Հայաստանում բնության ոչնչացման հետքերով Դանիայում շարունակվում է թափանցիկության համար պայքարը
Յենս Մալինգ
Յենս Մալինգը դանիացի ազատ լրագրող է։
Դանիայի արտահանումների ֆինանսավորման երաշխիքը առանցքային նշանակություն ունեցավ Հայաստանում բարձր ռիսկայնությամբ պղնձի հանք բացելու հարցում։ Երբ հանքն արդեն լուրջ վնաս էր հասցրել բնական միջավայրին, դանիական պետությունը հանդես չեկավ ո՛չ արված ներդրումների ֆինանսա-տնտեսական պատշաճության (due diligence) փորձաքննությամբ, ո՛չ թափանցիկությամբ, ո՛չ էլ վնասի փոխհատուցմամբ։
Պարզվում է, դանիական արտահանումների ֆինանսական երաշխիքների շուրջ ավելի մեծ գաղտնիության կարիք կա։ Այս դիրքորոշմանն է հանգել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի և ֆինանսական գործերի նախարարությունը յոթ տարի անց այն բանից հետո, երբ արտահանումների վարկավորումը խթանող գործակալությունը երաշխավորեց (ապահովագրեց) Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և բնապահպանական աղետի պատճառ դարձած պղնձի արդյունահանման նախագծի ֆինանսավորումը։
2013 թվականինին Դանիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը համաձայնեց ֆինանսավորել Հայաստանի հյուսիսում գտնվող Թեղուտի պղնձի հանքի ծրագիրը: Հանքավայրի սարքավորումների և ծառայությունների համար 350 միլիոն դանիական կրոնա (62 միլիոն դոլար) արժողությամբ վարկի տեսքով ներդրումը երաշխավորեց Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալությունը (EKF):
Դանիայի կողմից ֆինանսավորվող Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում աղտոտվեցին տարածքի գետերը, ինչի հետևանքով տեղացի ֆերմերներն ու այգեգործները զրկվեցին իրենց ապրուստից: Հանքավայրի հեղուկ թափոնները պարունակող պոչամբարը շարունակում է փլուզման վտանգ ներկայացնել, ու եթե դա տեղի ունենա, այն կքշի հանքի հարևանությամբ գտնվող գյուղը, էլ չասած, որ անտառահատվել է մի շարք վտանգված բուսատեսակների ու կենդանատեսակների բնակավայր հանդիսացող լեռնային անտառային սքանչելի լանդշաֆտը։
Արտահանումների վարկավորման գործակալության երաշխի վրա հիմնվելով՝ PensionDanmark կենսաթոշակային հիմնադրամը համաձայնել էր ֆինանսավորել Թեղուտի նախագիծը՝ պայմանով, որ հայկական «Վալլեքս» հանքարդյունաբերական ընկերությունը վարկն օգտագործելու է FLSmidth դանիական սարքաշինական կոնգլոմերատից սարքավորումներ գնելու նպատակով: Ըստ վարկավորման պայմանագրի՝ Վալլեքսի բանկը` ռուսական ՎՏԲ բանկը, պետք է մարեր PensionDanmark-ի վարկը 10 տարում։
Այժմ՝ վարկի նախնական հաստատումից յոթ տարի անց, Դանիայի բիզնեսի նախարարությունը EKF-ի աշխատակիցների վրա դրել է գաղտնիություն պահպանելու պարտականություն արտահանման գործակալության գործունեությունը կարգավորող օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով: Դանիական բիզնեսներին ամբողջ աշխարհում գործունեություն վարելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրող այս գործակալության աշխատողները այժմ կարող են խստորեն պատժվել այդ պարտականությունը չկատարելու համար․ նրանց նույնիսկ մինչև երկու տարի ազատազրկում է սպառնում։
