Հնարավո՞ր է, արդյոք բնության մեջ գտնել սովորական զուգարանի թղթի փոխարինիչ։ Քենիայի Ազգային թանգարանի բուսաբանը կարծում է, որ այո։
Մարտին Օդիամբոն առաջարկում է Plectranthus barbatus բույսի տերևները, որոնք «բնությունն ինքը ստեղծել է որպես արդյունաբերական թանկ ապրանքների այլընտրանք»։
Աֆրիկական մի շարք երկրներում վերջերս շատ այլ ապրանքների հետ զուգահեռ թանկացել է նաև զուգարանի թուղթը։ Այն հիմնականում արտադրվում է տեղում, բայց վերջնական արտադրանքը մեծամասամբ արտահանվում է։ Մարտինի մասնագիտացումը ավանդական բույսերն են։ Նա կարծում է, որ ծախսերը կրճատելու համար բնական միջոցների հետևից հեռու գնալու կարիք չկա։
«Plectranthus barbatus֊ը աֆրիկյան զուգարանի թուղթն է։ Հիմա երիտասարդների մեծամասնությունն առհասարակ տեղյակ չէ այդ բույսի գոյության մասին, բայց այն ունի իրական պոտենցիալ՝զուգարանի թղթի էկոլոգիապես մաքուր այլընտրանքը դառնալու համար», – բացատրում է Օդիամբոն։
Բույսն աճում է հեշտ և արագ, տերևները փափուկ են և ունեն անանուխի նուրբ հոտ։ Տերևի չափը համեմատելի է արդյունաբերական զուգարանի թղթի մեկ քառակուսու հետ։
Plectranthus barbatus֊ը աճում է Աֆրիկայի ողջ տարածքում։ Հեշտ հասանելիության շնորհիվ գյուղական շրջաններում օգտագործվում է հիգիենիկ նպատակներով։
Քենիայի Մերու քաղաքի բնակիչ Բենիամինը Plectranthus barbatus֊ը որպես զուգարանի թուղթ օգտագործում է արդեն ավելի քան 25 տարի. «Այդ բույսի մասին ինձ պատմել է պապիկս 1985 թվականին։ Այդ ժամանվանից ես հիմնականում դա եմ օգտագործում։ Տերևները փափուկ են և հաճելի հոտ ունեն»։
Արդյո՞ք իրատեսական է մտածել, որ զուգարանի թղթի նման փոխարինիճը լայն կիրառություն կստանա, հատկապես՝ այլ երկրներում։
Միացյալ Նահանգներում ապրող էկոլոգ-ակտիվիստ Ռոբին Գրինֆիլդը պատմում է, որ Plectranthus barbatus-ի տերևներն օգտագործում է արդեն շուրջ հինգ տարի։
Ռոբինը Ֆլորիդայի իր տան մոտակայքում աճեցնում է բույսի 100 թուփ։ Սիրով կիսվում է ցանկացողների հետ, բոլորին խորհուրդ է տալիս ինքնուրույն աճեցնել սեփական զուգարանի թուղթը։
«Շատերը կարծում են, որ բույսը զուգարանի թղթի փոխարեն օգտագործում են միայն աղքատները, բայց ուզում եմ հիշեցնել, որ սովորական զուգարանի թուղթը ևս ստացնում է բույսերից՝ արդյունաբերական մշակման արդյունքում», – ասում է Գրինֆիլդը։
Նա պատմում է, որ իր աճեցրած Plectranthus barbatus-ից փորձած մարդիկ հիմնականում գոհ են մնում և հաճախ իրենք էլ սկսում են աճեցնել ու տարածել։
«Բոլոր նրանց, ովքեր որոշում են օգտագործել այս բույսը, խորհուրդ կտամ ուրիշների կարծիքին ուշադրություն չդարձնել»։