«Զորակոչիկների դպրոց» ռուսական կազմակերպության կայքը՝ netprizivu.ru-ն, ապրիլի 5-ից արգելափակված է Հայաստանում։
Ռուսական Ռոսկոմնադզորի որոշմամբ կայքը ներառվել է արգելված ինֆորմացիա պարունակողների ցանկում։ Կարճ ժամանակ անց այն անհասանելի է դարձել նաև Հայաստանում։
Կազմակերպության նախագահ Ալեքսեյ Տաբալովը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ կայքը չի բացում հայաստանյան խոշոր ինտերնետ պրովայդերների՝ Ucom-ի, Rostelecom-ի և Team Telecom-ի օգտատերերի, այսինքն՝ գրեթե բոլորի մոտ։
«Հայաստանում ապրում են հարյուրավոր ռուսաստանցիներ, որոնք կարող են զորակոչվել։ Նրանք օգտվում են կայքից՝ իրենց իրավունքներն ավելի լավ պաշտպանելու համար։ Այս սահմանափակման պատճառով նրանք զրվում են իրավապաշտպանական աջակցություն, տեղեկատվություն, խորհրդատվություն ստանալու հնարավորությունից։ Ինձ համար հարց է՝ ինչո՞ւ են որոշ հայաստանյան պրավայդերներ հետևում Ռոսկոմնադզորի որոշումներին», – ասել է Տաբալովը։
Արգելափակումից հետո «Զորակոչիկների դպրոցը» բացել է հայելային netprizivy.ru կայքը։ Կազմակերպությունից հիշեցրել են՝ Հայաստանում VPN-ը արգելված չէ, ի տարբերություն Ռուսաստանի, և VPN ներբեռնելով կարելի է շրջանցել սահմանափակումները։
Հելսինկյան ասամբելայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանները պարզաբանումներ են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից՝ ի՞նչ պատճառաբանությամբ և իրավական ի՞նչ հիմքով է կայքէջը արգելափակվել Հայաստանում։ «․․․ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ Արտահայտվելու ազատության իրավունքը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից», – հայտարարել է ՀՔԱՎ-ը։
Վարչապետի աշխատակազմից առայժմ չեն պատասխանել։ Epress.am-ի հետ զրույցում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը պատմել է՝ իրեն զանգել են և բանավոր ասել, թե «արդեն բացել են կայքը»։ Ով և ինչ հիմնավորմամբ է այն փակել՝ պարզ չէ։ Netprizivu.ru-ը մինչև հիմա հասանելի չէ ո՛չ Ucom-ի, ո՛չ Rostelecom-ի, ո՛չ էլ Team Telecom-ի օգտատերերի համար։