Ռուսական «Sputnik Արմենիա» գործակալության լրագրող Աշոտ Գևորգյանը, ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և ևս 5 անձինք ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Թե ովքեր են մյուս 5 ձերբակալվածները՝ Քննչական կոմիտեն չի ասում։ Նշվում է, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի մասնակցությամբ, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից նախնական համաձայնությամբ է մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով է կատարվել ենթադրյալ հանցանքը։
Ազգային անվտանգության ծառայությունը քրեական վարույթը հարուցել է դեռ օգոստոսի 24-ին, ձերբակալությունները արդեն տեղի են ունեցել սեպտեմբերի 6-ին և 7 -ին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 7 հոգուց 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին: Կասկածյալներին մեղադրանք դեռևս չի առաջադրվել։
լրագրող Աշոտ Գևորգյանը, լուսանկարը՝ Sputnik Արմենիա
«Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում
առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր», – նշվել է հաղորդագրությունում։
Թե ո՞րն է եղել այդ զենք-զինամթերքի իրացման նպատակը՝ Քննչական Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հրաժարվել է ասել։
Լրագրող Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, ըստ նրա, ձերբակալվել են Սյունիքի մարզում են։
Փաստաբան Լիանա Գրիգորյանի խոսքով՝ զենքը հայտնաբերվել է Աշոտ Գևորգյանի մեքենայում։ Գրիգորյանը հավաստիացրել է՝ տեղի ունեցածը թյուրիմացություն է, իր պաշտպանյալները հայտնաբերված զինամթերքի հետ կապ չունեն։
«Կոնկրետ իրենց մոտից չեն հայտնաբերվել, այլ հայտնաբերվել են մեքենայում, իրենք որևէ առնչություն, իմ կարծիքով, չունեն, դա ընդամենը թյուրիմացություն է, կարծում եմ, այս ընթացքում ավելի պարզ կդառնա իրենց մասնակցությունը սույն քրեական գործի շրջանակներում: Մեքենան պատկանում է Աշոտ Գևորգյանին, իրենց հետ եղել են այլ անձինք, այս պահի դրությամբ իրենց մասով որևէ տեղեկություն չունեմ», – ասել է փաստաբանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ ձերբակալված լրագրողն ու բլոգերը սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզ էին մեկնել աշխատանքի բերումով, նկարահանումների էին նախապատրաստվում։ Նույն օրն էլ ձերբակալվել են։ Այժմ գտնվում են Գորիսի ՁՊՎ-ում։
Սքրինշոթ 2022-ի հուլիսի 29-ի ակցիայից․ մի խումբ ռուսաստանցիներ հակապատերազմական բողոքի ցույց էին կազմակերպել ՌԴ դեսպանատան մոտ, Բադալյանը և նրա թիմակիցները եկել էին նրանց պատժելու
Միկա Բադալյանը ներկայանում է որպես բլոգեր, ընդդիմադիր ակտիվիստ է, մասնակցում էր 2020 թվականի պատերազմին հաջորդած հակակառավարական բողոքի ցույցերին, պարբերաբար ակցիաներ էր կազմակերպում Ռուսաստանի երևանյան դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Կրեմլի։ Անցյալ տարվա ապրիլի 23-ին նա կալանավորվել էր ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ։ Երեք ամիս անց ազատ էր արձակվել՝ «կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրների» հիմքով։ Փաստաբանները պնդում էին, թե նա նախաինսուլտային վիճակում է։ Աշոտ Գևորգյանը ռուսական «Sputnik» լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի աշխատակից է։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ հայտարարել էր, որ քայլեր են ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեսպանությունն ընդգծել էր. – «Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագիրների հետ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»։
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովն էլ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով աջակցել կալանավորված «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի լրագրող Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի ազատ արձակմանը։