հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Վաճառվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը

Վաճառվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Հանքարդյունահանող ընկերությունը գնելու է հայաստանցի մեծահարուստ Սասուն Ավետիսյանը, որը համագործակցում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին ազդեցիկ ֆիգուրներից մեկի՝ Արիստակես Ներսիսյանի հետ։

CGH-ն «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն գնել է ռուսական արմատներ ունեցող, բայց օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Պոլիմետալ Ինթերնեյշնլից» (Polymetal International plc)՝ 55 միլիոն դոլարով։ Գործարքը սկսվել է 2018-ին, ստորագրվել՝ 2019-ին։ ՖԲԸ-ն նույն թվականին անվանափոխվել է և դարձել «Չաարատ Կապան»։

Ռուսների գնալուց և շվեդացի Մարտին Անդերսոնին պատկանող այս ընկերության գալուց հետո հանքի աշխատանքային պայմանները միայն վատացել են։ Հանքերում պարբերաբար մարդիկ են մահանում, աշխատավարձները և սոցիալական փաթեթները հետզհետե կրճատվում են։ Հանքափորների գործադուլները, որպես կանոն, ճնշվում են մեկ-երկու օրվա ընթացքում։

տե՛ս Գործադուլը Կապանում շարունակվում է․ տնտեսում են հանքափորների առողջության հաշվին

Ո՞վ է սեփականատերը

«Հետքի» հետաքննող լրագրողները ուսումնասիրել են Կապանի հանքերի նախկին և գալիք սեփականատերերի հետագծերը։

Օֆշորային «Չաարատ Գոլդ Հոլդինգսը»՝ CGH-ն, ըստ նրանց հետաքննության, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի անմիջական սեփականատերը չէ: Հայկական ընկերության 100 տոկոսանոց բաժնետերը Կիպրոսում գրանցված «Chaarat Gold International Limited»-ն է, որը, իր հերթին, պատկանում է CGH-ին:

CGH-ի 45,78 տոկոսի բաժնետերն էլ մեկ այլ՝ օֆշորային Բերմուդյան Կղզիներում գրանցված «Labro Investments Limited»-ն է, որի տերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է: Այսինքն՝ հենց Անդերսոնն է «Չաարատ Կապանի» ամենախոշոր և իրական սեփականատերը:

l-WP4YvBExpL (1)
Մարտին Անդերսոն

2018 թվականին, երբ հայտնի է դարձել, որ CGH-ը գնում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը, Անդերսոնի մասնակցությունն այդտեղ 35,51 տոկոս էր: CGH-ի (հետևաբար՝ նաեւ «Չաարատ Կապանի») երկրորդ խոշոր բաժնետերը «China Nonferrous Metals Int’l Mining Co. Ltd»-ն է՝ 3,26 տոկոս բաժնետոմսերով:  

5 միլիոն + պարտքեր

Օգոստոսի 16-ին ընկերությունը հայտարարել է «Չաարատ Կապանը» վաճառելու մասին։

Հաղորդագրության համաձայն, «Չաարատ Կապանի» շահույթը (հարկերը վճարելուց հետո) 2021-ին կազմել է 10,5 մլն դոլար, իսկ 2022-ին՝ 1,7 մլն դոլար: 2023 թ. առաջին կիսամյակում Կապանի կոմբինատի եկամուտը (հարկերը չհանած) եղել է ընդամենը 2,3 մլն դոլար, ինչի վրա, ըստ սեփականատերերի, ազդեցություն է ունեցել դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ և ցածր արտադրողականությունը:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Չաարատ Կապանի» ակտիվները կազմել են 75,1 մլն դոլար, իսկ պասիվները (պարտավորությունները)՝ 53,4 մլն դոլար: «Chaarat Gold Holdings»-ի ակտիվների թվում է ոչ միայն Կապանի հանքավայրն է, այլեւ 2 հանքավայր Ղրղզստանում, որոնցում արդյունահանում դեռ չի կատարվում: Հայկական «Չաարատ Կապանի» վերոնշյալ ակտիվները կազմել են «CGH»-ի ընդհանուր ակտիվների 48 տոկոսը, իսկ պասիվները՝ ընդհանուրի 62 տոկոսը:

Դրամի արժևորումը, ինչպես նկատել է CGH-ը, իրեն դրդել է վերանայել Կապանի կոմբինատի կայունության պահպանման բոլոր ռազմավարական տարբերակները և ուշադրությունը սևեռել ղրղզական հանքավայրերի վրա: Հայկական կոմբինատի վաճառքից գործարքից ընկերությունը փողի տեսքով 5 մլն դոլար է ստանալու (այդ գումարը CGH-ը նախատեսում է ուղղել ղրղզական իր ակտիվների զարգացմանը), մնացած 50,4 մլն-ն ուղղվելու է «Չաարատ Կապանի» պարտավորությունների մարմանը: «Չաարատ Կապանի» հիմնական պարտատերը, ի դեպ, Ամերիաբանկն է: 

ո՞վ է գնելու

Chaarat Gold Holdings-ը հայտնել է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գնորդը «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն է (Gold Mining Company): 

Հաղորդագրության մեջ ասվում է, թե գնորդը նաև Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրն է շահագործում, այն տարիներ շարունակ նաև հանքաքար է մատակարարել Կապանի լեռնահարստացման կոմբինատին։ Իրականում, սակայն, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը շահագործվում է ոչ թե «Գոլդ Մայնինգ Քոմփանիի», այլ «Լիճքվազ» ՓԲԸ-ի կողմից։

Այս շփոթը, ըստ «Հետքի», պատահական չէ՝ նախկինում թե՛ «Լիճքվազը» և թե՛ «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պատկանում էին միևնույն ընկերությանը՝ արդեն հիշատակված օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլին»:

2019-ից «Լիճքվազ» ՓԲԸ-ն վաճառվել է Երեւանի գրանցում ունեցող քաջարանցի Սասուն Ավետիսյանին, որը համատեղությամբ նաև ընկերության գլխավոր տնօրենն է: Ավելին՝ Ավետիսյանը նաև «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերն է: Այսինքն՝ հիշատակված երկու ընկերությունները ուղղակիորեն փոխկապակցված են և պատկանում են միևնույն սեփականատիրոջը։

Բայց եթե Երեւանում գրանցված «Լիճքվազ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ. և իրավունք ունի մինչեւ 2036 թ. շահագործել Մեղրու Լիճքվազ-Թեյի հանքը, ապա «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պետական գրանցում է ստացել այս ամիս՝ օգոստոսի 2-ին: Ըստ էության, այն ստեղծվել է հենց  «Չաարատ Կապանից» բաժնետոմսերը գնելու նպատակով: «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերը Ավետիսյանն է, տնօրենը՝ քաջարանցի Արտյոմ Պետրոսյանը:

24068810_1582658205147020_38280213244614610_o
լուսանկարը՝ Սասուտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Ըստ CGH-ի, Սասուն Ավետիսյանը նաև «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ի (S&A Mining) սեփականատերն ու տնօրենն է։ «Էս Ընդ Էյ Մայնինգը» երկար ժամանակ Կապանի կոմբինատի կապալառու գործընկերներից էր (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հանքարդյունահանման համար տարածք նախապատրաստելով):

Ավետիսյանն իրոք 2015-ին հիմնադրված երեւանյան «Էս Ընդ Էյ Մայնինգի» տնօրենն է, բայց դրա ֆորմալ սեփականատերը չէ, քանի որ «Էս Ընդ Էյ Մայնինգը» պատկանում է երեւանյան մեկ այլ ընկերության՝ «Վանդ-Գասս» ՍՊԸ-ին, որի տերերը երկուսն են՝ Սասուն Ավետիսյանի հայրը՝ Սլավիկ Ավետիսյանը, և քաջարանցի Մարիամ Ներսիսյանը, որի հայրը՝ Արիստակես Ներսիսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ է եղել այն ժամանակ, երբ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր: Ընդ որում՝ «Վանդ-Գասսի» ներկա տնօրենը Մարիամ Ներսիսյանի եղբայրն է՝ Գառնիկ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Սասուն Ավետիսյանին: 

Ստացվում է, որ «Չաարատ Կապանի» կապալառու գործընկեր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը ԶՊՄԿ-ի նախկին ազդեցիկ ֆիգուրներից Արիստակես Ներսիսյանի ու հանքարդյունաբերոության մեջ դիրքերն ամրապնդող Սասուն Ավետիսյանի ընտանիքների համատեղ բիզնեսն է:

բազում բիզնեսներ

«Հետքը» շարունակում է՝ Սասուն Ավետիսյանը, բացի «Լիճքվազ» ՓԲԸ-ից, «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ից եւ «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ից (այստեղ նրա ներկայությունը հոր միջոցով է), մասնակցություն ունի հետեւյալ ընկերություններում:

