Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները երեկվանից գործադուլ են անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով: Գործարանը, ըստ նրանց, չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները և հրաժարվում է ընդառաջել նրանց պահանջներին։
ԶՊՄԿ-ն Հայաստանի համար մեկ հարկատուն է՝ ամենախոշոր ձեռնարկությունը, որը 2018-ի հեղափոխությունից հետո նաև պետական մասնակցություն ունի։
Հունվարի 31-ին հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։ Աշխատողները բողոքում են՝ գործարանը չի ապահովում իրենց տարրական իրավունքները և հրաժարվում է ընդառաջել պահանջներին։ Նրանք պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում են պահանջում։
[թարմացում – Epress.am-ի հետ զրուցում գործադուլավորները հերքել են ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, թե իրենք աշխատավարձի համահարթ՝ 50 տոկոսանոց բարձրացում են պահանջում։ Մեր զրուցակիցների խոսքով, տնօրինությանը ներկայացվել է պահանջ՝ բարձրացնել աշխատավարձը պրոգրեսիվ սանդղակով․ մինչև 300 հազար դրամ ստացողներինը՝ 40 տոկոսով, 300-ից 500 հազար ստացողներինը՝ 30 տոկոսով, 500-ից 1 միլիոն ստացողներինը՝ 20 տոկոսով։ «Իսկ միլիոնից ավել ստացող երևանցիներինը ուզում են՝ թող բարձրացնեն, չեն ուզում` թող չբարձրացնեն»]
«Ես աշխատում եմ հարստացուցիչ ֆաբրիկայում, սելեկցիայի բաժնում: Ամենակարևորը՝ օդափոխության համակարգ, նորմալ զուգարանային պայմաններ, տաք ջուր զուգարանում, ճաշասենյակներում լվացարաններ չկան: Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, ներսում թունավոր օդ է: Մեր առաջնային պահանջն է՝ բաց երկխոսություն կազմակերպեն աշխատակիցների ու տնօրինության միջև», – «Ազատությանը» պատմել է գործադուլավորներից Վահե Մխիթարյանը:
Երեկ առավոտյան աշխատողները հանդիպել են տնօրենին ու փոխտնօրեններին: Ըստ Մխիթարյանի, նրանք հրաժարվել են քննարկել աշխատավարձի հարցը: Քաջարանի համայնքապետը միջնորդել է, որ բանակցությունները շարունակվեն, բայց կոմպրոմիսի հասնել չի հաջողվել։
ԶՊՄԿ-ի արհմիությունն էլ՝ աշխատավորներին պաշտպանելու փոխարեն, համատեղ հայտարարություն է տարածել գործարանի տնօրենության հետ, ասել է թե՝ աշխատողների պահանջը «անիրատեսական է», գործադուլն էլ՝ «անօրինական»։ Արհմիությունը և տնօրինությունը սպառնացել են գործադուլին միացած աշխատակիցներին ուղարկել հարկադիր պարապուրդի։
Տնօրինության սպառնալիքները հակառակ ազդեցություն են ունեցել։
«Մեր պահանջը արդար է: Մենք պայքարելու ենք, եթե նույնիսկ ցուցակ են կազմել 50 հոգու, ում պատրաստվում են հեռացնել ու սպառնում են դրանով: Ես էլ եմ այդ ցուցակի մեջ և կաշկանդվածություն չունեմ ընդհանրապես: Ակնհայտ սպառնալիք է այդ հայտարարությունը ու մեզ չի վախեցրել, երեկոյան հավաքվելու ենք Քաջարան քաղաքում ու շարունակելու ենք ակցիաները: Սա արժանապատվության հարց է: Ֆաշիստներն էին այսպես անում, մարդկանց փակում էին մի տարածքում ու ներարկում թունավոր նյութեր: Գուցե էմոցիոնալ է, բայց այս պայմաններում հնարավոր չէ աշխատել», – «Ազատությանն» ասել է Վահե Մխիթարյանը:
Ըստ նրա՝ գործադուլի մասնակիցներից մոտ երկու հարյուր հոգի այսօր գիշերել է գործարանի տարածքում: Նրանք մտադիր են շարունակել իրենց պայքարը։
2022-ին էլ Կապանի հանքարդյունբերական կոմբինատի աշխատողներն էին գործադուլ անում։ Արհմիությունը այն ժամանակ էլ էր մոտավորապես նույն գիծը տանում՝ նախատել բանվորներին, սատարել գործատուներին։
տե՛ս Գործադուլը Կապանում շարունակվում է․ տնտեսում են հանքափորների առողջության հաշվին
Epress.am Լուրեր Հայաստանից