Քննչական կոմիտեից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք խոշտանգել են Սամվել Վարդանյանին, որին ձերբակալել էին երեկ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում բռնացնելու, նրան «հակահայ վիժվածք» «ժեխ բիձա» անվանելու և հրելու համար։
Խոշտանգումների մասին ահազանգել են Վարդանյանի պաշտպաններն ու խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Նախկին լրագրող, գործող պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել․
«Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները [Քննչականից] 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ: Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ: 2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել, ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը»:
Հրատապ ասուլիսի ժամանակ Վարդանյանի փաստաբան, Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը տեղի ունեցածը գնահատել է որպես «սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ով գտնվել է պետության վերահսկողության ներքո»։ Երկրորդ փաստաբանը՝ Վարազդատ Հարությունյանը, պատմել է․
«Սամվելին չոքացնում են, գլխին հարվածում են, հետո սկսում են ձեռքերով հարվածել: Դա զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով: Հետո ստիպում են, որ նա այդ հայհոյանքները կրկնի։ Նա չի կրկնում՝ թքում են վրան: Հետո իջացնում են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահում են ոտքերի արանքում: ․․․Ուղեկցող ոստիկանները հետ են եկել, ․․․ասել են` «քեզ ի՞նչ եղավ, նոր լավ էիր», իբր իրենք տեղյակ չեն»։
Դեպքը, ըստ պաշտպանների, տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, Վարդանյանը այս պահին ՁՊՎ-ում է գտնվում։ Նա կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ։
Մեկնաբանություններ ստանալու համար Epress.am-ը դիմել է Ոստիկանության մամուլի խոսնակ Զարզանդ Գաբրիելյանին։ «Հրապարակումներն ուսումնասիրվում են», – պատասխանել է Գաբրիելյանը և հրաժարվել մանրամասներ հայտնելուց։ Դիմել ենք նաև Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանին։ «Մենք հաղորդում չունենք դեպքի վերաբերյալ, տեղեկություն չունենք», – պատասխանել է Աբրահամյանը։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է, որ [խոշտանգումների մասին] հայտարարությունների հիմքով ծառայողական քննություն է նշանակվել։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Epress.am-ին տեղեկացրել են՝ այցելել են Ոստիկանության Երևանի վարչության ՁՊՎ, առանձնազրույց են ունեցել ձերբակալվածի հետ։ ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը ասել է, թե առանձնազրույցը կոնֆիդենցիալ է եղել, մանրամասներ փոխանցել չեն կարող․ «Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ, գրություններ են ուղարկվել Գլխավոր դատախազություն և ՆԳՆ՝ դեպքի հանգամանքները քննության առարկա դարձնելու պահանջով»։ Ավելի ուշ ՄԻՊ-ից հաղորդագրություն են տարածել․ «Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է», «մեղավորները պետք է ենթարկվեն պատասպանատվության»: Օմբուդսմենի գրասենյակից կոչ են արել այնուամենայնիվ խուսափել «ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող խոսքից»։
լուսանկարը՝ Սամվել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Նախապատմություն
Համացանցում երեկ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ հակաՔՊական ակտիվիստ Սամվել Վարդանյանը, հանրային տրանսպորտում հանդիպելով Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 69-ամյա Հակոբ Ասլանյանին, նրան «հակահայ վիժվածք» և «ժեխ բիձա» է անվանում, հրում է՝ հարցնելով․ «Էս արդեն մարդամեջ ե՞ք դուրս գալիս»։
Ասլանյանը ի պատասխան Վարդանյանին ասում է «ապուշ», հրում և խնդրում թողնել ավտոբուսից իջնել։ Հետո քաշքշուկ է սկսվում, պատգամավորը հարվածելով գցում է հեռախոսը, որով Վարդանյանը տեսանկարահանում էր իրեն։ Ասլանյանի՝ տրանսպորտից իջնելուց հետո լեզվակռիվ է սկսվում ավտոբուսում մնացած Վարդանյանի և մյուս ուղևորների միջև։
Մոտ մեկ տարի առաջ Սամվել Վարդանյանը փողոցում բռնացրել էր նաև ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին և նրան անվանել «դավաճան»։ Դեպքից հետո Վարդանյանը պատմել էր լրագրողներին, որ Բաքոյանն ի պատասխան հայհոյել է իրեն և «ուզեցել առաջ գալ՝ ըստ էության խփելու ու քաշքշելու», բայց «իր հետի անձը կանխել է դա»։ Մինչ այդ Վարդանյանը Սայաթ-Նովա խաչմերուկում, որտեղ ՔՊ գրասենյակն է գտնվում, հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վանկարկել «Նիկոլ դավաճան»․ ձերբակալվել էր և ազատ արձակվել։ Դեպքի մասին այն ժամանակ ևս պատմել էր նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ սա պետություն է, և այդ պետության մեջ ինքը օրենքը պարտավոր է հարգել անկախ նրանից՝ ուզում է, թե չի ուզում», – արդեն վերջին միջադեպից հետո հայտարարել էր Հակոբ Ասլանյանը։
Նրա գործընկերները, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ամիսներ առաջ թքել էր իր թիկնազորի կողմից անշարժեցված դաշնակցականի վրա, տեղի ունեցածը իսկույն խուլիգանություն էին անվանել։ Կառավարամետ մամուլում սպառնալիքներ էին հնչում։ Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ տեղեկացրել էր քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Սամվել Վարդանյանին անմիջապես ձերբակալել էին։
Նրա փաստաբանները կարծում են, որ գիշերվա դեպքերը ՔՊ-ի հետ են կապված։
«Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի, դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց: Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը», – գրել է նախկին իշխանական, այժմ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
շապիկի լուսանկարը՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից (ձախից Մելիքյանն է, աջից՝ Վարդանյանը)