Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքին հարակից չշահագործվող ոսկու հանքի հորանում գիշերը երեք երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դատաբժշկի նախնական զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել ոսկու հանքի դատարկ, այլևս չշահագործվող և փակ հանքախորշում.
«Դեռեւս պաշտոնապես հաստատված չէ, բայց իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են։ Ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնելու մարած խորշերը՝ գուցե սիրողական մակարդակով հանքաքարեր հանելու համար», – լրագրողների հետ զրույցում ասել է Պետրոսյանը։
Մարզպետը նշել է, որ զոհերից բացի ևս 4-5 հոգի թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչո՞ւ չի այնպես արվում, որ փակ հանքախորշեր մուտք գործելու հնարավորություն առհասարակ չլինի հարցին, մարզպեսը պատասխանել է․ «Մարած մի քանի տասնյակ հանքախորշերի վրա ֆիզիկապես հսկողություն դնելը դյուրին գործ չէ։ Միգուցե պարտավոր էին անել․․․Նախաքննությունը կպարզի»: