Ռուսաստանը հոծախումբ հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի մարզերում։ Դեկտեմբերի 16-ի առավոտից Ուկրաինայով մեկ օդային տագնապ է։ Էլեկտրամատակարարման համակարգը խափանված է։ Խարկովն ու Պոլտավան ամբողջությամբ հոսանքազրկված են։ Կիևում, Խարկովում, Կրիվոյ Ռոգում և Զապորոժիեում պայթյուններ են որոտացել։
Կրիվոյ Ռոգում հրթիռներից մեկը բնակելի տուն է խոցել, փլատակների տակից փրկարարները առնվազն երկու աճյուն են հանել։ Հարվածների թիրախում կրկին ենթակառուցվածքներն են։ Առավոտյան տվյալներով՝ Ուկրաինայի ուղղությամբ առնվազն 60 հրթիռ է արձակվել։ Կիևը հավաստիացնում է՝ հակաօդային պաշտպանությունը աշխատում է։
Ուկրաինայով մեկ էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են։ Հրթիռային հարձակման հետևանքով էներգետիկ օբյեկտներ են վնասվել Ուկրաինայի արևելքում և հարավում՝ ասել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն։ «Ուկրէներգոն» արտակարգ դրություն է հայտարարել․ հարվածների հետևանքով Ուկրաինայի էներգահամակարգը կորցրել է իր կարողությունների շուրջ 50 տոկոսը։
Պայթյուններ են եղել Կիևի երեք շրջաններում՝ Դեսնյանսկում, Դնեպրովսկում և Գոլոսեևսկում, հայտարարել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Էներգետիկ ենթակառուցվածքների վթարման հետևանքով մայրաքաղաքում խափանվել է ջրամատակարարումը։ Բնակիչները նշում են, որ մի քանի շրջաններում նաև ջեռուցումն է անջատվել։ Կլիչկոն կոչ է արել մնալ թաքստոցներում։ Մետրոյի աշխատանքը դադարեցվել է, կայարանները վերածվել են ռմբապաստարանների։ Կիևում վիրավորների կամ զոհերի մասին հաղորդումներ չկան։ Հաղորդվում է բջջային և համացանցային հապի հնարավոր խափանումների մասին։
Dimitar Dilkoff / AFP
Կիևի մարզում՝ Բրովարիում, ՀՕՊ-ի կողմից խոցված հրթիռների բեկորները ընկել են մասնավոր բնակելի տների վրա․ տուժածներ չկան։
Կրիվոյ Ռոգում բնակելի տուն է հրթիռակոծվել՝ հաղորդել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխնախագահ Կիրիլ Տիմոշենկոն։ Հինգ շքամուտքերից մեկը փլվել է։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ, երկու հոգի զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Տուժածներից երեքը երեխաներ են։
Խոշոր քաղաքներից մի քանիսը ամբողջությամբ հոսանքազրկված են։ Խարկովում էլեկտրաէներգիան անջատվել է ենթակառուցվածքային օբյեկտի հրթիռակոծումից հետո՝ նշել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարի փոխանցմամբ, ռուսական զորքերը երեք հարված են հասցրել ռեգիոնի ճգնաժամային ենթակառուցվածքների վրա, ընդհանուր առմամբ Խարկովի մարզի ուղղությամբ տասը հրթիռ է արձակվել։ Խարկովի մետրոն վերածվել է ապաստարանի։
Հոսանքազրկվել է նաև Պոլտավան։ Կրեմենչուգում ոչ լույս կա, ոչ էլ ջուր։ Նիկոլաևի մարզում էլէներգիայի վթարային անջատումներ են, Դնեպրում դադարեցվել է մետրոյի և էլեկտրատրանսպորտի աշխատանքը։
Խարկովի, Կրիվոյռոգի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի մարզերում էներգետիկ օբյեկտների վնասման հետևանքով հոսանքազրկվել են երկաթգծի մի շարք հատվածները։ Զապորոժիեի մարզում, որի ուղղությամբ առնվազն 15 հրթիռ է արձակվել, իշխանությունները կոչ են արել պատրաստվել էլեկտրաէներգիայի անջատումներին։
Alexander Ermochenko / Reuters
Արդեն երկրորդ ամիսն է՝ Ռուսաստանը հրթիռակոծում է (այդ թվում՝ ԱԹՍ-ներից) Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Մոսկվան չի թաքցնում, որ թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։
Վերջին անգամ Կիևը ռմբակոծվել է դեկտեմբերի 14-ին՝ կամիկաձե ԱԹՍ-ներից։ Ուկրաինայի նախագահն այն ժամանակ հայտարարել էր, որ ռուսական բանակը իրանական արտադրության 13 ԱԹՍ է արձակել։ Իրանական «Շահեդ» անօդաչուների օգտագործումը Մոսկվան հերքում է։
Հոկտեմբերի 10-ից սկսված հրթիռակոծումների հետևանքով ամենաշատը տուժել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքը։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման։
Դեռևս պարզ չէ՝ ինչու է Ռուսաստանը այս շաբաթ վերսկսել հոծախումբ հրթիռակոծումները։ Օրեր առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «վերջնականացրել է» Ուկրաինա «Փեթրիոթ» ՀՕՊ համակարգերի մատակարարման պլանները, ինչի մասին ամիսներ շարունակ խնդրում է Կիևը։
Ռուսական ներխուժումից 10 ամիս է անցել։ Պատերազմի տեմպերը վերջին շրջանում նվազել են։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նախօրեին զգուշացրել է՝ գնալով ավելի շատ վկայություններ են հայտնվում, որ Ռուսաստանը նոր լայնամասշտաբ հարձակում է ծրագրում․ հավանաբար, այն կսկսվի հաջորդ տարվա սկզբին։