Chaarat Kapan
գրաֆիկան՝ «Հետք»-ից

«ԷյՋիԱրՍի (Արմենիան Գոլդ Րիսորս Քորփորեյշն)» ՍՊԸ-ն (AGRS, Armenian Gold Resource Corporation)՝ գրանցված է Երեւանում, «Լիճքվազ» ՓԲԸ-ի միակ սեփականատերն է, ամբողջությամբ պատկանում է Ավետիսյանին, որը այս ՍՊԸ-ն ձեռք է բերել 2019 թվականին՝  ռուսական արմատներ ունեցող օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլի» կիպրական ու նիդերլանդական դուստր ընկերություններից: Ռուսների օրոք՝ 2015-2019 թթ., ընկերությունը կոչվում էր «Պոլիմետալ Արմենիա» եւ «Պոլիարմ»: Թե՛ ռուսները, թե՛ Ավետիսյանը սրա միջոցով են ապահովել/ապահովում իրենց մասնակցությունը «Լիճքվազ» ՓԲԸ-ում:  

— «AGRS»-ը ռուսների, իսկ 2019-ից հետո՝ Սասուն Ավետիսյանի համար ապահովում է մասնակցությունը նաեւ երեւանյան «Նորթ Էքփլորեյշն Քոմփանի» ՍՊԸ-ում (North Exploration Company, NECo), որի գլխավոր տնօրենը նույնպես Ավետիսյանն է: Ըստ ՊԵԿ-ի՝ այս ընկերությունը խորհրդատվություն է ապահովում ձեռնարկատիրական եւ կառավարման հարցերով:  

— Սասուն Ավետիսյանը նաև Երեւանում գրանցված «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է: ՍՊԸ-ն պատկանում է մեկ այլ երեւանյան ընկերության՝ «Վանդ-Սա» ՍՊԸ-ին, որի տերերն էլ 50-50 հարաբերակցությամբ Սլավիկ Ավետիսյանը (Ս. Ավետիսյանի հայրը) ու վերոնշյալ Գառնիկ Ներսիսյանն են (վերջինս նաեւ «Վանդ-Սա»-ի տնօրենն է): Նախկինում «Վանդ-Սա» ընկերության (սրա միջոցով էլ՝ «Ապառաժ Մայնինգի») փայատերեր են եղել Սասուն Ավետիսյանը, Արիստակես Ներսիսյանն ու Արման Հակոբյանը՝ Մաքսիմ Հակոբյանի կրտսեր որդին է: Այսինքն, «Ապառաժ Մայնինգը», ինչպես և «Էս Ընդ Էյ Մայնինգը», Ավետիսյան ու Ներսիսյան ընտանիքների համատեղ բիզնեսն է: Ընկերությունն զբաղվում է պայթեցման աշխատանքներով ու, ինչպես և «Էս Ընդ Էյ Մայնինգը», ԶՊՄԿ-ի կապալառուներից է:

— Ավետիսյանն ու նրա գործընկեր Սամվել Իվանյանը 2 նույնանուն ընկերություն ունեն Երեւանում՝ «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ (NRM, Natural Risource Management) եւ «Էն Էռ Էմ» ՓԲԸ (NRM): Երկրորդ ընկերությունը ստեղծվել է առաջինից առանձնանալու եղանակով, այսինքն՝ նրա իրավահաջորդն է: Երկուսում էլ Ս. Իվանյանը գլխավոր տնօրեն է, նրան են պատկանում բաժնետոմսերի 20, իսկ Ավետիսյանին՝ 75 տոկոսը: «NRM (Natural Risource Management)»-ը, ըստ ՊԵԿ-ի, օժանդակ ծառայություններ է մատուցում հանքարդյունաբերության ոլորտում, իսկ «NRM»-ը զբաղվում է ճարտարագիտական գործունեությամբ եւ դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությամբ:

Հանքարդյունաբերության մեջ օժանդակ ծառայություններ է մատուցում նաեւ Ս. Ավետիսյանի երեւանյան «Սաութ Ռիսորս Մենեջմենթ» ՍՊԸ-ն (South Resource Management): Ավետիսյանը ոչ միայն միակ սեփականատերն է, այլև, ինչպես շատ այլ դեպքերում, տնօրենը:

47-ամյա գործարարը ներգրավված է նաեւ շինարարության ոլորտում: Նա Երեւանում գրանցված «Էյ Փի Թաուեր» ՍՊԸ-ում (AP Tower) 25 տոկոս մասնակցություն ունի: Նույնքան բաժնեմասի սեփականատեր է Ավետիսյանի կինը՝ Լիանա Հովհաննիսյանը: Ընկերությունն զբաղվում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ: Երեւանի Ուլնեցի փողոցում այս շինարարը կառուցում է «Պանորամա Հիլզ» բնակելի համալիրը: