Հնդկաստանի Օդիշա նահանգի 17-ամյա բնակիչը հարսանիքից մեկ ամիս անց իր 26-ամյա կնոջը վաճառել է մեկ այլ տղամարդու՝ Ռաջասթհանայից։ Ստացված 1 միլիոն 143 հազար դրամին համարժեք 180 000 ռուփին նա ռեստորանում ուտելու և սմարթֆոնի վրա էր ծախսել, հայտնում է Hindustan Times-ը։
«Օգոստոսին զույգը Ռաջասթհանայից մեկնեց աղյուսի գործարանում աշխատելու։ Ժամանումից օրեր անց 17-ամյա դեռահասն իր կնոջը վաճառեց 55-ամյա մի տղամարդու», – հայտնեցին Ոստիկանությունում։ Հարազատ գյուղ վերադառնալուց հետո, բարեկամների հարցուփորձին ի պատասխան, նա ասաց, որ կինը նրան լքել էր։
Երիտասարդին բռնեցին այն բանից հետո, երբ ոստիկանությունը, կնոջ ընտանիքի դիմումի հիման վրա, ստուգեց նրա մուտքային և ելքային հեռախոսազանգերը, ինչը թույլ տվեց բացահայտել դեռահասի վարկածի մեջ եղած անհամապատասխանությունները։
«Հարցաքննությունից պարզ դարձավ, որ նա վաճառել էր կնոջը։ Մենք խումբ ուղարկեցինք որոնման համար, սակայն տեղի բնակիչները չէին ցանկանում բաց թողնել նրան, պնդելով, թե կինը գնված էր։ Մեծ ջանքեր պահանջվեցին կնոջը տուն վերադարձնելու համար», – ասաց Ոստիկանության ներկայացուցիչը։ Անչափահասների գործերով դատարանի որոշմամբ՝ 17-ամյա երիտասարդն ուղղիչ հաստատություն է ուղարկվել։
Նշենք, որ Ստրկության գլոբալ ինդեքսի համաձայն, 2016 թվականին աշխարհում 46 միլիոն մարդ ստրկության մեջ էր գտնվում, որոնցից 18 միլիոնը՝ Հնդկաստանում։