Երևանի ավտոբուսների վարորդներն այսօր գործադուլ են արել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Երևանի քաղաքապետարանն առավոտից խոստանում էր պատժել վարորդներին, ընդ որում՝ քրեաիրավական ճանապարհով։ Երեկոյան գործից հեռացվել է 35 վարորդ։ Եթե գործադուլը դադարեցվի, նրանց գուցե հետ ընդունեն աշխատանքի։
Գործադուլավորներից Արմանը Epress.am-ի հետ զրույցում քաղաքային իշխանությունների գործողությունները շանտաժ է որակել՝ պայքարի պառակտման փորձ։ «Մենք էլ չենք պատրաստվում գրոշներով ծանր աշխատանք անել։ Վաղը շարունակվելու է գործադուլը։ Հավաքվելու ենք քաղաքապետարանի դիմաց, մինչև հարցը լուծվի», – ասել է նա։
Epress.am-ը գործադուլին միացած վարորդներին՝ մոտ 200-300 հոգի, հանդիպել է «Երևանի ավտոբուս» համայնքային ՓԲԸ-ի տարածքում։ Քաղաքին պատկանող ընկերությունը փակել էր գրասենյակի դռները, վարորդներին ներս չէին թողնում։ Բողոքի ակցիային եկան նաև տարբեր քաղաքական գործիչներ՝ լրագրողների ուղեկցությամբ։ Վարորդները նրանց հետ շփվելուց խուսափում էին, քանի որ «ընդդիմադիրները եկել են պղտոր ջրում ձուկ բռնելու»։
«Մենք պալիտիկայով չենք զբաղվում։ Մեզ ընդամենը մեր աշխատավարձն է պետք։ Առողջություն ենք մաշում», – ասել է վարորդներից մեկը։
Օրվա ընթացքում մի քանի ավտոբուս դուրս է բերվել երթուղի։ Ըստ գործադուլավորների՝ դրանք տարբեր ՊՈԱԿ-ների աշխատողներ էին վարում, որոնք չունենք վարորդական համապատասխան կարգ։
Աշխատանքային պայմաններից վարորդները պատմում էին՝ խնդրելով չտեսանկարահանել իրենց։ Որ առաջ ստվեր կար ու որ ուղեվարձի մի մասը շատերն իրենց էին պահում՝ ոչ ոք չէր հերքում։ Բայց ասում են՝ երեք ամիս առաջ իրենց աշխատավարձի 100-150 հազարանոց բարձրացում էին խոստացել, որը չեն արել։ Պարապուրդի համար էլ փոխհատուցում չեն ստանում։
Վարորդներն օրումեջ են աշխատում։ Ըստ պայմանագրի՝ սմենը 12-14 ժամ պետք է տևի, բայց տևում է 17-18 ժամ։ Հաճախ ընդմիջում էլ չեն ունենում։ Երևանը այսպես լրացնում է աշխատուժի պակասը։
Կողքից հիմա շատ են գրում՝ էնքան փող եք ստանում, որ բժիշկը էդքան չի ստանում։ «Էսօր եմ իմ հարսին բերել ծննդատնից։ 500 դոլար տվել եմ կեսարյան հատում անելու համար։ Տենց ասողները դրա մասին չգիտե՞ն։ Մեր գործը դանդաղ մահ ա։ Էս ամենադաժան գործն է։ Չի գնահատվում։ Սաղ շոֆեռները ունեն ողնաշարի գրիժա, մեկը՝ ես։ Իջնելուց պպզում էի, միայն դա էր օգնում։ Հիմա դրա ժամանակն էլ չունեմ։ Աշխատում եմ 7-ից գիշերվա 12-ը։ Ասում են՝ 14 ժամ աշխատի, երկու ժամ ընդմիջում արա։ Մենք հինգ րոպե կանգնենք, հարյուր տեղից զանգում են։ Քշելով ենք ուտում։ Ընդմիջման ժամանակ չունենք», – արձագանքում էր գործադուլավորներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։