Home / Համայնքներ / Բրիտանիան իր միգրանտներին ուզում է արտաքսել Հայաստան 

Բրիտանիան իր միգրանտներին ուզում է արտաքսել Հայաստան 

Մեծ Բրիտանիա հասած միգրանտներին տեղի կառավարությունն ուզում է բարդել այլ երկրների վրա, դիտարկվում է նաև Հայաստանը։ 

Սա իշխող պահպանողականների ամենակարևոր քաղաքական խոստումներից էր։

Ծրագիրը շրջանառվում է 2022 թվականից և հայտնի է «Ռուանդայի սխեմա» անունով։ Ըստ դրա՝ նավակներով Անգլիա հասած միգրանտները պիտի արտաքսվեն աֆրիկական այս երկիր, այնտեղ դիմեն փախստականի կարգավիճակի համար։

Միացյալ թագավորությունը Ռուանդային վճարել է 230 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրանց տեղավորելու համար, սակայն դեռ ոչ մի միգրանտ չի տեղափոխվել Աֆրիկա։ Եվրոպական դատարանը, ինչպես նաև բրիտանական Գերագույն Դատարանը վճիռներ են կայացրել դեպորտացիայի այս ծրագրի դեմ։

Փախստականների մասին կոնվենցիանների համաձայն՝ անկախ նրանից, օրինական թե անօրինական ճանապարհով են մարդիկ ժամանում, որևէ երկիր իրավունք չունի նրանց հենց այնպես արտաքսել։

Ավիաընկերությունները նույնպես հրաժարվում են իրագործել թռիչքները՝ փորձում են չասոցացվել մարդկանց թրաֆիքինգի հետ։ 

Հուլիսից մինչ հիմա նավակներով Անգլիա հասել է 24 000 մարդ, այդ թվում՝ քաղաքական փախստականներ։ Նրանք սպասում են անորոշության մեջ։ Եթե ծրագիրը նույնիսկ գործարկվի, Ռուանդան կարող է ընդունել միայն 200 հոգու՝ խոստանալով հետագայում մեծացնել «քվոտան»։ 

Ըստ The Times պարբերականի, բրիտանական ԱԳՆ-ն փորձում է այլ գործընկեր-երկրներ էլ գտնել։ Հղելով արտահոսած պաշտոնական փաստաթղթերի՝ թերթը գրել է, որ բանակցություներ են սկսվել Հայաստանի, Կոտ Դ՛իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ։ Մարոկկոն, Թունիսը, Նամբիան և Գամբիան միանգամից հրաժարվել են մտնել «տեխնիկական բանակցությունների մեջ»։ 

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Epress.am-ի հետ զրույցում չի հերքել, որ նման բանակցություններ առհասարակ եղել են, բայց և ընգծել է՝ «բովանդակային և տեխնիկական բանակցություններ չեն եղել»։ Մանրամասներ պատմելուց նա հրաժարվել է՝ իր պատասխանը համարելով «սպառիչ»:

Երեկ Անգլիայի խորհրդարանում լսումների ժամանակ շոտլանդացի պատգամավոր Պատրիկ Գրադին քննադատել է բրիտանական կառավարությանը, որը ոչ միայն ի՛նքն է խախտում միջազգային կոնվենցիաները, այլև փոքր երկրներին է դրդում դա անել։

Նախատեսվում է, որ վերամշակված օրինագիծը Բրիտանիայի խորհրդարանը կընդունի այս շաբաթվա լսումների վերջում։ 

շապիկի լուսանկարը՝ Politico-ից