Home / Առողջապահություն / Ում հացն է ուտում Աֆրիկան

Ում հացն է ուտում Աֆրիկան

Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել հացահատիկի գործարքից, որը, չնայած պատերազմին, Ուկրաինային հնարավորություն էր տալիս մթերք արտահանել սևծովյան նավահանգիստներով։ Պայմանագրի ժամկետն ավարտվել է հուլիսի 17-ին։

Հուլիսի 18-ից «Սևծովյան նախաձեռնությունը» դադարել է գործել։ Ստամբուլյան համատեղ համակարգման կենտրոնը, որը ստուգում էր ուկրաինական հացահատիկով նավերը, լուծարվելու է՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Մոսկվան նաև հետ է կանչել նավարկության անվտանգության երաշխիքները և մտադիր է կրճատել մարդասիրական միջանցքը Սև ծովի հյուսիս-արևմուտքում։ Ցորենի պահեստները ոչնչացվում են։

Ըստ Կրեմլի, Ռուսաստանը պատրաստ կլինի վերանայել գործարքը, եթե կատարվեն իր պահանջները:
«Հենց կյանքի կոչվի համաձայնեցված և սևծովյան համաձայնագրի Ռուսաստանին վերաբերող մասը, Ռուսաստանն անմիջապես կվերադառնա գործարքի իրականացմանը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքերով՝ ցորենի գործարքի վերաբերյալ դիրքորոշումը Մոսկվան հրապարակել է Ղրիմի կամրջի վրա վերջին հարձակումից առաջ, երկուշաբթի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները կապված չեն դրա դադարեցման հետ։

Ռուսաստանը  վաղուց է սպառնում դուրս գալ անցյալ տարվա հուլիսի 22-ին համաձայնեցված «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունից»՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանին տրված խոստումները չեն կատարվում։

Պայմանավորվածությունների պահպանմանը կողմ են արտահայտվել Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Բանակցությունների ընթացքում համոզել չի հաջողվել։ «Չնայած այսօր արված հայտարարությանը, ես հավատում եմ, որ իմ ընկեր Պուտինը ցանկանում է, որ այս մարդասիրական միջանցքի աշխատանքը շարունակվի»,- հուլիսի 17-ին ասել է Ռեջեփ Էրդողանը։

Եվրամիությունում սակավ լավատեսությամբ են նայում իրավիճակին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դատապարտել է գործարքից դուրս գալու Մոսկվայի որոշումը՝ այն անվանելով «ցինիկ քայլ»։ Նա հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի ուկրաինական սննդամթերքը համաշխարհային շուկաներ մատակարարելու ուղղությամբ աշխատանքները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ  չնայած համաձայնագիրը դադարեցնելու Ռուսաստանի հայտարարությանը՝ Կիևը կշարունակի հացահատիկի արտահանումը։

«Մենք ունեինք երկու պայմանագիր, մեկը՝ Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ, մյուսը՝ Ռուսաստան, Թուրքիա, ՄԱԿ։ Այսպիսով, երբ Ռուսաստանը դադարեցնում է [գործարքը], նա տապալում է իր պայմանավորվածությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի և [Թուրքիայի] նախագահ Էրդողանի հետ: Ո՛չ մեզ հետ։ Մենք նրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չենք ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հացահատիկի գործարքի շրջանակներում վերջին նավը Օդեսայի նավահանգստից մեկնել է հուլիսի 16-ի առավոտյան: Ռուսաստանը հունիսի վերջին համաձայնեցրել է նավի անցումը Սև ծովով։ Դրանից հետո Մոսկվան այլ նավերի անցման թույլտվություն չի տվել։

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս բողոքել են, որ ռուս տեսուչները, որոնք, համաձայն գործարքի պայմանների, պետք է ստուգեին հացահատիկ տեղափոխող նավերը, դիտավորյալ հետաձգում են ստուգումները, պարբերաբար ոչ անհրածեշտ փաստաթղթեր են պահանջում և հացահատիկի միջանցքի աշխատանքին խանգարելու այլ անհիմն պատճառներ փնտրում։

Ի՞նչ խոստումներ չեն կատարվել

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ քննադատել է հացահատիկի գործարքը՝ այն, ի թիվս այլ բաների, անվանելով խաղ մի դարպասի վրա։

«Ոչինչ, սա ուզում եմ ընդգծել, ընդհանրապես ոչինչ չի արվել։ Սա խաղ է մի դարպասի վրա։ Ռուսաստանի շահերի հետ կապված ոչ մի կետ չի կատարվել»,- ասել է Պուտինը։

Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ հացահատիկի գործարքը քննարկելիս՝ Պուտինն «ընդգծել է, որ ՌԴ-ՄԱԿ համապատասխան հուշագրով նախատեսված պարտավորությունները, այն է՝ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելը, դեռևս իրականացված չեն»։

Ռուսաստանի և ՄԱԿ-ի հուշագրում է թաքնված հացահատիկի գործարքի քննարկման ֆորմալ հակասությունների հիմնական պատճառը։

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է ոչ թե մեկ, այլ երկու փաստաթուղթ։

Առաջինը ՄԱԿ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխըմբռնման հուշագիրն է, ըստ որի պետք է ապահովվի Ռուսաստանից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը համաշխարհային շուկաներ։ Երկրորդը հենց «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունն» է, որը նախատեսում է սննդամթերքի և պարարտանյութերի անվտանգ արտահանում ռուս զինվորականների կողմից արգելափակված ուկրաինական նավահանգիստներից: «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» ներառում է առանձին համաձայնագիր Ուկրաինայի և Թուրքիայի միջև և հայելային համաձայնագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ։

Ռուսաստանը պնդում է, որ հացահատիկի գործարքը բաղկացած է երկու մասից և նախատեսում է արտահանման խթանում ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից: Սրանով են բացատրվում ռուս պաշտոնյաների բազմաթիվ հղումները համաձայնագրի «փաթեթային» լինելուն։

Ռուսաստանի գործընկերները այս մոտեցումը չեն կիսում։ Փաստաթղթերը, նախ, ստորագրվել են տարբեր մասնակիցների կողմից, երկրորդը՝ ունեն տարբեր վավերականության ժամկետներ (հուշագրի ժամկետը երեք տարի է)։ Ընդ որում՝ հուշագրի տեքստում միայն նշված է, որ կողմերը իրենց ձեռնարկած միջոցների վերաբերյալ «փոխըմբռնման են գալիս»։ Փաստաթղթում նշվում է նաև, որ «հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի սահմանում միջազգային իրավունքով որևէ իրավունք կամ պարտավորություն»:

Սանկցիաներ, թե՞ թունավոր տնտեսություն

Չնայած ռուսական սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող պատժամիջոցների թուլացումը պաշտոնապես ներառված չէր հացահատիկի գործարքում, այն համաձայնեցված էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ գրում է Carnegie Politika-ն։

Արդյունքում՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները չեն արգելում Ռուսաստանից սննդամթերքի և պարարտանյութերի ներմուծումը, արտահանումը, գնումը և ընդհանուր առմամբ առևտուրը (բացառությամբ կալիումական պարարտանյութերի): 9-րդ փաթեթում հատուկ ընդգծվում է, որ անգամ պատժամիջոցների ենթարկված սուբյեկտների մասնակցությամբ գործարքներն են թույլատրվում։

Այնուամենայնիվ, Մոսկվայի պահանջները շատ ավելի հեռուն են գնացել, քան պարզապես պարենային մատակարարումների սահմանափակման վերացումը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, բանակցությունների ընթացքում Մոսկվային խոստումներ են տրվել, այդ թվում՝ «ուղղակի և անուղղակի բոլոր պատժամիջոցների վերացում՝ միջազգային համաշխարհային շուկաներ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման համար»։ Փաստացի Ռուսաստանի իշխանությունները պահանջում էին վերացնել գյուղատնտեսական արտադրության վրա ազդող տնտեսական սահմանափակումների զգալի մասը։

Ռուսական հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրներ իրապես կան։ Ներմուծողները, վախենալով պատժամիջոցներից, կարող են հրաժարվել ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից՝ անկախ այն հանգամանքից նրանց իսկապես սպառնում են պատժամիջոցները, թե ոչ։

Իրականում, ամբողջ ռուսական տնտեսությունը դարձել է թունավոր, բայց Կրեմլը դա համարում է որոշ «անուղղակի պատժամիջոցների» արդյունք, որոնք կարող են չեղարկվել:

Խնդիրներից մեկն էլ SWIFT համակարգից ռուսական բանկերի անջատումն է, որը չափազանց անհարմար է դարձնում ապրանքների դիմաց վճարումը։ Սա ազդում է ամբողջ, այդ թվում՝ ոչ պատժամիջոցային, առևտրի վրա։

Ըստ Financial Times-ի, հացահատիկի գործարքը երկարաձգելու բանակցություններում Ռուսաստանը առաջարկել է թույլ տալ «Ռոսսելխոզբանկին» դուստր ձեռնարկություն ստեղծել և նրան SWIFT-ի հասանելիություն տալ:

«Ռոսսելխոզբանկը» նախկինում էական դեր չի խաղացել հացահատիկի և պարարտանյութերի միջազգային առևտրում, սակայն Կրեմլը, ըստ երևույթին, որոշել է այն վերածել գյուղատնտեսական ապրանքների արտահանման վճարումների համար «միասնական պատուհանի»՝ դրանով իսկ պաշտպանելով այն պատժամիջոցներից (Գազպրոմբանկի և գազի արտահանման օրինակով)՝ բացատրել է Carnegie Politika-ն։

Արդյունքում Ռոսսելխոզբանկի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին չի հաղորդվել։

