների հետ։
Զինվորական այլ ստորաբաժանումների պահեստազորայինները հայտարարել են, որ պատրաստ են դիմել նույն քայլին, եթե կառավարությունը չհրաժարվի բարեփոխումներից:
Մի քանի օր առաջ՝ մարտի 10-ին, ցուցարարները փակել էին ճանապարհները և փորձել կանխել վարչապետ Նեթանյահուի թռիչքը երկրից։ Ավելի ուշ նրան, այնուամենայնիվ, հաջողվել է թռչել Հռոմ։
Երկու շաբաթ առաջ՝ մարտի 2-ին, ցուցարարները ավելի քան 3 ժամ շրջափակման մեջ էին պահել վարսավիրանոցը, որում հարդարվում էր Նեթանյահուի կինը։ Առաջին տիկնոջը տարհանելու համար հատուկ նշանակության ջոկատ էր ժամանել։
2022 թվականի նոյեմբերի 1-ին Իսրայելում Քնեսեթի (խորհրդարանի) արտահերթ ընտրություններին իշխանության էր վերադարձել աջական «Լիկուդ» կուսակցությունը՝ 73-ամյա Բենյամին «Բիբի» Նեթանյահուի ղեկավարությամբ։
Կոռուպցիայի մեղադրանքով հետաքննության մեջ գտնվող Իսրայելի նախկին վարչապետ Նեթանյահուին ընդդիմադիրները մեղադրում են ավտորիտարիզմի և պետությունը հավերժ աջական ու կրոնական դարձնելու անթաքույց ցանկության մեջ:
Տե՛ս նաև՝
Ինչո՞ւ են շրջափակել Իսրայելի առաջին տիկնոջը
Նեթանյահուն դառնում է մեր Պուտինը․ իսրայելցի քաղաքագետ