հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Հնդկաստանի կանայք՝ ընդդեմ ածխի հանքի

Հնդկաստանի կանայք՝ ընդդեմ ածխի հանքի

Հնդկաստանի Արևմտյան Բենգալ նահանգում կանայք առաջնորդում են Բիրբհումի շրջանում ածխի հանք բացելու կառավարական ծրագրերի դեմ կազմակերպված շարժումը։ 

Ածխի հանքը ստեղծելու համար կառավարությունը նպատակադրված է գնել բնակիչներից շուրջ հազար հեկտար հողատարածք, որտեղ գտնվում են մոտ 18 գյուղեր․ բնիկները, սակայն, պատրաստ չեն  վաճառել իրենց հողերը և դուրս են գալիս փողոց։ Իշխանությունն առաջարկում է փոխհատուցել, սակայն բնակիչների պահանջները չեն ապահովվում։

Արևմտյան Հնդկաստանի գյուղերից մեկում բնակվող Մայնոմոթի Սորենը ավելի քան 100 կանանցից մեկն է, որոնք սեպտեմբերից սկսած պայքարում են իրենց բնակավայրը ածխահանքի վերածելու կառավարության փորձերի դեմ։ Դեկտեմբերին, երբ ոստիկանությունը սկսեց փայտերով ծեծել փողոց դուրս եկած մարդկանց, Սորենը 2-ամսական հղի էր։ 

Նա պատմում է, որ անընդհատ խնդրում էր հաշվի առնել իր հղիությունը, բայց նրան չէին լսում ու շարունակում էին ծեծել։ Այդ ժամանակ Սորանը զգացել է, որ ոտքերով արյուն է հոսում ու կորցրել է գիտակցությունը․ գյուղի բնակիչները նրան մոտոցիկլով հիվանդանոց են հասցրել սակայն երեխային փրկել չի հաջողվել։

42֊ամյա Սորենը փորձում է պաշտպանել իրեն պատկանող 4 ակր (1.6 հեկտար) հողատարածքի համար, որտեղ նա բրինձ և բանջարեղեն է աճեցնում։ Այդպես նա սնունդով է ապահովում իր 4 հոգանոց ընտանիքը, իսկ մնացորդը վաճառում է,՝ստանալով ամսեկան մոտ 66 դոլար։ Ընտանիքի կարիքները հոգալու համար նրա ամուսինը օրավարձով աշխատում է մեկ այլ ագարակում։ Միասին նրանք հազիվ ծայրը ծայրին են հասցնում․ Սորենը պնդում է, որ հողի կորուստը իրենց խորը աղքատության մեջ կթողնի։

Գյուղի բնակիչների խոսքով՝ որ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած ուժայինները ոչ մի պատժի չեն ենթարկվել։

Ոստիկանությունը, այնուամենայնիվ, պնդում է, թե ուժայինների կողմից որևէ բռնություն չի իրականացվել, այլ ցուցարարների երկու խմբեր են կռվել իրար հետ, «հետո խառնվել է ոստիկանությունը և բաժանել նրանց»։ 

Ածխի հանքի ծրագրի մասին

Հանքին նախատեսվում է 1 364 հեկտար հողատարածք հատկացնել, որից 968 հեկտարը այժմ տեղացի ընտանիքների սեփականությունն է․ կառավարությունը այժմ փորձում է գնել այն։ Ջերմաէլեկրակայանի ստեղծման համար իշխանությունները մոտ 4.6 միլիոն դոլարի ներդրում են պլանավորում։

Միաժամանակ, գյուղացիներից իրենց հողերը ստանալը բավականին խրթին և խճճված խնդիր է Արևելյան Բենգալի առաջնորդի համար․ 2011 թվականին նախկին կառավարությունը փորձել է գյուղացիներից վերցնել իրենց հողերը և ավտոմեքենաների գործարան կառուցել, իսկ մարդիկ դիմադրել են և դուրս են եկել փողոց, ինչի արդյունքում իշխանության է եկել ներկայիս նահանգապետ Մամատա Բաներջին։ 

Նախագծում ընդգրկված տարածքում բնակվում է ավելի քան 4 հազար ընտանիք՝ շուրջ 21 հազար մարդ, որոնցից շատերը հողագործությամբ են զբաղվում և որպես ապրուստի միջոց մշակում են կամ իրենց, կամ գյուղի մյուս բնակիչների հողերը։ 

Կառավարությունն առաջարկում է փոխհատուցել

Նոյեմբերին նահանգապետ Բաներջին հայտարարել էր, որ հանքի պատճառով տեղահանված մարդկանց 1.3 միլիոն դոլար փոխհատուցում կշնորհվի։ 

Նահանգի իշխանությունը առաջարկում է գնել ամեն ակրը 26 234 դոլարով, ինչպես նաև կրտսեր ոստիկանի աշխատանք և տուն տրամադրել բոլոր ընտանիքներին, որոնք կվաճառեն իրենց հողատարածքը։ Առաջարկն ավելի գրավիչ դարձնելու նպատակով փետրվարին իշխանությունը հայտնեց, որ նրանց աշխատանքի ընտրություն կտրվի նաև կառավարությունում՝ որպես գրասենյակային աշխատող։  

Գյուղացիներին, սակայն առաջարկները չեն գրավում։ Բացի այդ, նրանք նշում են, որ իշխանությունը պատրաստ է ամեն ընտանիքից աշխատանքով ապահովել մեկ հոգու, իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը չի կարող բավարարել ամբողջ ընտանիքի կարիքները։ 

Այս պահի դրությամբ՝ իշխանության առաջարկից օգտվել է շուրջ 500 մարդ․ ցույցերի դուրս եկած գյուղացիներն ասում են, որ նրանց մեծ մասը մինչ այդ արդեն իսկ դադարել էր հողագործությամբ զբաղվելը։ 

Իրենց հողատարածքը վաճառող մի խումբ մարդիկ էլ բողոքում են, որ իշխանությունը իրենց մոլորեցրել է․ խոստացել են, որ ընտանիքի մյուս անդամներին նույնպես աշխատանքով կապահովեն ու խաբել են։ Իշխանության ներկայացուցիչները մեղադրանքները անհեթեթություն են համարում․ նրանք պնդում են որ ամեն ինչ բացատրել են մարդկանց մինչև վաճառքի փաստաթուղթը ստորագրելը․․․ 

Բիրբհումի շրջանը ածխի քանակով աշխարհում երկրորդն է․ ըստ հաշվարկների այնտեղ մոտ 2.102 միլիոն տոննա ածուխ կա։ Վերջինս Հնդկաստանում ծախսվող էներգիայի ավելի քան կեսի աղբյուրն է․ երկրում տարեկան օգտագործվում է շուրջ 700 միլիոն տոննա ածուխ։