2016 թվականին Դանիայի Արտաքին գործերի նախարարություն ուղարկված հարցումը ցույց տվեց, որ EKF-ը 2013թվականի օգոստոսին տեղյակ էր այն վտանգների մասին, որոնք Թեղուտի պղնձի հանքավայրի շահագործումը կարող է առաջացնել բնական միջավայրի համար, գիտեր նաև հանքի վերաբերյալ «Հայաստանում որոշումների կայացման և հանքի ծրագրի հաստատման գործընթացում ժողովրդավության թերացման մասին»։
Դանիայի Բիզնեսի նախարարության ներքին հուշագիրը՝ կազմված 2020 թվականի մարտին, լույս է սփռում EKF-ի գործունեությունը կարգավորող օրենքում վերջերս կատարված փոփոխությունների հիմնավորման վրա: Այս փոփոխությունները պետք է գերակայեն բնապահպանական տեղեկատվության ազատության մասին օրենսդրության նկատմամբ, որպեսզի ծառայեն EKF-ի տնտեսական գործունեությանը։
«Պարզ է, որ փոփոխությամբ նախատեսվում է սահմանափակել փաստաթղթերի հասանելիությունը, որն ապահովվում էր «Բնապահպանական տեղեկատվության մասին» օրենքով», – նշում է Դանիայի ԶԼՄ-ների և լրագրության համալսարանի պրոֆեսոր և տեղեկատվության ազատության փորձագետ Օլուֆ Յորգենսենը:
«Ակնհայտ է, որ օրենքի փոփոխության շարժառիթը Հայաստանում բնապահպանական աղետի հասցրած ծրագրի մասին այն բացահայտումներն էին, որոնք հնարավոր էր եղել անել տեղեկատվության ազատության օրենքի շնորհիվ», – բացատրում է Յորգենսենը:
2020 թվականի մարտի հուշագրում, որը մեզ է տրամադրել դանիական «Enhedslisten» քաղաքական կուսակցությունը (Կարմիր-Կանաչ Դաշինք, էկոսոցիալիստական կուսակցություն) գրված է, որ Թեղուտի հանքարդյունաբերության ծրագրի պատճառով շփոթություն է առաջացել․ պարզ չէ, թե ինչպես պետք է մեկնաբանվի Դանիայի բնապահպանական տեղեկատվության մասին օրենքը: Դրա հիման վրա Դանիայի բիզնեսի նախարարությունը «հստակեցրել» է EKF-ի գործունեությունը կարգավորող օրենքը սահմանելով հստակ ձևակերպումներ գործակալությում տեղեկատվության գաղտնիության՝ իբրև թե անհրաժեշտության մասին:
Դանիայի բիզնեսի նախարարության հետ տեղի ունեցած հարցուպատասխանը ցույց տվեց, որ EKF-ը ներգրավված է եղել իրեն Բնապահպանական տեղեկատվության մասին օրենքի գերակայությունից ազատող օրենսդրական փոփոխության նախաձեռնության մեջ: Չնայած նրան, որ EKF-ը պետական գործակալություն է, այն այլևս չի ենթարկվում Դանիայի տեղեկատվության ազատության մասին օրենքին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները և այլ շահագրգիռ կողմեր այլևս չեն կարող օգտվել օրենսդրությունից` EKF-ի կողմից տնօրինվող փաստաթղթերը իրենց հասանելի դարձնելու համար:
EKF-ի գործունեությունը կարգավորող օրենքում կատարված փոփոխությունը համընկնում է հոդվածագրի կողմից՝ Թեղուտի պղնձի հանքավայրում գործակալության ներգրավման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու գործընթացի հետ․ մասնավորապես՝ լրագրողը տարբեր ատյաններում պաշտպանում էր իր իրավունքը՝ ստանալու EKF գործակալության էլեկտրոնային այն նամակագրությունը PensionDanmark-ի և FLSmidth-ի հետ, որը վերաբերում է Թեղուտում բնապահպանական խնդիրներին: Այս տարվա սկզբին, ի պատասխան այդ ատյաններից մեկի՝ Դանիայի բնապահպանության ու սննդի վերաքննիչ խորհրդի գրության, որ EKF-ը ներկայացնի նշված նամակագրությունը, վերջինս հղում է անում օրենսդրական նոր փոփոխություններին։
Երբ Կարմիր-կանաչ Դաշինքը Դանիայի բիզնեսի նախարար Սիմոն Կոլերուպին հարցրեց օրենսդրական նոր կարգավորման մասին, վերջինս բացատրեց, որ EKF-ը պետք է գործի գաղտնի, քանի որ «դանիական ընկերություններն ու նրանց գործընկերները պետք է կարողանան ապահով ու գաղտնի ձևով EKF-ին տրամադրել իրենց ֆինանսական տեղեկատվությունը, օրինակ` վարկերի ու փոխառությունների մասին»:
«Եթե կասկածներ առաջանան գաղտնիության վերաբերյալ», – շարունակում է Կոլերուպը, – «EKF-ը չի կարողանա իրականացնել իր առջև դրված առաջադրանքը, այն է՝ ապահովել և ֆինանսավորել դանիական ընկերությունների արտահանումները և միջազգայնացումը։ …Գործնականում, սա կարող էր նշանակել, որ դանիացի արտահանողները, ներառյալ, օրինակ, «կանաչ» արտահանողները, կարող են պատվերներ կորցնել»:
Օլուֆ Յորգենսենը «ապշեցնող» է համարում այն, որ «Դանիայի կառավարությունն ու խորհրդարանը ցանկանում են խուսափել Հայաստանին բնապահպանական վնաս հասցնելու մասին հրապարակայնությունից»: Նա նշում է, որ «անսովոր է օրենք փոխել ընթացիկ գործի վրա ազդելու համար»:
Հաշվի առնելով EKF-ի և Դանիայի բիզնեսի նախարարության ջանքերը Թեղուտի հանքավայրի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը փակ պահելու ուղղությամբ՝ հանքի մերձակայքում գտնվող տուժած համայնքներին փոխհատուցման հարցերը երկրորդ պլան են մղվել։ PensionDenmark-ը նախկինում հրաժարվել է թույլատրել, որ հանքից ստացված շահույթի իր մասնաբաժինը ծախսվի ի օգուտ տեղի բնակչության:
«EKF-ը և մյուս ընկերությունները պարտավոր են հետևել ՄԱԿ-ի Գործարարության և մարդու իրավունքների վերաբերյալ գերակա սկզբունքներին․ մասնավորապես, պետք է խուսափեն մարդկանց և բնականմիջավայրին վնաս պատճառելուց, իսկ եթե վնաս է պատճառվում, փոխհատուցում ապահովեն տուժածների համար», – ասում է «ActionAid» հասարակական կազմակերպության քաղաքականության գծով տնօրեն Լարս Քոխը։ «ActionAid»-ի գործունեությունը նվիրված է զարգացող երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող զարգացմանը։
«EKF-ի մեծ շահույթները հաշվի առնելով», – ասում է Քոխը, – «իրենց համար պետք է որ խնդիր չլիներ հատուցում տրամադրել հանքարդյունաբերական ծրագրի պատճառով իրենց ապրուստի միջոցը կորցրած հայաստանցիներին»:
2020 թվականի հուլիսին Դանիայի վերաքննիչ խորհուրդը որոշեց, որ EKF-ը չի կարող տեղեկատվությունը փակ պահել՝ հետադարձ ուժ կիրառելով նոր օրենքի նկատմամբ։ Այնուամենայնիվ, խորհուրդը որոշում կայացրեց, որ Թեղուտի հանքավայրի վերաբերյալ EKF-ի նամակագրության զգալի մասը FLSmidth-ի և PensionDanmark-ի հետ պետք է մնա գաղտնի: EKF-ը կարող է օգտագործել նոր օրենսդրությունը հետագայում Դանիայի բնապահպանական տեղեկատվական մասին օրենքի հետ գործ ունենալիս:
«EKF-ը երևի կարծում է, որ գաղտնիության նոր պարտականությունն [իրենց] իրավունք է տալիս այսուհետ գաղտնի պահել բոլոր տեղեկությունները։ Սա կենսակայուն մոտեցում չէ», – ասում է Օլուֆ Յորգենսենը։
Այս հոդվածի համար արված հետազոտություններն իրականացվել էն Journalismfund.eu աջակցությամբ։