Home / Բանակ / Բացեք ՔՊ-ականի սիրտը, տեսեք ինչքան սեր կա այնտեղ․ բանակի հանդես

Բացեք ՔՊ-ականի սիրտը, տեսեք ինչքան սեր կա այնտեղ․ բանակի հանդես

Հայաստանյան դպրոցներում և մանկապարտեզներում բանակի կազմավորմանը նվիրված ամենամյա միջոցառումների շրջան է։

Թիվ 150 դպրոցի դահլիճում են աշակերտները, նրանց բարեկամները, պատերազմին մասնակցած սաները, զոհված շրջանավարտների ծնողները, դպրոցի վարչակազմը ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ 

B3D10C70-08E5-46E5-B997-E06DF29AB9D7

Երեխաներն արտասանում  են «Առյուծներն ընկան հերոսի մահով» բանաստեղծությունը։

Աղջիկ․ — Շուրջ 30 տարի դադարից հետո/ Նոր ցնցում ապրեց Արցախ աշխարհը/ Սուրբ հողը պատվեց վառոդի ոգով/ Ցասումով լցվեց հայոց զինվորը/ Պայթեց երկինքը հզոր Արցախի/ Քնից արթնացան առյուծ այրերը/ Հետապնդում էր մահը ոսոխին/ Դիպուկ զարկեցին մեր արծիվները։

Տղա․ — Աշխարհը լուռ է, իսկ մենք միայնակ/ Բայց չենք վհատվում, այլ ամրանում ենք․․․

Անանիա Մաղաքյանի բանաստեղծության շարունակությունը («Մուսուլմանների անծայր խառնարան/ Եվ արդիական լուրջ զինտեխնիկա.․․») աշակերտները չեն կարդում։

B9372CFF-6655-4322-9A04-D3EDE3C399B7

Տղա․ — Պատերազմը մեզնից խլեց մեր հզոր արծիվներին՝ մեր սաներից Միքայել Մկրտչյանին, Ռաֆայել Գեղամյանին, Արմենակ Սարգսյանին․․․

Աղջիկներից մեկն ընթերցում է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը

«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերն առավել հնչեղ են դառնում հատկապես այն ժամանակ, երբ առյուծածին մայրերի հերոս որդիները հայրենիքի փրկության նժարին դնում են ամենաթանկն ու սեփական արյամբ գրում հարազատ ժողովրդի ճակատագիրը։

6F420AB2-E2C8-436E-8D07-B1BE1EBD9DDF

Երեխաները հերթով տեքստ են կարդում դպրոցի զոհված սաների մասին՝ ծնվեց, լույս վառվեց օջախում, դաժան պատերազմը անակնալ էր, քաջաբար ընկավ հանուն մեր հողի, արիության մեդալի արժանացավ։ Խոնարհվում են առյուծածին մայրերի և նրանց քաջորդիների հիշատակի առջև։ Վերջում․ «Պատի՛վ ունեմ»։

Աղջիկ․ — Խոսքեր, խռոված խոսքեր, տառապած ու լաց եղած խոսքեր, անձեն ու խեղճ խոսքեր, փառաբանող ու տուն կանչող խոսքեր, հավե՜րժ խոսքեր…

6349E90C-23B2-41D4-8CFC-595A389A98BD

Երգում են Միհրան Ծառուկյանի «Հերոս տղերք» երգը, որի տեսահոլովակը ՊՆ-ի «Զինուժ Մեդիա»-ն հրապարակվել էր 44-օրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ։ Ըստ խորագրի, այն նվիրված էր «2020 թվականի հուլիսյան գործողությունների քաջարի մարտիկներին»։ 

Կրկներգ — Հերոս տղերքը մեր
Ելան բարձունքն ի վեր
Զոհվել չկա, տղերք, կռվի ժամին
Սա հայրենիքն է մեր
Սուրբ հող ու հորովել
Պիտի ծնկի գա թշնամին․․․

66D87013-838E-4902-A798-6CF04B8B6029

Երևակայական խարույկի շուրջ են հավաքվում կամուֆլյաժով տղաները։ նրանք զինվորի դերում են.

Զինվոր 1 — Էհ, քանի գնում՝ օրերն ավելի դժվար են անցնում․․․
Զինվոր 2 — Քե՞զ ինչքան ա մնացել։
Զինվոր 1 — Ինձ մի 95 օր, բա քե՞զ։
Զինվոր 2—  Մի էտքան էլ ինձ։
Զինվոր 3 — Հայրենիքի համար ծառայելը մեծ պատի՛վ է․․․
Զինվոր 4 — Զորացրվելուց հետո, եթե հայրենիքն իմ պաշտպանության կարիքը դարձյալ ունենա, առանց մի պահ երկմտելու կլինեմ այնտեղ։ Ու պե՛տք է լինեմ։
Զինվոր 2 — Հա՜, Յուռան էլ էր ասում։
Զինվոր 1 — Ի՞նչ Յուռա։
Զինվոր 3 — Դու Յուռային չես ճանաչո՞ւմ։ Ավագ սերժանտ Յուռա Ալավերդյա՛նը։
Զինվոր 2 — 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Յուռա Ալավերդյանը պարգևատրվեց Արցախի հերոս կոչումով և Ոսկե արծիվ շքանշանով։ Հրամանատարական կետից մեր հերոս Յուռային կանչեցին, որպեսզի անձամբ լսեր Արայիկ Հարությունյանի՝ Արցախի հերոսի կոչում շնորհելու մասին խոսքը․․․

Բեմ է բարձրանում դպրոցի շրջանավարտ Յուռա Ալավերդյանը։ Հնչում են ծափահարություններ։

Ալավերդյանը երգում է։

2418EBD8-2400-4335-A841-4CD5C961BB86

Երեխաներից մեկն արտասանում է Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը․

— Սեղմի´ր ատամդ, դու ամենքի մոտ/ Բացեիբաց լալու իրավունք չունես/ Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ/ Զենքերդ տալու իրավունք չունես։

D7190B11-EFB8-454F-9BAE-C0AF45656753

Տեղի է ունենում երդման արարողություն։

Տղա — Երդվի՜ր, որ մինչ նախնյացդ հողին հանձնելը, հուշն իրենց կրոն չես թողնի հանգչի։
Երեխաները միասին — Երդվո՜ւմ եմ։
Աղջիկ — Երդվի՛ր, որ սուրբ օջախիդ ծուխը պահելը, պահպանելն արթուն լոյսն է քո աչի:
Երեխաները միասին — Երդվում եմ։
․․․
Աղջիկ — Երդվիր, որ արժանի կլինես ծնողին, հողին, հայրենիքին ու հենց քեզ։ Երբեք գլուխդ կախ չքայլես։
Երեխաները միասին — Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ․․․

A41963E0-228C-44A4-BC5C-526D0F0E67A5

Երգում են՝ «Հայե՜ր, միացեք, միացեք, հայեր․․․»

401DB1AB-0978-4FA9-9F14-698172AFCE83

Ելույթ է ունենում դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը։

Տնօրեն․ — ․․․Միջոցառումը լիքն էր, միջոցառումը հարուստ էր, միջոցառումը հուզիչ էր, հպա՛րտ էր ու տխուր։ 

33411ACF-D03F-43EE-8746-8021E8E42A23

Մի քանի րոպե խոսելուց հետո տնօրենը դիմում է պատերազմի մասնակիցներին․

— Բոլորդ հերոս եք։ Բոլորդ։ Բոլորդ մեկիկ-մեկիկ հերոս եք․․․ Շնորհակալ եմ ձեզ, տղաներ ջան։ Ես ձեր կյանքի՜ն մեռնեմ․․․ Շնորհակալ եմ քեզ, Յուռա, իմ փոքրամարմին հսկա․․․

Հանդիսատեսին ոսկե մեդալ է ցույց տալիս։

— Այս մեդալը մեր դպրոցը ստացել է հերոսներ կրթելու համար։ Ինքը ոսկե մեդալ է։ Ինքը քարի պես ամուր ու տձև մեդալ է․․․ Սիրելի աշակերտներ, այ սա մեր հերոսների շնորհն է։ Բայց ես չեմ ուզում, որ դուք այս շնորհը ունենաք։ ․․․Ես մի անգամ Յուռային ասացի՝ ինձ պետք չէր քո այդ հերոսությունը, ինձ պետք էր, որ դու չապրեիր այդ ամեն ինչը։ Հիմա նույնը ասում եմ բոլորիդ։

AFDD05E5-2555-4880-B1C1-33E0270E0D98

Տնօրենը կոնյակի շիշ է հանում․

— Մենք ձեզ համար պատրաստել ենք փոքրիկ հուշանվերներ: Սա ձեր յուրաքանչյուրի զինվորական լուսանկարով հայկական կոնյակ է։

Շշերին, օվալաձև շրջանակի մեջ, առանձին-առանձին տպված են պատերազմին մասնակցած, այդ թվում՝ պատերազմում զոհված շրջանավարտների դիմանկարները՝ զինվորական համազգեստով։

Կոնյակները ցույց տալուց հետո տնօրենը հանում է Նարեկացու գիրքը։ «Նարեկներն» էլ են հուշանվեր։ 

C8F5C4C8-7055-4E4B-B196-590E85561C89

Բեմ է բարձրանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը․ տնօրենը նրան ներկայացնում է որպես «պատերազմների՜ մասնակից և կրթության ոլորտի գրչակիր»։

Պատգամավոր․ — Սիրելի ժողովուրդ, ես չգիտեմ ինչ ավելացնել․․․

․․․Ես հաճախ եմ Հունաստանի հետ համեմատում։ Հույն ժողովուրդը, որը մեր ժողովրդի նման հնագույն ժողովուրդներից է, կարողացավ այն տարածքները, որ ուներ, ոչ միայն պաշտպանել, այլ նաև ընդլայնել։ Գիտե՞ք՝ ինչի շնորհիվ։ Միայն նրա, որ, երբ Հունաստանը կռվի մեջ էր քաշվում, հույն կինը, աղջիկը գնում էին, վահանը բերում էին, տալիս էին իրենց ամուսիններին, հայրերին կամ եղբայրներին, և ընդամենը մեկ նախադասություն էին ասում․ «Վահանով կամ վահանի վրա»։ Այսինքն՝ դուք պետք է կա՛մ հաղթանակած գաք, կամ թող ձեզ բերեն։

Ես չեմ ուզում ասել, որ մենք չպետք է ափսոսանք մեր զոհերին։ Ես ասում եմ՝ մենք պետք է ափսոսանք մեր զոհերին, բայց եկեք այդքան չցավենք․․․

77F3DAFF-F10F-4AF3-89AE-BF341DCBFC75

Պատգամավորը պատմում է, որ ինքն էլ անհետ կորած և զոհված բարեկամ ունի, 3 պատերազմների մասնակից է, որոնցից միայն երրորդում է վիրավորվել։ Ասում է՝ «իրական հայրենասերը երբեք չպետք է հաշվի, թե հայրենիքին ինչ է տվել և հայրենիքից ինչ է ստացել, հայրենիքին պետք է տալ և վերջացավ գնաց»։ Խոստովանում է, որ չի հարգում «այն մարդկանց, ովքեր իրենց զավակներին փախցրել են բանակից կամ պատերազմից» և հայտարարում, թե «հայրենիքի համար անմահացածներին» մահը չի տարել, այլ թողել է․․․

— Ես հաճախ եմ ստեղծագործել։ Չգիտեմ՝ որքանով հարմար կլինի, բայց տարիներ առաջ՝ Սպարտակ Մաթևոսյանի 75-ամյակին, ես ստեղծագործեցի՝ մի ստեղծագործական բանաստեղծություն գրեցի․․․ Սպարտակ Մաթևոսյանը մի առիթով վերնագրեց այն․ ես բանաստեղծությունը գրել էի, բայց չէի վերանգրել։ Ինքը ասեց՝ դա պետք է կոչվի «Կտակ»․ կտակ բոլոր նրանց, ովքեր ուզում են հայրենիքի համար մի բան անել․․․

12F71D52-FFFC-46B6-8E73-2A7557C56611

Պատգամավորը արտասանում է իր ստեղծագործությունը․

— Երբ ես մեռնեմ, սիրտս բացեք
Ու կտեսնեք, թե այնտեղ ինչքան սեր կա հայրենիքիս
Նրանից էլ՝
Չթաղեք։

Երբ ես մեռնեմ, սիրտս բացեք
Դեռ նվիրում կա այնտեղ
Հայրենիքիս նվիրումն է
Նրանից էլ՝
Չթաղեք։

Երբ ես մեռնեմ, սիրտս բացեք
Ինչքան կարոտ կա այնտեղ
Հայրենիքիս կարոտն է դա
Նրանից էլ՝
Չթաղեք։

Երբ ես մեռնեմ, սիրտս բացեք
Հոգսեր, ցավեր հենց տեսնեք
Սրտիս խորքում նրանց թաղեք
Սրտիս դուռը դուք փակեք։

Եվ վերցրեք այս բոլորը՝ սեր, կարոտ ու նվիրում
Տարեք մարդկանց դուք բաժանեք
Ձեզ եմ նրանց ես թողնում։

Հետո միայն հանգիստ խղճով
Ուրախ, անհոգ ժպիտով
Հոգսն ու ցավը իմ սրտի մեջ
Տարեք այդպես ինձ թաղեք։

Շնորհակալություն։

Հնչում են ծափահարություններ։

Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի