Home / Համայնքներ / Նորագյուղի ինքնաշեն տների տեղը կկառուցվի Աբու Դաբի

Նորագյուղի ինքնաշեն տների տեղը կկառուցվի Աբու Դաբի

Նորագյուղ թաղամասում երկու փուլով կառուցվելու է Երևանի նոր կենտրոնը՝ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այդ կենտրոնը պետք է ունենա որոշակի ներդրումային գրավչություն, որպեսզի կարողանանք [այս նախագիծը] քննարկել միջազգային խոշոր կառուցապատող ընկերությունների հետ։ Օրինակ՝ կարելի է Աբու-Դաբիի Ռիմ կղզու օրինակը նայել, թե նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրերին ինչ կարգավիճակներ են տրվել, ինչ հնարավորությունների են տրվել», – ասել է Ավինյանը։

Մինչ վերակառուցմանն անցնելը՝ տարածքը պետք է ճանաչվի հանրային գերակա շահ։ Սա ենթադրում է, որ պետք է քննարկվի նաև տարածքի ներկա բնակիչների փոխհատուցման հարցը։ Քաղաքապետարանի մամուլի բաժնից Epress.am-ի ասել են, որ Կառավարության որոշմամբ տարածքը գերակա շահ ճանաչելուց հետո միայն կհաստատվի քաղաքաշինական ծրագիրը, որի համաձայն տարածքը կբաժանվի համայնքային հողերի, ճանապարհների, բնակելի թաղամասերի, հատուկ կարգավորման գոտիների և կանաչ գոտիներ։ 

Նորագյուղցիները պատմում են, որ սարի վրայի ինքնաշեն տները քանդել ու նոր բարձրահարկեր կառուցել փորձել են բոլոր նախորդ քաղաքապետերը, բայց չի ստացվել, որովհետև մեծ գումաների կարիք է եղել։ 

Նորագյուղում սեփական տները կառուցվել են առանց հաստատված պլանի։ Շատերը իմանալով պետական ծրագրի մասին՝ շտապում են օրինականացնել իրենց ինքնաշեն տներն ու տնկած այգիները։ Նորագյուղի բնակիչ Հակոբն ասում է՝ քաղաքապետարանը պատրաստ է ճանաչել միայն 300 քառ. մետր տարածքով տների սեփականության իրավունքը։ Նրանք, ովքեր ավելի մեծ տարածքներ ունեն, պետք է «պետական գներով» պետությունից առնեն փաստացի իրենց պատկանող գույքը։ Կենտրոնում անշարժ գույքի շուկայական գների բարձրացմանը զուգահեռ աճում են նաև պետական գները։  

Թաղամասի բնակիչները գիտեն միայն, որ Նորագյուղով նոր կամուրջ է անցնելու, որը կապելու է Արշակունյաց և Իսակովի պողոտաները՝ թեթևացնելով դրանց երթևեկությունը։ Սա հանրային շահ է, որն ընդունելի է բոլորի համար։ Բիզնես կենտրոններ սարքելու դեպքում բնակիչները հակված են ավելի բարձր փոխհատուցում պահանջել։ 

Մեջբերումներ զրույցներից․

— Ակտիվիստներ քաղաքային, որոնք շատ են գնում Կոնդ կամ Ֆիրդուս, այստեղ գալի՞ս են։
— Չէ, չէ՜։ Մեր Նորագյուղ թաղամասը կոմպակտ թաղամաս է։ Մեր թաղի մեծ մասը իրար բարեկամ է։ Կոմպակտ է։ Օդին զա վսեխ, վսե զա օդնոգո։ Ստեղ տենց բան չկա։

***

— Իրանք թող չշփոթեն, որ էսի կարա Հյուսիսային պողոտայի պես լինի։ Նորագյուղը երբեք տենց չի եղել։
— Ո՞նց։
— Հենց տենց։ Որ կարանան մարդկանց հանեն տներից ու մարսեն։ Նորագյուղը էտ քուչեն չի եղել։ Խի՞ Կոնդի ժողովրդին կարացան փողերը լրիվ հատ-հատ տան։ Որովհետև Կոնդը սպայկա ա, բռունցք ա։э

***

— Եթե էն զիբիլների ժամանակ լիներ՝ չէ, բայց ներկայիս իշխանություններին վստահում եմ։

***

— Մեր ծիտիկներին ուզում են հանեն տանեն։ Ո՞ւր տանեն։ Կվարտիրայի ո՞ր հարկում ապրենք իրանք։

***

— Մինչև 2001 թվականի շինությունները ասեցին՝ կարող եք դիմել, որ սեփականացնեք։ Դիմել ենք։ Մինչև էսօր ոչ մի նորություն։

***

— Համարվելու է հանրային գերակա շահ, և ձեզ կտան կոմպենսացիա։
— Ես ինքս նաև ․․․ ամենաճիշտն ասեմ՝ արհեստավոր եմ։ Վազգեն Առաջինի մոտ աշխատել եմ։ Ես որ եկա ստեղ 95 թվին, 6 ամիս չէի կարողանում աշխատել։ Բնականաբար՝ ոսկերիչ էի։ Ինչքան ոսկի-մոսկի ունեի, վաճառեցի։ Մինչև իմ սիրտն ու հոգին ես չդրեցի էս անկյունում, ես չկարողացա աշխատել։ Ես իմ սիրտն ու հոգին դրել եմ՝ արդեն 30 տարի է գալիս։ Այդ բարոյական կողմը դուք հաշվի չեք առնո՞ւմ, միայն քարն եք հաշվի առնո՞ւմ։ Էտ ո՞վ պիտի գնահատի իմ բարոյական կողմը։ Հոգևոր արժեքները դրանք երբևէ չեն հասկանում։ Ես այստեղ իմ էներգետիկ դաշտն եմ ստեղծել։ Իմ էներգետիկ դաշտը։ Նրանք չեն էլ հասկանում, թե դա ինչ է։

***

— Պուզատի․․․ Ի՞նչ էր կոչվում էտ․․․ Մախնատի
— Օլիգարխ։
— Օլիգարխ, հա՜։ Որևէ օլիգարխ ասում է՝ ես էսի առնում եմ, որ ստեղ բիզնես անեմ, բարձրահարկ շենքեր սարքեմ։ Ու դա համարվում է հանրային գերակա շա՞հ։

***

— Հանես, տանես, որ որևէ վանդակում, ինչպես ասում են՝ բազմահարկ շենքի կվարտիրայում ապրենք։ Հո մենք կրկեսի կապիկ չե՞նք։