FT-ն նշել է, որ բանկը ամբողջությամբ պատկանում է Կրեմլին, նրա խորհրդի նախկին նախագահն է Դմիտրի Պատրուշևը՝ ներկայիս գյուղատնտեսության նախարարը, և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի որդին, ով «կարևոր դեր է խաղացել Ուկրաինայում պատերազմի սանձազերծման գործում»:

Աֆրիկան և հացահատիկի գործարքը

Աֆրիկյան երկրների մեծ մասը, չնայած Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, լոյալ է Մոսկվային։ Աֆրիկան, սակայն, ​​ամենաշատը կտուժի հացահատիկի գործարքի ընդհատումից։ Վերջինս ենթադրում է երրորդ երկրներին մատակարարվող հացահատիկային արտադրանքի ծավալների զգալի կրճատում, ինչպես նաև համաշխարհային շուկաներում այդ ապրանքների գների կտրուկ աճ։ Դեռևս պատերազմի սկզբում ուկրաինական ապրանքների արտահանման դադարեցումը զգացել էին շատ երկրներ, ամենից շատ՝ աֆրիկյան։

«Հացահատիկի գործարքից դուրս գալու Ռուսաստանի որոշումը մեջքից հարված է համաշխարհային պարենային անվտանգությանը՝ քայլ, որը անհամաչափ ծանր ազդեցություն կունենա Աֆրիկայի եղջյուրի երկրների համար, որոնք արդեն իսկ տառապում են երաշտի հետևանքներից», – ասել է Քենիայի արտաքին գործերի նախարար Կորիր Սինգ Օեյը:

Աֆրիկյան եղջյուրի երկրներ են Սոմալին, Եթովպիան, Էրիթրեան և Ջիբութին՝ պետություններ, որտեղ սովի խնդիրը առաջնային էր նաև վերջին իրադարձություններից առաջ։ Մայրցամաքի այլ պետությունների իշխանությունները ևս անհանգստացած են։

Արևելյան Աֆրիկայի գյուղատնտեսությունը հսկայական վնասներ է կրել վերջին երաշտի պատճառով, մայրցամաքի հյուսիսային հատվածն ամբողջությամբ ներմուծում է իր սննդամթերքը։

Սոմալին, Քենիան, Եթովպիան, Հարավային Սուդանը և Նիգերիան 100%-ով կախված են հացահատիկի ներմուծումից, Եգիպտոսը ուկրաինական արտադրանքի խոշորագույն ներկրողներից է։

Զամբիայի արտաքին գործերի նախարար Սթենլի Կակուբոն ասել է, որ գործարքը «փրկություն էր առավել կարիքավոր երկրների համար», և որ այն կասեցնելու դեպքում լուրջ հետևանքներ կլինեն:

Ըստ ՄԱԿ-ի՝ այս պահին, ընդհանուր առմամբ, մայրցամաքում մոտ 50 միլիոն մարդ տառապում է սննդի պակասից։ Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալու հետևանքները զգացվեցին արդեն գալիք շաբաթ․ երկուշաբթի օրը ցորենի համաշխարհային գներն ընդամենը մեկ օրվա ընթացքում բարձրացան մոտ 3%-ով:

«Սև ծովում սննդամթերքի, անասնակերերիի և պարարտանյութերի առևտուրը էական նշանակություն ունի պարենի համաշխարհային գների կայունության համար: Ցավալի է ասել, որ ամենաշատը տուժել են աղքատ մարդիկ և աղքատ երկրները»,- ասել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվելան:

Շռայլ առաջարկ

Վլադիմիր Պուտինը հացահատիկի գործարքում ակնհայտորեն հաշվի չի առել աֆրիկյան իշխանություններին, բայց, կարծես թե, նա ունի պահեստային ծրագիր:

Ըստ աֆրիկյան հետախուզության տեղեկագրի (այն հայտնվել է Le Monde-ի ֆրանսիական հրատարակության մոտ)՝ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին Մալիի իշխանությունները Ռուսաստանից ստացել են 50 հազար տոննա ցորեն՝ մեկ տոննայի դիմաց 220 դոլար զեղչով։

Դեռևս մարտին Կրեմլը հասկացնել էր տվել, որ եթե հացահատիկի գործարքը չերկարաձգվի, Ռուսաստանը պատրաստ է անվճար հացահատիկ մատակարարել կարիքավոր աֆրիկյան երկրներին։

Այս մասին դեռ պաշտոնական հայտարարություններ չկան։ Ենթադրվում է, որ առաջարկը կհնչի այս շաբաթ կայանալիք Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում։

«…Ռուսաստանն այստեղ պահպանում է իր դիրքորոշումը, մենք կապի մեջ ենք մեր աֆրիկացի գործընկերների հետ, և այդ շփումները կշարունակվեն Ռուսաստան-Աֆրիկա առաջիկա ֆորումում», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։