Home / Բնապահպանություն / Բաշկիրիայում պայքարում են Կուշտաու լեռան պահպանության համար

Բաշկիրիայում պայքարում են Կուշտաու լեռան պահպանության համար

Օգոստոսի սկզբից Բաշկորտոստանում (Բաշկիրիա) բախումներ են․ մի կողմում «Բաշկորտոստանի սոդայի ընկերության» («ԲՍԸ») համազգեստով մարդիկ են, ոստիկաններ, Ռոսգվարդիայի մարտիկներ ու ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, մյուս կողմում՝ տեղի հազարավոր բնակիչներ։ Տեղացիները փորձում են գործարանատերերից ու իրավապահներից պաշտպանել Բաշկորտոստանի ժողովրդի համար սրբություն համարվող Կուշտաու շիհանը, որը «ԲՍԸ»-ն մտադիր է շահագործել՝ կրաքար արդյունահանելու համար։

Ուժայինները, տեղական մանր ու խոշոր ձեռներեցները, պետական պաշտոնյաները, այդ թվում՝ մարզի ղեկավար Ռադի Խաբիրովը, պաշտպանում են «ԲՍԸ»֊ի շահերը։

Ցույցերը

Օգոստոսի սկզբին Բաշկորտոստանի Կուշտաու շիհանի ստորոտում էկոակտիվիստները վրանային ճամբար էին հիմնել․ փորձում էին խոչընդոտել լեռը շահագործելու նպատակով սկսվող անտառահատումներին։

Օգոստոսի 6-ին սկսվեցին ցուցարարների առաջին ձերբակալությունները։ Շուտով բնապահպան ակտիվիստներին միացան Բաշկորտոստանի մի քանի հազար բնակիչներ։ Ցույցի դուրս եկած քաղաքացիներին ցրելու նպատակով ուժայիններն ու «ԲՍԸ»-ի մասնավոր հսկիչ ծառայության ներկայացուիչները գազապղպեղ և լուսաձայնային նռնակներ էին կիրառում։ Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունն այս տեղեկատվությունը հերքում է։

«ՕՄՈՆ֊ն էր եկել՝ ինչ֊որ սպորտսմենների ու մոտոցիկլիստների հետ։ Նրանք՝ մասնավոր հսկիչ ծառայության ներկայացուցիչների հետ համատեղ, ամբոխից գտնում էին պահապաններին ու հանձնում ոստիկաններին։ Մենք փորձում էինք թույլ չտալ, որ հատուկ տեխնիկա անց կացնեն», ֊ պատմում է Կուշտաուի պահապաններից Ռիմ Աբդուլնասիրովը։

Օգոստոսի 15-ին «ԲՍԸ» հսկիչները՝ ոստիկանների օգնությամբ, ավիրել են վրանային ճամբարն ու բերման ենթարկել ավելի քան 80 ցուցարարների։ Ոմանց նկատմամբ վարչական պատիժ է սահմանվել։

Հաջորդ օրը Կուշտաուի պահապաններին հաջողվել է նորից ճամբար ստեղծել լեռան ստորոտում։

Կրաքար՝ գեոպարկի փոխարեն

Կուշտաու Միայնակ լեռը տեղակայված է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայից 140կմ հեռավորության վրա։ 2014-2019 թվականներին լեռան տարածքում հայտնաբերվել են 22 կենդանատեսակներ, որոնք գրանցված են Ռուսաստանի և Բաշկորտոստանի, նաև՝ Բնության պահպանության Միջազգային խորհրդի կարմիր գրքերում։

Բաշկիրիայի հարավում տեղակայված կրաքարային շիհանները  հնադարյան ծովերից մնացած ստորջրյա ժայռեր են։ Բնական պայմանները խիստ տարբերվում հարակից տափաստաններից։

Առաջարկվում էր Կուշտաուին հատուկ պաշտպանվող տարածքի կարգավիճակ տալ, բայց իշխանություններն այդ առաջարկն այդպես էլ չդիտարկեցին։ Ավելին, 2018 թվականին հանրապետության իշխանությունները շիհանը հանձնեցին «ԲՍԸ»֊ին՝ կրաքարի շահագործման համար։ «Կոմերսանտի»  փոխանցմամբ,  «Բաշկիրիայի սոդայի ընկերությունը», որի հումքային պաշարները 2020-ից հետո սպառվելու էին, առավել հետաքրքրված էր մեկ այլ սարով՝ Տորատաուով, բայց հանրապետության եկավար Ռադի Խաբիրովը պնդում էր, որ Կուշտաուի տարբերակն ավելի հարմար է։

«Շիհանի շահագործումը հնարավորություն կտա լուծել «ԲՍԸ»-ի հումքային խնդիրը։ ․․․Այդպիսով երկրում մի քանի տասնամյակ շարունակ կայուն զարգացում կապահովվի․ աշխատավարձեր կլինեն, տներ կկառուցվեն, նորմալ կյանք կլինի։ Սա է մեր հիմնական փաստարկն ի օգուտ Կուշտաուի շահագործման», – «Նովայա գազետա»-ի հետ զրույցում բացատրել է «ԲՍԸ» փոխտնօրեն Ռուստեմ Բասիրովը։ Նա նշել է, որ Բաշկիրիայում կրաքարի պաշարներ շատ կան, բայց քիմիական արտադրության համար բարձրորակ կրաքար է պետք՝ Կուշտաուի կրաքարի պես։

Բասիրովը պատմել է, որ Կուշտաուի պաշարները կբավարարեն 50-70 տարի, որից հետո, հավանաբար, կշահագործվի հաջորդ շիհանը»։

Կուշտաուի շահագործման դեմ բողոքի ակցիաները նա կապում էր շուկայական կռիվների, ոչ թե բնության պահպանության հետ։ Հանրապետական իշխանություններն այդ տեսակետը կիսում են։ Նրանց կարծիքով, լեռան շուրջ ստեղծված հակամարտության մյուս կողմում «այլ շահագրգիռ կողմեր են, ովքեր դեմ չէին լինի սոդայի արտադրությամբ զբաղվել նույնիսկ երկրի էլ ավելի գեղեցիկ վայրերում»։

Կուշտաուն որպես կրաքարի աղբյուր սկսեցին դիտարկել, երբ տեղացիներն ու բնապահպան ակտիվիստները կարողացան պաշտպանել երկու այլ շիհանները՝ Յուրակտաուն և Տորատաուն։ Տևական ցույցերից հետո իշխանությունները հրաժարվեցին լեռները «ԲՍԸ»֊ին տրամադրել։ Այժմ ակտիվիստները փորձում են Կուշտաուն ևս ներառել Տորատաուի ապագա գեոպարկի կազմում։

«Յուրակտաու և Տորատաու շիհանների հետ համատեղ, Կուշտաուն միացյալ բնական համալիր է կազմում, որն արժանի է դաշնային նշանակության հատուկ պաշտպանվող բնական հուշարձանի կոչման», — կարծում է «Գրինփիս Ռուսաստանի» ներկայացուցիչ Միխայիլ Կրեյդլինը։