Արդեն 4 օր է՝ Կապանի հանքարդյունբերական կոմբինատի աշխատողները գործադուլ են անում։ Աշխատակիցներց չորսը հանքի ներսում հացադուլ են հայտարարել։ Սեփականատիրոջից՝ «Չաարատ Կապան» ընկերությունից նրանք պահանջում են․
1․ բարձրացնել աշխատավարձերը,
2․ կրկնապատկել վնասակար աշխատանքի համար տրվող ամենամյա փոխհատուցումը,
3․ բժշկական ապահովագրություն տրամադրել,
4․ բարելավել պայմանները։
Գործադուլն անժամկետ է։ Առանցքային պահանջներն առ այժմ չեն բավարարվել։
Հունիսի 24-ին «Չաարատ Կապան» ՖԲԸ-ի ստորգետնյա հանքի 3-րդ հերթափոխի աշխատակիցները հրաժարվել են հանք մտնել։ Գործադուլին շուրջ 300 մարդ է միացել՝ ընդհանուր անձնակազմի մոտ 1/3-ը։
Արտադրությունը անորոշ ժամանակով դադարեցվել է։
Epress.am-ի հետ զրույցում հանքի աշխատակիցներից մեկը պարզաբանել է՝ պայման չկա, անվտանգությունը շատ վատ է, երկու ամիս առաջ 29 տարեկան մի տղա է հանքում մնացել, ընկերությունը ոչինչ չի անում, մարդիկ շարունակում են անընդհատ մեռնել։
«Կապանի հանքը միշտ էլ ավելի անապահով է եղել ու ավելի քիչ է վարձատրվել, քան թե կողքի՝ Քաջարանի հանքը։ Գործադուլի փորձեր շատ են արվել։ Առաջ Սերժենք գալիս՝ ցրում էին, գործադուլավորներին հեռացնում, անցնում առաջ։ Էս անգամ, հույս ունեմ, էս 50-60 հոգուն աշխատանքից չեն ազատի», – նշում է մեր զրուցակիցը։
Աշխատավարձը ընդամենը 170 հազար դրամ է՝ գումարած «50 տոկոս վնասակարություն»։ Ըստ աշխատողների՝ առաջ վնասակարությունը հարյուր տոկոսով էր փոխհատուցվում, հետո կրճատել են։
Ամսական 250 հազար դրամի դիմաց մարդիկ փակ հանքում առողջություն են նաև կորցնում․ ընկերությունը վճարում է նրանց բուժզննության, բայց ոչ բուժման համար։
«Անգլիացիները որ առան, ասում էին՝ մենք ուզում ենք բարձրացնենք ձեր աշխատավարձը, բայց ձեր կառավարությունը չի թողնում», – ասում է հանքափորներից մյուսը։
«Չաարատ Կապան» ՖԲ ընկերությունը օֆշորային «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթեդ» ընկերության (կապանցիք ասում են՝ սա բրիտանական ընկերություն է, բաց աղբյուրների տվյալներով՝ հիմնական սեփականտերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է) մասնաճյուղն է․ հանքը շահագործելու տարիների ընթացքում այն ոչ մի բան չի արել՝ աշխատողների կյանքը փրկելու, նրանց պայմանները բարելավելու համար։
Այժմ ՖԲԸ-ն սպառնում է՝ եթե գործադուլը չդադարի, պատրաստ են փակել արտադրությունը։ Աշխատողները տուն գնալու մտադրություն, ամեն դեպքում, չունեն։
Հանքարդյունաբերող ընկերությունը գործադուլը «սաբոտաժ» է որակել։
«Գլխավոր տնօրենին ներկայացրած հիմնական պահանջներից մի մասը ընկերությունը պատրաստակամություն հայտնեց բավարարել, սակայն վերջիններս [գործադուլավորները] որևէ փոխհամաձայնության չգալով, արդեն 3 օր է շարունակում են իրենց սաբոտաժը։
Իհարկե, բոլորս ենք հասկանում ողջ աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները, ընկերությունը ևս անտարբեր չէ իր աշխատակիցների խնդիրներով, սակայն ներկա պահին այդ ճգնաժամը նաև բացասական ազդեցություն է թողել ընկերության վրա, հատկապես վերջին ամիսներին հայկական դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ զգալի արժևորումը, և ներկա պահին աշխատավարձերի բարձրացման պահանջն ընկերությունը ի վիճակի չէ բավարարել։
Տվյալ աշխատակիցները, իրենց հակաիրավական գործողություններով, խոչընդոտում են ոչ միայն հանքի, այլ նաև ընկերության ողջ տնտեսական գործունեությանը, որը ֆինանսական մեծ վնասներ է հասցրել ընկերությանը», – ասված էր «Չաարատ Կապանի» երեկվա հայտարարության մեջ (քերականությունը՝ հեղինակային – խմբ․)։
Աշխատողների կարծիքով՝ ընկերությունը գուցե և բավարարի իրենց երրորդ պահանջը և համաձայնի բժշկական ապահովագրություն ներդնել։ Գուցե որոշակիորեն բարելավվեն նաև աշխատանքային պայմանները, բայց քանի դեռ չի բավարարվել աշխատավարձն ու փոխհատուցումը բարձրացնելու պահանջը՝ գործադուլը կշարունակվի։