Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեք պատգամավորներ օրեր առաջ անձնական երաշխավորություն էին ներկայացրել սպանության մեջ մեղադրվող Ռոման Մովսիսյանի համար։ Ռոմանը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Գառնիի տեղամասի տնօրեն Մելիք Մովսիսյանի («Գազի Դավո») որդին է, մեղադրական եզրակացության համաձայն՝ հորը պատկանող ռեստորանային համալիրում խնջույքից հետո նա սպանել է մանկության ընկերոջը՝ Ռազմիկ Ներսիսյանին։
«Հետք»-ի տվյալներով, անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորներից մեկը՝ Գուրգեն Մելքոնյանը (պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, հայտնի է Գագիկ Մելքոնյան անունով), Մելիք Մովսիսյանի մտերիմ ընկերն է։ Մյուս երկու պատգամավորները՝ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը, ամբաստանյալին անձամբ չեն էլ ճանաչում։
Քրեական գործի (նախա)քննության ընթացքում վկաներից առնվազն երկուսը ցուցմունքներ են փոխել, ճնշումների մասին ահազանգել է թե՛ մեղադրյալի և թե՛ տուժողի իրավահաջորդների փաստաբանը։ Ինչի հիման վրա են պատգամավորները երաշխավորում, որ մեղադրյալի ազատ արձակվելուց հետո քննությանը խոչընդոտելու փորձեր չեն լինի՝ պարզ չէ։
Սեպտեմբերի 6-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց միջնորդությունն մերժել է։ Ռոման Մովսիսյանը մնացել է կալանքի տակ։
Մինչ այդ «Հետք»-ը զրուցել է մեղադրյալի պաշտպանի, սպանված Ռազմիկ Ներսիսյանի մոր և նրա փաստաբանի հետ։ «Առավոտը» մեկնաբանություն է վերցրել նաև գեներալ-լեյտենանտ, պատգամավոր Գագիկ Մելքոնյանից։
Պաշտոնական վարկած
Ըստ մեղադրական եզրակացության, Ռոման Մովսիսյանը և սպանված Ռազմիկ Ներսիսյանը մանկության ընկերներ և համագյուղացիներ էին, երկուսն էլ աշխատում էին Ռոմանի հոր մոտ՝ «Գազպրոմ-Արմենիա»-ի Գառնիի տեղամասում:
Ռոմանի հայրը՝ Մելիք Մովսիսյանը [ներկայանում է նաև որպես Դավիթ Մովսիսյան] վարձակալում և տնօրինում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրը։
2018 թվականի նոյեմբերի 1-ի առավոտից Ռոմանը և Ռազմիկը մի քանի ընկերների հետ «Ոսկե Աքաղաղ» ռեստորանի 9-րդ համարի առանձնասենյակում խաշ էին ուտում։ Ժամը 17-ի սահմաններում խնջույքն ավարտվել է, ռեստորանում այդ պահին մնացել էին Ռոմանը, Ռազմիկը և նրանց ընկերներից մեկը՝ Գառնի գյուղի բնակիչ Սամվել Նազարյանը։ Երեքն էլ հարբած են եղել։
Հաշիվը մատուցող Լուսինե Շահբազյանին վճարելուց հետո դուրս են եկել ռեստորանի ավտոկայանատեղի: Ներսիսյանը իմացել է, որ Մովսիսյանի մոտ բավականին մեծ գումար կա, և գումար է պահանջել նրանից։ Մովսիսյանը մերժել է։ Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Ռոման Մովսիսյանը առնվազն երկու անգամ ձեռքերով կամ ոտքերով հարվածել է Ռազմիկ Ներսիսյանի քթին և աջ աչքին։ Հետո նրանք երեքով Մովսիսյանի վարած ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ: Սամվել Նազարյանը նստած է եղել առջևում, իսկ Ռազմիկ Ներսիսյանը՝ հետնամասի աջ նստատեղին: Ներսիսյանի և Մովսիսյանի միջև վիճաբանությունը շարունակվել է:
Հասնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 2-րդ փակուղու 1/1 հասցեի շինության մոտակայքը՝ Մովսիսյանը կտրուկ կայանել է։ Բոլորը դուրս են եկել ավտոմեքենայից։ Մովսիսյանը ձեռքերով կամ ոտքերով բազմակի հարվածներ է հասցրել Ներսիսյանի գլխի տարբեր մասերին, ստացած հարվածներից վերջինս կորցրել է գիտակցությունը։
Հանցանքը թաքցնելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Մովսիսյանը՝ Սամվել Նազարյանի հետ միասին, տևական ժամանակ անց Ռազմիկ Ներսիսյանին տեղափոխել է «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները, կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե իբր Ռազմիկ Ներսիսյանը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց և կորցրել է գիտակցությունը:
Երբ Ներսիսյանը սկսել է արյուն փսխել, Մովսիսյանը բժիշկներին ասել է, թե իբր նա ընկել է աստիճաններից:
Բժշկական կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ Ներսիսյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 2018 թվականի նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, նա մահացել է:
Առաջադրված մեղադրանքում Ռոման Մովսիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Նախաքննության ընթացքում, սակայն, հարցաքննվելով որպես վկա՝ ցուցմունք է տվել և նշել, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընկերների հետ Գողթ գյուղում հոր կողմից շահագործվող «Ոսկե Աքաղաղ» ռեստորանի առանձնասենյակներից մեկում մասնակցել է խնջույքի․ ժամը 17-ի սահմաններում, մյուս ընկերների գնալուց հետո, մնացել են ինքը, Սամվել Նազարյանն ու Ռազմիկ Ներսիսյանը, բոլորը գտնվել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։
Հաշիվը փակելուց հետո, ռեստորանից դուրս գալիս ինքը նկատել է, որ Ռազմիկ Ներսիսյանն աստիճաններից վայր է ընկել և դեմքով հարվածել գետնին՝ աստիճանների ներքևի հատվածին։
Ինքը և Սամվելը նրան բարձրացրել են և այդ ժամանակ նկատել, որ ընկնելու հետևանքով վնասվել է նրա աջ աչքն ու քիթը։ Թևանցուկ նրան տեղափոխել և նստեցրել են իր ավտոմեքենայի հետնամասում, որից հետո միասին շարժվել են Գառնի գյուղի ուղղությամբ։ Մեքենան վարել է ինքը, Սամվելը նստած է եղել իր կողքին։
Ընթանալիս Ռազմիկ Ներսիսյանը խաղատուն գնալու նպատակով իրենից պարտքով գումար է խնդրել, քանի որ նախապես տեղյակ է եղել իր մոտ բավական քանակությամբ գումարի առկայության մասին: Ինքը հրաժարվել է նրան գումար տալ: Ռազմիկը նեղացել է և պահանջել կանգնեցնել մեքենան: Այդ ընթացքում ինքը նկատել է, որ Ռազմիկի դեմքը կապտել է, առաջարկել է տանել հիվանդանոց, սակայն Ռազմիկը հրաժարվել է և կրկին գումար պահանջել: Ինքը կրկին մերժել է՝ առաջարկելով նրան տուն տանել, սակայն Ռազմիկը հրաժարվել է և կրկին պահանջել կանգնեցնել մեքենան:
Ինքը մեքենան վարելիս է եղել շուրջ 40-50 կմ/ժ արագությամբ ու երբ փորձել է կայանման նպատակով դադարեցնել ընթացքը, այդ ժամանակ նկատել է, որ Ռազմիկ Ներսիսյանը բացել է մեքենայի դուռը և ընկել:
Ինքն անմիջապես կանգնել է, Սամվելի հետ մեքենայից իջել և տեսել Ռազմիկին անգիտակից վիճակում մեջքի վրա ընկած ասֆալտին: Նկատել է նաև, որ Ռազմիկի քթից արյուն է գալիս: Իրենք փորձել են բարձրացնել, օգնություն ցույց տալ, ուշքի բերել: Տեսնելով, որ ուշքի չի գալիս, Ռազմիկին պառկեցրել են իր մեքենայի հետնամասում և տեղափոխել Գառնիի բժշկական կենտրոն, որտեղ բուժքույրը ներարկումներ է կատարել, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևան: Ինքը Ռազմիկի հետ չի վիճաբանել, նրան չի հարվածել:
Մեկուկես տարի ինձ համոզում էին, որ որդիս ինքնասպան է եղել․ սպանվածի մայր
Մահացածի մայր Թամարա Բաբայանը «Հետք»-ի հետ զրույցում պատմել է, որ 2018-ի նոյեմբերի 1-ի երեկոյան հարևաններից է իմացել, որ որդուն տարել են հիվանդանոց։ Միանգամից զանգել է Ռոմանին, նա ասել է, թե Ռազմիկը թունավորվել է։
Թամարա Բաբայանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» բուժքույր է աշխատում։ Երբ իմացել է, որ որդուն տարել են այնտեղ, անմիջապես գնացել է։
«Գլուխը, դեմքը ջարդած, ավիրած էր: Ռոմանին հարցնում եմ՝ ի՞նչ ա եղել, դիմացս պպզել, ասում էր՝ մի՛ մտածի, ռեստորանում աստիճանից է ընկել: Հայրը կողքը կանգնած հրում է, ասում՝ ուրիշ բան պատմի, հետո Ռոմանն ասում է՝ մեքենայից ա դուռը բացել, իրեն գցել», – ասել է մայրը:
Ռազմիկը վիրահատություններից հետո, գիտակցության չգալով, մահացել է: Շուտով պարզվել է, որ նրա հագուստը չկա: Ընկերներից մեկը ասել է, թե հիվանդանոցում արնոտ գցած էր, ինքն էլ վերցրել է։ Հետ է բերել լվացված։
Թե ինչո՞ւ իրավապահները չեն առգրավել մահացածի շորերը՝ էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույց, հայտնի չէ:
Ռազմիկի մայրը ասում է՝ Ռոմանի հայրը՝ Մելիք Մովսիսյանը, Կոտայքում մեծ կապեր ունեցող, ազդեցիկ մարդ է, հայտնի է «Գազի Դավո» մականունով, «Գազպրոմ-Արմենիա»-ի Գառնու տեղամասի պետն է, ու քննության սկզբնական փուլում ամեն ինչ արվել է, որ գործը կոծկվի։
Ռոմանի համար երաշխավորություն ներկայացրած պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, մոր խոսքով, Ռոմանի հոր՝ Մելիք Մովսիսյանի մտերիմ ընկերներից է: Հիշատակված «Ոսկե Աքաղաղ» ռեստորանը վարձակալությամբ շահագործվում է Մովսիսյանների կողմից, բայց պատկանում է պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդի Կարենին։
Մոր խոսքով՝ բժիշկները ամենասկզբից էին ասում, որ Ռազմիկը ծեծված է եղել։ Ամբողջ գյուղը խոսում էր սպանության մասին, բայց քննությունը տեղից չէր շարժվում․ շուրջ մեկուկես տարի մորը փորձում էին համոզել, որ որդին ինքնասպան է եղել:
Մայրը հաստատել է՝ Ռոմանն ու Ռազմիկը մանկության ընկերներ էին, երկուսն էլ խաղամոլ էին․ հավանական է, որ այդ օրը նրանց միջև գումարի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։
Վնասվածքները հարվածի հետևանք էինք․ փորձաքննություն
Ռազմիկի մահվանից մեկուկես տարի անց ստացվել է դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը, որը հաստատել է՝ Ռազմիկի գլխի վնասվածքները չէին կարող ընկնելուց լինել, դրանք գլխի հատվածում բութ գործիքով հարվածի հետևանք են:
Եզրակացությունից հետո գործը վերաորակավորվել է, ինքնասպանության հասցնելու հոդվածը փոխարինվել է սպանության հոդվածով։
«Ոսկե Աքաղաղ» ռեստորանի մենեջեր Ռուզաննա Խաչատրյանին, մատուցող Լուսինե Շահբազյանին, Ռոման Մովսիսյանին, նրա ընկերոջը՝ Սամվել Նազարյանին կալանավորել էին: Հետագայում բոլորը, բացի Ռոմանից, ազատ են արձակվել։ Նա առ այսօր կալանքի տակ է:
Մատուցողուհուն և պահակին ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ․ տուժողի փաստաբան
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էմին Բեգլարյանի խոսքով՝ բժիշկների հետ զրույցում Ռոմանը և նրա ընկեր Սամվելը ասել են, թե Ռազմիկը ալկոհոլային թունավորում է ստացել։ Երբ նա սկսել է արյուն փսխել, ասել են՝ Ռազմիկը լոլիկով ձվածեղ էր կերել։ Երբ իրավիճակը բարդացել է, սկսել են խոսել մեքենայից դուրս նետվելու մասին։
Նախաքննության ընթացքում ցուցմունքներ են փոխել նաև վկաները։
«Հետքի» հետ զրույցում փաստաբանը պատմել է, թե պատգամավոր Գագիկ Մելքոնյանին պատկանող և սպանության մեջ մեղադրվող Ռոման Մովսիսյանի հոր կողմից շահագործվող ռեստորանի մատուցողուհին ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության մասին ի սկզբանե չի պատմել։
Երբ ռեստորանի մենեջերին և մատուցողուհուն կալանավորել են, մատուցողուհին՝ Լուսինե Շահբազյանը պատմել է, որ տեսել է՝ ինչպես են տղաները վիճաբանում ռեստորանի բակում։
Շահբազյանը նշել է, որ ռեստորանի մենեջերը՝ Ռուզաննա Խաչատրյանը և մեղադրյալի հայրը՝ Մելիք Մովսիսյանն իրեն հորդորել են կեղծ ցուցմունք տալ՝ ասել, իբր Ռազմիկն աստիճաններից է վայր ընկել: Շահբազյանի խոսքով՝ եթե ինքը Մելիքյանների ասածը չաներ, իրեն աշխատանքից կհեռացնեին։
Հետագայում Շահբազյանը հրաժարվել է Ռոման Մովսիսյանի դեմ տված իր ցուցմունքներից։ Փաստաբան Էմին Բեգլարյանի տվյալներով, նա մինչև այժմ աշխատում է Ռոման Մովսիսյանի հոր «Ոսկե Աքաղաղ» ռեստորանում:
Փաստաբան Բեգլարյանի խոսքով՝ նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև ռեստորանի պահակը։
Պահակը ասել է, որ ռեստորանի մենեջերը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեպքի օրը կանչել է իրեն և ասել, որ ռեստորանի տարածք ոստիկաններ են գալու, ու եթե իրեն հարցնեն՝ ինչ է եղել, պետք է ասի, որ Ռազմիկ Ներսիսյանն աստիճաններից վայր է ընկել ու մարմնական վնասվածք ստացել: Պահակը չի համաձայնել։ Օրեր անց նա այլևս ռեստորանում չի աշխատել:
Փորձաքննության եզրակացությունից հետո կալանավորված Սամվել Նազարյանը (սպանության մեջ մեղադրվողի և սպանվածի ենթադրյալ ընկերը) խցակցի հետ զրույցում հաստատել է, որ Ռոմանի և Ռազմիկի միջև վիճաբանություն է եղել և որ Ռոմանն ասել է իրեն, որ խփել է Ռազմիկին։ Սրանից հետո նրա մեղադրանքը վերաորակավորվել էր․ ի սկզբանե նրան մեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձանց կողմից սպանության, այժմ՝ հանցագործության պարտակման համար։
Դժբախտ պատահար էր, հանցանք չկա․ մեղադրյալի փաստաբան
Ռոման Մովսիսյանի պաշտպան Ռուբեն Բալոյանի կարծիքով, տեղի ունեցածը դժբախտ դեպք էր, այդտեղ ընդհանրապես հանցանք չկա:
«Ավելի լավ է քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ են այս գործով Ռոմանի և Ռազմիկի ընկերոջը, ռեստորանի մենեջերին ու մատուցողուհուն կալանքի տակ պահել»,- «Հետքի» հարցերին ի պատասխան ասել է Բալոյանը:
Ըստ նրա, վկաներին կալանքի տակ են պահել, որպեսզի Ռոմանի դեմ ցանկալի ցուցմունքներ տան։ Դատարանում նրանք այդ ցուցմունքներից հրաժարվել են:
Երեխեքի խաթեր եմ երաշխավորել․ պատգամավոր
«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Գագիկ Մելքոնյանը բացատրել է՝ երաշխավորություն է ներկայացրել դատարան, քանի որ Ռոմանի հոր հետ վաղուցվա ընկերներ են։
«Մենք Ռոմանի հոր հետ ընկերներ ենք, արդեն քսան տարի ընկերություն ենք անում: Ռոմանն ունի չորս անչափահաս երեխա, դեպքը կատարվել է չորս տարի առաջ, քննությունն ընթացել է, Ռոմանը ճանաչվել է անմեղ, նա 2 տարի դեպքից հետո ազատության մեջ է եղել: Դրանից հետո ով, ում, ինչ պատմելով՝ Ռոմանին կալանավորել են: Գործ են հարուցել դիտավորյալ սպանության համար: Բայց դեպքը հետեւյալ ձեւ է եղել, ոչ թե դիտավորությամբ սպանել է կամ բան, այլ իրենք ընկերներ են եղել, գնացել են խաշ ուտելու, հետո գնացել են դեպի Գառնի, թե հիմա վիճաբանություն է եղել, թե ինչ է եղել, դատարանը կպարզի: էս օղորմածիկը իրեն մեքենայից գցել է, դրանից հետո տարել են հիվանդանոց, դրանից 10 օր հետո նա մահացել է:
Չեմ գնացել, ասել՝ ազատեք Ռոմանին պատասխանատվությունից, ես, տեսնելով, որ չորս անչափահաս երեխա կա, տուն պահող էլ չունի, ասում եմ՝ բաց թողեք, թող գնա իր երեխեքի մոտ, դատաքննությունը կավարտվի, քսան տարի կտաք, երեսուն տարի, թող գնա իր պատիժը կրի: Ես երաշխավոր եմ, որ ինքը չի փախնի, չի խուսափի դատաքննությունից: Ես բացառում եմ սպանությունը, սպանություն տեղի չի ունեցել», – ասել է գեներալ պատգամավորը: