Գրող, լրագրող, բլոգեր Ռոման Նադիրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է իր՝ կորոնավիրուսով վարակման մասին։ Պատմել է, որ իրեն մասնավոր սեկտոր են ուղղորդել և հիմա ստիպված է ինքը վճարել դիագնոստիկայի և բուժման համար։
«Հյութերն ընդդեմ կորոնավիրուսի
Ես հիվանդ եմ։ Ավելի ճիշտ՝ լավ կլինի ասեմ, որ իմ մոտ կորոնավիրուս է, որը վերջին օրերին այդքան էլ հեշտ չէի տանում։ Թեստ ունե՞մ։ Թեստ չունեմ։
Առաջին օրն ընդհանուր անհարմարություն էի զգում, գլուխս էր ցավում, հիմնականում՝ պարանոցի մասում։ Մտածեցի ճնշումս է։ Երեկոյան ջերմությունս մի քիչ բարձրացավ, կողերիս մոտ ցավեր սկսվեցին։ Գիշերը ջերմությունս արդեն 38֊ից բարձր էր ու մի քանի օր 38-ից չէր իջնում, երբեմն հասնում էր 39,4-ի։ Երկրորդ օրը ջերմությունից բացի դող ու կոտրտվածություն սկսվեց, գլուխս անընդհատ ցավում էր, արդեն ոչ միայն պարանոցային մասում։ Երբեմն բարդ էր շնչելը։ Երրորդ օրը ամեն ինչ նույնն էր․ ջերմություն, գլխացավ, բարդացած շնչառություն, դող, հոդերի բութ ցավ, ցավ կողերի շրջանում։ Համակարգչային շերտագրության (ՀՇ) գրանցվեցինք։
Չորրորդ օրվա գիշերը սիրտս սկսեց ուժեղ զարկել՝ նախորդ բոլոր սիմտոմների հետ։ Առաջին անգամ տագնապ զգացի։ Կինս շուտվանից էր ասում, որ այսպես չի կարելի թողնել, պետք է մի բան անել։ Ես էլ սկսեցի մտածել, որ հնարավոր է հանկարծ բաց թողնել պահը, որից հետո տեղի ունեցածի պատկերն ավելի տխուր տեսք կունենա։ Երբ սրտխփոցները սկսվեցին, մտածեցի, գուցե թթվածնի պակասից է։ Արդեն իրոք վատ էի։ Գիշերը շտապ օգնություն կանչեցինք։ Հավաքվեցի, ամենաանհրաժեշտ բաները պատրաստեցի։ Վստահ էի, որ հիվանդանոց կտեղափոխեն։ Թեստ կանեն ու կբուժեն։ Շտապ օգնության բրիգադը ժամանեց՝ բժիշկ և բուժքույր։ Նախ ստուգեցին արյան՝ թվածնով հագեցվածությունը․ նորմալ էր, դա մեզ հանգստացրեց։ Բոլոր գանգատներս լսելուց, ջերմությունս չափելուց (իսկ ջերմություն ես ունեի), մի քանի հարց տալուց հետո բժիշկն ասաց, որ իմ մոտ կորոնավիրուս է (99 և 9 տոկոս, ինչպես ասաց)։ Ասաց որ ինձ, իհարկե, պետք է հոսպիտալացնել, բայց չի կարող։ «Ես կփորձեի, բայց իմաստ չունի․ բոլոր հիվանդանոցները լցված են։ Այսօր արդեն տասը հոգու տարել եմ, բայց տեղավորել չի ստացվել, հետ ենք վերադարձրել», – անկեղծ խոստովանեց բժիշկը։ Օրական երեք լիտր հյութեր նշանակեց («Ձեզ կորոնավիրուսից այս հյութերն են փրկելու», – ասաց), վիտամին С, ջերմությունն իջեցնելու համար էլ պարացետամոլ։ Անալգին դիմեդրոլ ներարկեց։ Հորդորեց ռենտգեն անել, գնալ պոլիկլինիկա, որում գրանցված եմ ու անել այն, ինչ կասի իմ տարածքային թերապևտը։ Դա ինձ տարօրինակ թվաց։ Հետո էլ քաղաքի մի ծայրում եմ գրանցված ու այնտեղ է պոլիկլինիկան, բայց մյուս ծայրում եմ ապրում։ Իմ այսպիսի վիճակում պոլիկլինիկա գնալը շատ դժվար թվաց, նույնիսկ՝ անհնար։ Այսինքն, երբ ինձ թեստ էր պետք, ես այն չստացա։
