Նոյեմբերի 23 Վլադիմիր Պուտինը այցելում է Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ մասնակցելու Մոսկվայի առաջնորդած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Գագաթնաժողովն անցկացվում է շարունակական հիասթափության մթնոլորտում՝ այն բանից հետո, երբ սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ժամանակ ՀԱՊԿ-ը մերժեց աջակցություն տրամադրելու Հայաստանի պահանջը։ Կոնֆլիկտի վերջին էսկալացիան՝ ամենամեծը 2020 թվականի հրադադարից ի վեր, գրեթե 300 կյանք է խլել:
Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, ցանկացած անդամ պետության նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա ՀԱՊԿ բոլոր երկրների նկատմամբ: Այնուամենայնիվ, ռազմական որևէ օգնություն Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից չի ցուցաբերվել։
Երևանը հյուրընկալում էր Ռուսաստանի նախագահին, նրա հետ մեկտեղ՝ ռազմական դաշինքի մյուս անդամ երկրների ներկայացուցիչներին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այցը Հայաստան, որը դաշինքի միակ ժողովրդավարական պետությունն է, Ուկրաինա ներխուժումից ի վեր Պուտինի 6-րդ արտասահմանյան ճամփորդությունն է. մինչ այս նա եղել է Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում և Իրանում: Հայաստանի կառավարության պաշտոնական ընդունելության հետ մեկտեղ՝ նրան Երևանում դիմավորել են հանրային ցույցերով:
Նոյեմբերի 22-ի երեկոյան տեղի ունեցավ Ազգային ժողովրդական բևեռի՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի և անվանապես Ռուսաստանի նախագահի բողոքի ցույցը։
Մեկ այլ քաղաքացիական ակցիա կազմակերպվեց գագաթնաժողովի օրը՝ նոյեմբերի 23-ին։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Երևանի կենտրոնում՝ ցույց տալու իրենց անհամաձայնությունը Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության և ՀԱՊԿ անդամակցության հետ։ Ցուցարարների շրջանում ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ էին, որոնք լքել են իրենց հայրենիքը փետրվարի 24-ից՝ Ուկրաինա ներխուժումից հետո։ Կողք կողքի կարելի էր տեսնել հայկական, ուկրաինական, եվրոպական և ամերիկյան դրոշներ՝ «Ռուսաստանը ահաբեկչական պետություն է», «Պուտինը մարդասպան է» և «ՀԱՊԿ-ը սպանում է մեր զինվորներին» պաստառների հետ միասին։
«Ես դեմ եմ պատերազմին», – ասում է ցույցի մասնակից 55-ամյա Մարիամը, – «Նախ և առաջ, ես դեմ եմ այն պատերազմին, որ տեղի ունեցավ այստեղ 2020 թվականին։ Պուտինը պետք է պատասխան տա ոչ միայն Ուկրաինայում, այլև Հայաստանում կատարած հանցագործությունների համար»։
Ստեփան Գրիգորյանը՝ Երևանում հիմնված Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահը և ցույցի խոսնակներից մեկը, հայտարարել է․ «30 տարի է՝ բոլոր միջազգային կառույցներում մենք քվեարկում էինք այնպես, ինչպես ուզում էր Ռուսաստանը։ Մենք դա անում էինք՝ հույս ունենալով, որ մեր անվտանգությունը կպաշտպանի Ռուսաստանը։ Մինչդեռ Ռուսաստանին չեն հետաքրքրում իր գործընկերոջ շահերը և նա նույնիսկ աջակցում է Թուրքիայի և Ադրբեջանի նման երկրներին, որոնք բացահայտ կերպով հարձակվում են մեր վրա»։
«Մենք եկել ենք, որովհետև մենք նույնպես համաձայն չենք Պուտինի քաղաքականության և Ուկրաինայում պատերազմի հետ, – ասում է 27-ամյա Դմիտրին, որը Ռուսաստանից Հայաստան է եկել սեպտեմբերի․ – Հաճելի է տեսնել, որ այստեղ կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը։ Ռուսաստանում հնարավոր չէր լինի այս տեսակ ցույցեր անել։ Ի տարբերություն Ռուսաստանի՝ այստեղ ոստիկանները ցույց են տալիս իրենց դեմքերը և պաշտպանում հավաքը։ Իմ հայրենիքում նրանք սաղավարտներ կհագնեին ու չէին թողնի մեզ ազատ արտահայտվել»։
Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ ավելի քան 370 հազար ռուսաստանցիներ են Հայաստան ժամանել այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում։ Միայն սեպտեմբերին, երբ Ռուսաստանում զորահավաք հայտարարվեց, երկրորդ ալիքը՝ ավելի քան 132 հազար Ռուսաստանի քաղաքացիներ, ժամանեց Հայաստան։ Հայերի 87%-ը դրական է վերաբերվում ռուսաստանցիների ներհոսքին, բայց միջազգային MPG LLC կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից ապրիլին անցկացված հարցման տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը չի աջակցում հայաստանյան հասարակության գերակշռող զանգվածը։
Համազգային հարցումը, որը 2022 թվականի հունիսին կազմակերպել էր ԱՄՆ-ում տեղակայված Միջազգային հանրապետական ինստիտուտը, ցույց տվեց, որ հայերի միայն 13%-ն է հավատում, որ Ուկրաինայում պատերազմի համար ամենամեծ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը կամ Վլադիմիր Պուտինը, 17%-ը հավատում են, որ ամենամեծ պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն։ Չնայած 18%-ը համաձայն է պատերազմի հետևանքով Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ, 52%-ը կտրուկ դեմ է դրանց։ Քանի որ Հայաստանը մեծապես կախված է ռուսական տնտեսությունից, զարմանալի չէ, որ պատժամիջոցները ծանր ազդեցություն ունեն նաև Հայաստանի քաղաքացիների վրա։
Հայաստանը անհարմար դրության մեջ է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների առումով, վերջինս այս հետխորհրդային երկրի ամենամտերիմ դաշնակիցն է՝ 1991 թվականի անկախությունից ի վեր։ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ 1990-ականների սկզբերին ծագած կոնֆլիկտից հետո, երբ Թուրքիան որպես հետևանք փակեց Հայաստանի հետ սահմանը, Ռուսաստանը դարձավ ամենավստահելի գործընկերը հետանկախության շրջանի հայկական իշխանության համար։ Այսօր ոչ միայն հսկայական ռազմավարական կառույցներ, ներառյալ՝ հայկական երկաթուղին, պատկանում են ռուսական սեփականատերերին, այլև Ռուսաստանում են աշխատում ավելի քան 500 հազար Հայաստանի քաղաքացիներ՝ հաճախ այնտեղ գտնելով իրենց ընտանիքներին աջակցելու ավելի լավ հնարավորություններ։ Ավելի քան մեկ միլիոն էթնիկ հայեր ՌԴ քաղաքացիներ են։ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, տեղակայված է Ռուսաստանից դուրս գտնվող ամենամեծ ռուսական ռազմաբազաներից մեկը․ մոտ 3 300 ռուսաստանցի զինվորներ մշտապես գտնվում են հայկական հողի վրա։ 2020-ի Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո ռուսական ռազմական ներկայությունը ավելի է ընդարձակվել։
Այդ ամենը, այնուամենայնիվ, չի նշանակում, որ Հայաստանը անվերապահորեն աջակցում է Մոսկվայի ռեժիմին, առավել ևս՝ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, որը տապալեց նախկին ղեկավարությանը և իշխանության բերեց Փաշինյանին։ Փաշինյանի կառավարութունը ամենասկզբից հասկացրեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ նրա ամենակարևոր ռազմավարական գործընկերը, միաժամանակ՝ փորձելով ուժեղացնել դիվանագիտական կապերը այլ կողմերում՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի կամ Հնդկաստանի հետ։
Ինքը՝ Փաշինյանը, զգուշությամբ է անդրադառնում Ուկրաինայի պատերազմին, անվանելով այն ո՛չ «պատերազմ», ո՛չ էլ «հատուկ ռազմական օպերացիա», փոխարենը՝ խոսելով «Ուկրիաինայում իրավիճակի» կամ «ուկրաինական խնդրի» մասին։
«Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, – ասել է Փաշինյանը գագաթնաժողովի ժամանակ․ – Ես շատ մտահոգիչ եմ համարում այն, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին Ադրբեջանին հետ չի պահել հարձակողական քայլերից, և առավել ևս այն, որ մենք ՀԱՊԿ-ից մինչ օրս չենք կարողացել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ արձագանք ստանալ»։
ՀԱՊԿ-ի անգործությանը անդրադառնալու փոխարեն՝ գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինը խոսել է դաշինքի միասնության մասին։ Բայց դաշինքի կողմից արձագանքի բացակայությունը հարց է բարձրացնում՝ ինչքանով է ՀԱՊԿ-ը պատրաստ ապահովել իր անդամների անվտանգությունը և ինչքանով է այն ծառայում ուղղակի որպես ՌԴ շահերը պաշտպանող գործիք։
Սուսանա Գրուբերովա