Home / Հայաստան / Ռուբեն Վարդանյանը համադրելի է Քիմ Քարդաշյանի հետ, մնացածը չեն երևում

Ռուբեն Վարդանյանը համադրելի է Քիմ Քարդաշյանի հետ, մնացածը չեն երևում

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի իր ամենամյա ցուցակը։ 

Ամենահարուստ մարդկանց ցանկում Հայաստանը ներկայացնում է վերջերս քաղաքակացիություն ստացած ռուսաստանցի բիզնեսմեն, Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․ ըստ պաշտոնական տեղեկությունների, նրա ընտանիքը մոտ 1․2 միլիարդ դոլար ունի, համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 2259-րդ տեղը, որը, ի դեպ, կիսում է ամերիկացի սելեբրիթի Քիմ Քարդաշյանի հետ։

Սամվել Կարապետյանը (հայտնի է Տաշիրի Սամո մականունով) Forbes-ի վարկանիշում ներկայացնում է Ռուսաստանը․ նրա տեսանելի կապիտալը գնահատվում է 2․7 միլիարդ դոլար։ Նախորդ տարի Կարապետյանը աշխարհի 806-րդ ամենահարուստ մարդն էր: Այս տարի նրա կարողությունները փոքր ինչ նվազել են, այժմ «Տաշիր» խմբի սեփականատերը 1104-րդ տեղում է։

Ամենաամենահարուստների ցուցակը ավանդապես գլխավորում են Բեռնար Առնոն, Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը։ Անցյալ տարվա ամենահարուստը՝  Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, այժմ նաև Twitter-ի միանձնյա սեփականատեր Իլոն Մասկը առաջին հորիզոնականը զիջել է Բեռնար Առնոյին՝ LVMH խմբի (Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Moët & Chandon, Hennessy, Chaumet և այլն) սեփականատիրոջը։ Առնոն այժմ մոտ 211 միլիարդ դոլար ունի, իսկ Մասկը՝ արդեն 180 միլիարդ։ Երրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 114 միլիարդով։ 

Միլիարդատերերի վարկանիշային ցանկում 2023-ին ընդգրկվել է 2640 գործարար, նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 12,2 տրիլիոն դոլար։

Միացյալ Նահանգները մնում է ամենաշատ միլիարդատերեր ունեցող երկիրը․ ամերիկացի մեծահարուստները նվազագույնը 4,5 տրիլիոն ունեն։ «Կիսակոմունիստական» Չինաստանը (ներառյալ Հոնկոնգն ու Մակաոն)՝ իր 562 միլիարդատերերով, երկրորդ հորիզոնականում է։ Եռյակը եզրափակում է Հնդկաստանը՝ 169 միլիարդատեր։ 

Ըստ Forbes-ի, 2023-ը բարի չէր աշխարհի ամենահարուստ մարդկանց համար․ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, համաշխարհային գնաճ եղավ, բանկային համակարգը խափանումներով է աշխատում, աշխարհի մեծագույն երկրի նկատմամբ ծավալուն սանկցիաներ են կիրառվել և այլն։ Նախորդ տարվա միլիարդատերերի կեսից շատը 2023-ն ափոփել է «կորուստներով»։

Իսկ ո՞ւր են օլիգարխները

Forbes-ի ցուցակում, սակայն, աշխարհի իրական միլիարդատերերի զգալի մասը չկա։ Ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ, օրինակ, Իլհամ Ալիևը, ոչ էլ մյուս երկրների պաշտոնյա մեծահարուստները վարկանիշային աղյուսակում չեն երևում։

Հայաստանցիների զգալի մասը գիտի Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, նախկին և ներկա այլ պաշտոնյաների ֆորբսական կարողությունների մասին․ բայց նրանց անունները այս վիճակագրությունում չեն հիշատակվում։

Տարածաշրջանի հանրահայտ օլիգարխներից ցուցակագրվել է միայն Բիձինա Իվանիշվիլին՝ Վրաստանի նախկին վարչապետը, որը երկիրը շարունակում է կառավարել արդեն առանց ֆորմալ պաշտոնի։ Նրա տեսանելի կարողությունները գնահատվել են 4․9 միլիարդ դոլար․ Իվանիշվիլին ամենահուստների ցուցակում 552-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Ո՞ւր են մյուս ամենահարուստները։

Forbes-ը պարզաբանում է՝ ցանկում ընդգրկվել են անհատները, այլ ոչ՝ ունեցվածքը «կիսող» բազմասերունդ ընտանիքները։ Վիճակագրությունը կազմավել է ակտիվների մասին հրապարակային, հայտարարագրված կամ ամսագրին տրամադրած տվյալների հիման վրա։ Ստվերային, օֆշորային կարողությունները, մենեջերների, ազգականների, ընկերների և այլ անձանց անունով ձևակերպված ակտվիները, այսինքն, մնացել են վիճակագրությունից դուրս։

Հայաստանի համար Forbes չկա

Տնտեսագետ Արտակ Քյուրումյանը Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է․ «Մարդիկ գիտեն, ինչքան արժեթուղթ ունի, օրինակ, Իլոն Մասկը, գիտեն՝ այդ ակտիվները ինչ արժեն։ Եթե պարտք ունի, դա հանում են և ասում են networth-ը (զուտ եկամուտը)։ Հայաստանում, իհարկե, այս բնույթի տեղեկատվություն չկա»։

Օլիգարխների կարողությունների մասին, պարզ է, հանրային, պաշտոնական, հաստատված և ապացուցված տեղեկություն չկա։ Ակտիվների մեծ մասը իրենց անունով չէ, ի վերջո՝ օրինական եկամուտներով էլ որպես կանոն չի հիմնավորվում։

Խնդիրը, սակայն, միայն ստվերը կամ քողարկված կարողությունները չեն։ Ըստ Քյուրումյանի, ակտիվների մասին հստակ և չափելի տեղեկատվություն էլ չկա։

«Ենթադրենք, իքս անձնավորությունը ինչ֊որ գործարանի տեր է։ Այս գործարանը ի՞նչ արժի, ո՞վ կարող է որոշել։ Նրա ֆինանսական փաստաթղթերում կարող է մեկ գին լինել, բայց հանես վաճառքի՝ այլ գին լինի», – նշել է Քյուրումյանը։

Հայաստանի պես երկրներում, ըստ նրա, նման տեղեկությունները խիստ սակավ են․ «Forbes-ը այսպիսի երկրներում բան չի անում, վստահ եմ՝ Վարդանյանին էլ Ռուսաստանի իր եղածով են գնահատել, ոչ Հայաստանի։ Հայաստանի դեպքում այս մեթոդաբանությունը դժվար թե կիրառելի լինի»։

___

Ամենահարուստների մրցակցության վերացական միավորները պատկերացնելու համար կարելի է անցնել, օրինակ, Մեթ Քորոսթոֆի ստեղծած մարաթոնը, որը Ջեֆ Բեզոսի միլիարդները տեղադրում է իրական կյանքի հնարավորությունների վրա և համեմատում շարքային ամերիկացիների հնարավորությունների, համաշխարհային առողջապահական և տնտեսական խնդիրների հրատապ լուծման համար անհրաժեշտ գումարների, աշխարհում տնային տնտեսությունների ծախեսերի հետ․․․