Համակարգչային շերտագրությունը չեղարկեցինք, ռենտգեն արեցինք, պարզվեց իմ մոտ ամեն ինչ կարգին է։ Ավելի ուշ իմացանք, որ ռենտգենը թոքաբորբի հետ կապված ոչինչ ցույց չի տալիս։ Գնացինք վճարովի կլինիկա՝ թերապևտի մոտ (ավելի մոտ է, հերթ չկա, որակավորման մասին շատ էինք լսել), ով ասաց, որ արդեն շատ ժամանակ ենք կորցրել, կորոնավիրուսային բուժում գրեց, պահանջեց, որ համակարգչային շերտագրություն անենք ու արյան անալիզ հանձնենք՝ ընդհանուր անալիզ լրացուցիչ ցուցանիշերով։ Բժիշկն ասաց, որ կարող ենք փորձել տանը բուժվել, բայց կարելի է էլի փորձել հիվանդանոց հասնել (ինչպես Կաֆկայի դղյակ), ինչը ես արդեն չէի ուզում։ Ինչպես թեստ անեի, որն իբր են անում են բոլոր դիմող և կորոնավիրուսի սիմպտոմներ ունեցողները՝ չգիտեմ։ Երևի հիմա միայն վճարովի է։ Արդեն մի քանի անգամ ասել են, թե որտեղ կարելի է անել և ինչ գնով։ Բայց ես թեստ անել արդեն բոլորովին չեմ ուզում, վաղուց արդեն այս հիվանդությունից բուժվելու ժամանակն է։ Թեստն ինձ ոչինչ չի տա, չի բուժի։ Ավելորդ ծախս է։ Առանց այն էլ ամեն ինչ մեր հաշվին ենք անում․ ռենտգեն, ՀՇ, թանկարժեք դեղեր, անալիզներ, բժիշկ, երկրորդ ՀՇ, երկրորդ անալիզներ․․․ Հիվանդության մեծ մասն արդեն անցյալում է, գիտեմ։ Հիմա արդեն այդ թեստն անվճար էլ պետք չէ։ Վերջում կարելի է հակամարմինների թեստ անել ու վերջ։
Եթե հիմա ինչ-որ մեկը սկսի ասել, որ մենք մի բան այն չենք արել, որ պետք էր պայքարել, այստեղ այնտեղ զանգել, հասնել նրան, որ հոսպիտալացնեն՝ կջնջեմ, ներողություն, ես զգուշացնում եմ։ Բոլորովին դրա ժամանակը չէ։ Թանկարժեք ժամանակս, ուժերս ու առողջության մնացորդներս ծախսելու ցանկություն չկար։ Հիմա էլ չկա։
Հիմա արդեն լավ եմ։ Գուցե այն պատճառով, որ քաղաքի մի ծայրից մյուսը չենք գնացել, չենք փորձել պարզել, թե է՛լ ինչ թեժ գծերով է պետք զանգել, փոխարենը՝ սկսել ենք առաջարկված բուժումը, ՀՇ ենք արել։
Ընկերներ, եթե հանկարծ, աստված չանի, այս հիվանդության կասկածներ ունենաք՝ հիշեք, որ բարդացումները լրիվ անսպասելի են սկսվում։
Եվ բոլորովին պարտադիր չէ ծեր լինել։ Կլինիկայում ասացին, որ հիվանդանոցներում մեծ թվով երիտասարդներ կան։ Պարտադիր չէ ուժեղ շնչահեղձություն լինի, հիվանդությունը կարող է աննկատ անցել ու ծանր հետևանքների բերել։ Հիշեք սատուրացիայի մակարդակի (արյան՝ թթվածնով հագեցվածության) մասին՝ կարևոր ցուցիչ է։ Պետք է 94-ից ցածր չլինի։ Կորոնավիրուսի ծանր դեպքերի ժամանակ այն ընկնում է։ Կարևոր է նաև արյան մակարդման ցուցանիշը․ եթե մակարդումը բարձր է, մեծանում է թրոմբերի առաջացման վտանգը։ Այս ցուցանիշներն իմ մոտ բարձր էին։
Նաև պետք է ՀՇ անել, պարզելու համար, կա՞ արդյոք թոքաբորբ, որքանո՞վ են ախտահարված թոքերը։ Իմ թոքերը մինչև 25 տոկոսով ախտահարված էին։ ՀՇ անալիզի արյունքները հրապարակում եմ։
Առողջություն եմ մաղթում։ Խնայեք ձեզ ու ձեր մտերիմներին։ Առողջ լինենք, կգրկախառնվենք»։