Home / Առողջապահություն / «Զատիկում» պարտակում են երեխաների նկատմամբ բռնությունը

«Զատիկում» պարտակում են երեխաների նկատմամբ բռնությունը

«Զատիկ» երեխաների խնամքի կենտրոնում դիտորդները ֆիզիկական և սեռական բռնությունների, վատ վերաբերմունքի, ինքնավնասումների մասին վկայություններ են հավաքել և պնդում են, որ կիսափակ հաստատության վարչակազմը դրանց բավարար չի արձագանքել։ Ըստ որոշ տվյալների, խնամքի կենտրոնը սահմանափակել է երեխաների և նրանց ծնողների միջև շփումները (այդ թվում՝ տեսակցությունները)։ Դիտորդներն ահազանգել են նաև աշխատակիցների իրավունքների խախտումների մասին։

Մարտի 29-ին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն չհայտարարված այցից հետո «Խնամքի հաստատությունների դիտորդական խումբը» հրատապ զեկույց է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Զեկույցը չի հանրայնացվել՝ սպասում են Սոցապի պաշտոնական մեկնաբանությանը։

Հաղորդագրության համաձայն, խնամքի կենտրոնում գտնվող երեխաների և անձնակազմի հետ հանդիպման ընթացքում դիտորդները «ֆիզիկական և սեռական հնարավոր բռնությունների, վատ վերաբերմունքի, խտրականության, երեխաների շրջանում վատ սովորությունների, ինքնավնասումների, ինքնասպանությունների փորձերի կամ ցանկության մասին իմանալու դեպքում ոչ բավարար արձագանքման, աղջիկների առողջության իրավունքի և այլ իրավունքների խախտումների վերաբերյալ մի շարք տեղեկություններ» են ստացել։

Epress.am-ի հետ զրույցում խմբի անդամ Մուշեղ Հովսեփյանը պարզաբանել է՝ արձանագրված դեպքերը վերաբերում են «Զատիկի» ոչ թե ցերեկային, այլ շուրջօրյա խնամքի կենտրոնին։

«Խմբի անդամները, որոնք տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, և՛ երեխաներից, և՛ որոշ աշխատողներից տեղեկություններ են ստացել բռնությունների վերաբերյալ՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական», – նշել է Հովսեփյանը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Epress.am-ի տեղեկացրել են, որ 5-օրյա ժամկետում կարձագանքեն դիտորդական խմբի զեկույցին։ Ժամկետի լրանալուն պես զեկույցը կհրապարակվի։

Դատախազությունից նշել են, որ խնամքի կենտրոնում երեխաների նկատմամբ բռնությունների և այլ չարաշահումների վերաբերյալ գրություն չեն ստացել։

2019 թվականին «Զատիկ» երեխաների խնամքի կենտրոնում կադրային փոփոխություններ են իրականացվել․ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Աշոտ Մնացականյանին փոխարինել է հոգեբան Սիրանուշ Անտոնյանը։ Մեկ տարի առաջ Անտոնյանը լքել է պաշտոնը, նրան փոխարինել է նախարարության նշանակած Ժ/Պ-ն։ «Զատիկ»-ից մեկնաբանություն ստանալ խմբագրությանը չհաջողվեց։