Home / Հայաստան / 8800 դրամ 1 ամիս Երևանի տրանսպորտից օգտվելու համար․ նոր նախագիծ

8800 դրամ 1 ամիս Երևանի տրանսպորտից օգտվելու համար․ նոր նախագիծ

Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծում, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում:

Նոր նախագծով նախատեսվում է․

– 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
– 90 օրվա համար 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
– 365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր, ֆեսյբուքում գրել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Եթե փաթեթ չունես՝ մեկանգամյա ուղևորության արժեքը կազմում է 280-ից 300 դրամ (կախված նրանից՝ տոմսը թղթային թե էլեկտրոնային տարբերակով է գնվել)։

Մինչ այս քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգի մեկ այլ նախագիծ էր հրապարակել․ փաթեթներն ավելի շատ էին, երթևեկության քանակը սահմանափակ էր և միջինում ավելի թանկ։ Հանրային դժգոհության ֆոնին նախագիծը հետ էր քաշվել և ուղարկվել լրամշակման։

տե՛ս ՔՊ-ն թանկացնում է տրանսպորտի գները

Նոր նախագիծն ավելի մատչելի է․

Եթե հանրային տրանսպորտից օգտվում են ամեն օր՝ ամսական փաթեթով օրական մոտ 293 դրամ ենք վճարում (8800/30=293): Եթե տրանսպորտից օգտվում ենք միայն աշխատանքային օրերին, օրական այս նույն փաթեթով վճարում ենք 400 դրամ (8800/22=419):

Անսահմանափակ երթևեկությամբ փաթեթներ են գործում նաև հարևան Թբիլիսիում, օրինակ, որտեղ մեկ ամսվա քարտը արժի 6090 դրամ (Երևանում առաջարկվող 8800-ի փոխարեն)։ Քիշնևում երթևեկությունն ավելի էժան է (ամսական 5310 դրամ՝ անսահամանափակ)։ Ավելի մատչելի է նույնիսկ Աստանան՝ Ղազախստան (ամսական 6680 դրամ)։ Երևանը զիջում է լավագույն դեպքում Մոսկվային, Վիլնյուսին և Ռիգային՝ այնտեղ ամսական փաթեթենրը 12-13 հազար դրամ արժեն: