հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Ռուսաստանում գնչուներին տեռորի են ենթարկում տաքսիստի սպանությունից հետո

Ռուսաստանում գնչուներին տեռորի են ենթարկում տաքսիստի սպանությունից հետո

Չելյաբինսկի շրջանի Կորկինո քաղաքում հոկտեմբերի 24-ին անկարգություններ են տեղի ունեցել՝ 40-ամյա կին տաքսու վարորդի սպանությունից հետո։ 74.ru-ի փոխանցմամբ, ձերբակալվել է 43 մարդ։ Մեղադրանքներ են առաջադրվել մանր խուլիգանության հոդվածով։

Տաքսի վարող կնոջ մարմինը հայտնաբերվել էր հոկտեմբերի 23-ին, դանակի հարվածների հետքերով։ Նա կանչով գնում էր գնչուական թաղամաս։ 

Սպանության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, իրավապահ մարմինները զեկուցել են ձերբակալված 17-ամյա մեղադրյալի մասին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ կա ևս մեկ ձերբակալված, որի մասնակցությունը սպանությանը դեռևս հաստատված չէ։ 

Քննության տվյալներով, վարորդի և ուղևոր կասկածյալի միջև վեճ է սկսվել, որի ընթացքում ուղևորը առնվազն չորս անգամ դանակով հարվածել է կնոջ կրծքավանդակին։

Հոկտեմբերի 24-ի երեկոյան Կորկինոյի շուրջ 150 բնակիչներ հավաքվել էին գնչուական թաղամասում՝ կասկածյալի բնակարանի մոտ։ Հատուկ ջոկատայիններն ու ուժայինների այլ խմբերը շրջափակել էին տունը։ Սպանությունից հետո անկարգությունների կազմակերպիչների թիրախում է հայտնվել ողջ գնչուական թաղամասը։ Հավաքված քաղաքացիները վնասել էին մի քանի մեքենաներ, հրկիզել նվազագույնը մեկ տուն։ Շրջում էին կայանված գնչուներին պատկանող մեքենաները։ Տներից մեկի վրա խոշոր քարեր էին նետում։ Բողոքում էին ոստիկանության անգործությունից։ Նշում էին, որ ռոմա համայնքի հետ խնդիրները նոր չեն, բայց ոչինչ չի արվում այդ ուղղությամբ։ 

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ հավաքվածներից մեկը հրացանով կրակել է քաղաքացիների վրա։ Կորկինոյի մունիցիպալ շրջանի ղեկավար Նատալյա Լոշինինան զեկուցել է երկու տուժածների մասին։