Պարտապանից գումար բռնագանձելը պիտի արվի այնպես, որ նրա ամսական հաշվեկշռին մնա գոնե նվազագույն աշխատավարձի չափ գումար՝ 75 հազար դրամ։ Նման փոփոխություն է առաջարկել Արտադարատության նախարարությունը Ազգային ժողովի դատաիրավական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում։ Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նշել է, որ փոփոխությունը լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտպանության համար։
Մինչ այս փոփոխությունը կընդունվի դատական ակտերի հարկադիր կատարողը կարող է բռնագրավել անձի եկամուտների մինչև 50 տոկոսը (անկախ նրանից, թե ինչքան գումար կմնա տակը), իսկ թոշակառուներից՝ կենսաթոշակի մինչև 30 տոկոսը` մինչև պարտքի լրիվ մարումը:
Դատական կարգով բռնագանձման դեպքերն աճում են։ Ամենաշատը պարտապանների գույքը կամ եկամուտները դատարանով խլում են բանկերն ու վարկային կազմակերպությունները։ Հարկադիրին սկսել են դիմել նաև համայնքապետարանները։
Արտաշատում անցյալ տարի հարկերը չվճարելու համար համայնքը հարկադիրին է դիմել 50 քաղաքացու գործով՝ Epress.am-ին ասել է համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արարատ Գոլեթսյանը։ Սա, ըստ նրա, շատ չէ․ տարվա ընթացքում ավելի քան 300 վարչական ակտ է կազմվել, բայց պարտապաններից 250-ը համաձայնվել են պարտքերը մարել համայնքի հետ ժամանակացույց կազմելով։
Ժամանակացույց կազմելու առաջարկը վերջին հնարավորությունն է խուսափելու հարկադիր բռնագանձումից։
«Համայնքի մաս գյուղերում օրինակ ավելի հարմար է պարտքը մարել բերքահավաքի սեզոնին։ Մենք թույլ ենք տալիս, որ պարտքը վերադարձվի ըստ անձի հարմարության։ Ժամանակացույցը վերջին շանսն է։ Հարկադիրի որոշման դեպքում քաղաքացիների հաշիվները սառեցվում են, գործարքներ անել չեն կարող։ Գույքի դեպքում՝ չեն կարող գույքը վարձով տալ կամ վաճառել։ Հարկադիրին դիմելուց հետո իրենք են սկսում շտապել արագ վճարել հարկային պարտականությունները»,- ասում է նա։
Մարտին Արտաշատի համայնքապետարանը վերջնահաշվարկներ է ուղարկել համայնքի բնակիչներին՝ 2008-2020 թվականներին չվճարած հողի կամ գույքի հարկերը և տույժերը մարելու համար։ Եթե պարտքը գերազանցում է 100 հազարը՝ առաջարկում են կազմել 6-12 ամսվա մարման ժամանակացույց, այլապես սպառնում են դիմել Հարկադիր կատարման ծառայությանը։
Եթե պարտապանը մահացել է, պարտքը ժառանգվում է նրա իրավահաջորդ(ներ)ին։ Ժամանակացույցի պայմանագիրը կնքվում է պարտապանի ու համայնքի տեղական ներկայացուցչի հետ։
Հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հարկերի բռնագանձումների առանձին վիճակագրություն իրենք չեն պահում։
Հայաստանի իշխանությունները խոստովանում են՝ մեխանիզմներ են փնտրում չօգտագործվող գույքը օտարելու համար։ Քանի որ սեփականությունը սուրբ իրավունք է, նպատակին կառավարությունը փորձում է հասնել շրջանցող ճանապարհներով։ Անեկամտաբեր սեփականությունից ազատվել է ստիպում Գույքահարկի նոր օրենքը։ Մարդիկ, որոնք հող կամ շինություն են սեփականաշնորհել 90-ականներին, բայց չեն օգտագործում այն բիզնես նպատակներով, բողոքում են՝ հարկային հաշիվներ են ստանում, որոնք ի վիճակի չեն մարել։ Չվճարելու դեպքում համայնքները սպառնում են դիմել հարկադիր կատարողներին։ Շատերը մտածում են գույքը «էժանով վաճառելու» մասին։
տե՛ս Գույքը պարտավոր է դառնալ կապիտալ