Home / Առողջապահություն / Վտանգավոր ավտոստոպ․ Արարատի տրանսպորտի վիճակը կատաստրոֆիկ է

Վտանգավոր ավտոստոպ․ Արարատի տրանսպորտի վիճակը կատաստրոֆիկ է

Աշխատանքային օրվա ավարտին հարյուրավոր մարդիկ կուտակվում են Երևանի Առաջին մասի շրջանաձև խաչմերուկում, որտեղից սկսվում է դեպի Արարատի մարզ մայրուղին։ Երևանում աշխատող կամ սովորող մարզաբնակները այստեղից փորձում են դեպի հարավ գնացող ավտո բռնել ու տուն հասնել։

Մայթին ավտոկանգառի նշան չկա, տեսանելի լինելու համար շտապող ուղեևորները առաջանում են փողոցի երթևեկելի մաս։ Շատ շտապողները նետվում են անցնող մեքենաների վրա։

Երբեմն սպասում են երկու րոպե, երբեմն ժամեր՝ մինչ մի մեքենա կկանգնի։ Բախտի բան է՝ մեքենան կլինի սարքին, վարորդը պարկեշտ, կպահանջի 300 դրամ, թե 1000, թե կտանի անվճար։ Ուշադիր են մեքենա ընտրում հատկապես կանայք. հետևում են անցնող մեքենայի մակնիշին (թանկարժեք մեքենաները չեն կանգում), վարորդի դեմքի արտահայտությանը, մեքենայի մաքրությանը։

«Արարատի տրանսպորտի վիճակը կատաստրոֆիկ է», – Epress.am-ի հետ զրույցում խոստովանում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը։

IMG_7085

2021 թվականին նախախարությունը խոստացավ արժանապատիվ ավտոբուսային համակարգ ստեղծել՝ հայտարարելով միասնական մարզային ուղևորափոխադրողի մրցույթ։ Նորագույն, օդորակիչներով կահավորված, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսներով էժան ուղևորափոխադրում ապահովելու դիմաց նախարարությունը հաղթող ընկերությանը խոստացավ տալ 10 տարի աշխատելու մենաշնորհային իրավունք։

Երեք դիմողներից մրցույթը հաղթեց Ռեգնում ՍՊԸ-ն։ 2022-ի փետրվարից ունենալով սպասարկման լիցենզիան՝ ընկերությունը դեռ չի սկսել փոխադրումները։ Մեկ անգամ դիմել է լիցենզիայի ժամկետը երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանում «ֆորսմաժորային» իրավիճակ է՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ, և ռուսական «ՊԱԶ» գործարանը չի տալիս խոստացած 87 նոր ավտոբուսները։

Ավտոմոբլիային տրանսպորտի քաղաքականության վարչության պետը Epress.am-ի հետ զրույցում ասում է, որ նախարարությունը չէր կարող հավերժ սպասել և 2023 թվականի ապրիլինին «Ռեգնումին» զրկել է սպասարկման իրավունքից։

Ընկերությունը դիմել է դատարան՝ վիճարկելու հրամանը և հետ ստանալու պետությանը տված շուրջ 36 միլիոն դրամ նախնական գրավը։

Առաջացած կազուսից օգտվում է «Լիգա ՍՊԸ»-ն`ներկա ուղեփոխադրողը։ Իմանալով, որ պետությունն այլևնտրանք չունի, ընկերությունը չի ջանում լավացնել սպասարկման որակը, Epress.am-ի հետ զրույցում ասում է ակտիվիստ Արփինե Խաչատրյանը, ով պայքարում է Արարատում արժանապատիվ հանրային տրանսպորտի համար։ «Լիգա ՍՊԸ»-ն գիծը սպասարկում է 2011-ի արտադրության մաշված չինական ավտոբուսներով։

Ավտոբուսները ժամանում են 50 րոպեն մեկ, ուղեխցերը գերծանրաբեռնված են, ուղեվճարը կամայականորեն բարձրացվում է։ Ըստ Լիգա ՍՊԸ-ի վարորդների՝  մարդիկ պետք է  խցկվեն իրենց ավտոբուսները, քանի որ անծանոթ ավտոներում աղջիկներին «ձեռ են քցում»։

IMG_7086_2