Հունիսի 13-ին Երևանի Նորագավիթ թաղամասում 26-ամյա երիտասարդ է սպանվել՝ անչափահասին մեքենան արագ վարելու դիտողություն անելուց հետո։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 17-ամյա բնակիչը վարել է հորը պատկանող Լադա 21114 մակնիշի ավտոմեքենան։ Մ.Խ.-ից դիտողություն ստանալուց հետո պատանին զանգել է հորը, ով իր հերթին, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել է Մ.Խ.-ին ու պայմանավորվել հանդիպել։ Պատանու հայրը գնացել է ընկերոջ հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, որտեղից էլ հետագայում հայտնաբերվել է Մ.Խ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով, երկու տասնյակից ավելի պարկուճներ և գնդակներ։ Երեք կասկածյալներ, այդ թվում՝ պատանու հայրը, ձերբակալվել են։
Քրեական գործ է հարուցվել սպանություն, մի խումբ անձանց կողմից սպանություն և ապօրինի հրազեն պահելու, շրջանառելու հոդվածներով։
Shamshyan.com-իը հայտնում է, որ մահացածը բնութագրվում էր դրական, երբևէ չի եղել քրեական «ռազբորկաների» մեջ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եղել է զինծառայող «Եղինկներ» զորամասում։