Home / Ազգային ժողով / ՀակաՔՊական ակտիվիստին ճանաչեցին տուժող և ուղարկեցին տնային կալանքի

ՀակաՔՊական ակտիվիստին ճանաչեցին տուժող և ուղարկեցին տնային կալանքի

Իշխող կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորելու և քաշքշելու գործով ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Խոշտանգման գործով Վարդանյանը ճանաչվել է տուժող։

Դատարանն մասնակիորեն բավարարել է Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով ձերբակալված Վարդանյանին կալանավորելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նա մեղադրվում էր խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի համար։ Տղամարդը տնային կալանքի տակ է առնվել։ Կիրառվել է նաև 7 միլիոն դրամի գրավ։

Մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սամվել Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, հիմա տանն է։ Դատարանի որոշումը նա անհամաչափ է որակել։

Ավելի ուշ հաղորդվել է, որ խոշտանգման գործով Վարդանյանը ճանաչվել է տուժող։ Քննչականը վարույթ է նախաձեռնել «պաշտոնատար անձի կողմից, նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու» հոդվածով։

Հիշեցնենք՝ մեղադրյալ և տուժող Վարդանյանը ապրիլի 15-ին տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է հանրային տրանսպորտում իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» և «ժեխ բիձա» է անվանում, հրում՝ հարցնելով․ «Էս արդեն մարդամեջ ե՞ք դուրս գալիս»։ Ասլանյանն ի պատասխան Վարդանյանին «ապուշ» է որակում, հրում է և խնդրում թողնել ավտոբուսից իջնել։ Քաշքշուկ է սկսվում, պատգամավորը հարվածելով գցում է Վարդանյանի հեռախոսը։

Միջադեպից ժամեր անց Սամվել Վարդանյանին ձերբակալել էին։ Հաջորդ օրը նրա պաշտպանները և նրան տեսակցած ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին՝ ձերբակալությունից հետո, Քննչականից արդեն ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, ուղեկցող ոստիկանները դուրս են եկել մեքենայից, վայրկյաններ անց՝ մեքենա են մտել դիմակավորված անձինք, որոնք «քարշ տալով իջեցրել են նրան, տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով»։

տե՛ս ՔՊ-ականներ որսացող ձերբակալվածին ծեծել են և նվաստացրել