Home / Առողջապահություն / Ինչու է նախարարությունը փակել Զատիկի սարսափները բացահայտողներին

Ինչու է նախարարությունը փակել Զատիկի սարսափները բացահայտողներին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականի մայիսի 30-ին դե յուրե դադարեցրել է Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի գոյությունը և գործունեությունը։ Նախորդ տարի Խումբը մի քանի արտահերթ զեկույցներ էր հրապարակել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում հնարավոր ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնությունների մասին։ Կիսափակ հաստատությունն ահազանգին արձագանքել էր սպառնալիքներով։

Փաստորեն, դիտորդների վկայությունները քննելու, բռնությունները կանխելու փոխարեն նախարարությունը դադարեցրել է իր ենթակայությամբ գործող կիսափակ հաստատությունների նկատմամբ հասարակական վերահսկողությունը։ Epress.am-ը զրուցել է խմբի անդամ, իրավապաշտպան Մուշեղ Հովսեփյանի հետ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պնդում է, որ դիտորդական խմբի ստեղծման մասին 2018 թվականին ընդունած հրամանը անհատական, ոչ թե նորմատիվային բնույթ է ունեցել։ Դիտորդական խումբը սա պատրվակային հիմնավորում է համարում․ «Հրամանն ուժը կորցրած ճանաչելու որոշումն ընդունվել է օրինական հիմնավորման քողի ներքո, շարժառիթը հանրային վերահսկողության մեխանիզմի փաստացի վերացումն է»։

Խմբի լիազորությունները սահմանափակելու, գործունեությունը դադարեցնելու շուրջ ներքին քննարկումները նախարարությունում սկսվել են նախորդ տարի՝  «Զատիկին» առնչվող արտահերթ զեկույցների հրապարակումից հետո։ Դիտորդների արձանագրումները, ըստ իրավապաշտպանի, մտացածին պատճառներով կասկածի տակ էին դրվում, ավելին՝ քննարկումներում հնչում էին սպառնալիքին նմանվող մեկնաբանություններ, որ դիտորդները կարող են պատասխանատվության ենթարկվել «զրպարտության» համար։

Կիսափակ հաստատություն այցելելուց, երեխաների, դայակների, վարչական աշխատողների հետ առանձնազրույցներից հետո դիտորդները ահազանգել էին՝ հաստատությունը խախտում է երեխաների և աշխատողների իրավունքները, հիմնավոր կասկածներ կան, որ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնությունները համակարգային բնույթ են կրում։ Արձանագրված խախտումների համար որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, ենթադրյալ հանցագործությունները քննության չեն ենթարկվել։

Դիտորդական խումբը կարծում է, որ նախարարության այս «պատժիչ» գործողությունը պայմանավորված է խմբի գործունեության նկատմամբ դրսևորած ակնհայտ բացասական տրամադրվածությամբ, նպատակ ունի դադարեցնել քաղաքացիական հասարակության կողմից խնամքի հաստատություններում մարդու իրավունքների վիճակի նկատմամբ հասարակական հսկողությունը և հիմնվում է մարդու իրավունքների հնարավոր խախտումները կոծկելու մոտեցման վրա։

«Ակնկալում ենք, որ նախարարությունը ողջախոհություն կցուցաբերի՝ գործադրելով անհրաժեշտ բոլոր ջանքերը խմբի գործունեությունը ամենասեղմ ժամկետում ապահովելու նպատակով։ Նախարարությունը <․․․> պարտավո՛ր է շարունակաբար աջակցել հասարակական վերահսկողության մեխանիզմների զարգացմանը՝ անկախ հրապարակային քննադատության աստիճանից», – ասված է խմբի հայտարարության մեջ։

տե՛ս

Երևանյան գիշերօթիկի սարսափները

Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք

Երեխաները մնում են «Զատիկի» գերին․ նոր արձանագրումներ

«Զատիկում» սեռական բռնության մասին նոր ահազանգը անսպասելի չէր

«Ձեր հալը կտեսնեք»․ երեխաներին շարունակում են տանջել Զատիկում

Պետք է լռել «Զատիկում» երեխաների տառապանքների մասին․ նախարարությունը հեռացրել է դիտորդներին