ԱՄՆ Տեխաս նահանգի հարավում՝ լքված բեռնատարում, առնվազն 46 դի է հայտնաբերվել՝ գրել է Associated press-ը։ Զոհերը, ենթադրաբար, միգրանտներ էին։
Եվս 16 մարդ, այդ թվում՝ 4 երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Ողջ մնացածները տուժել են արևահարումից և երկարատև գերտաքացումից։
Սան Անտոնիոն, որտեղ և հայտնաբերվել է բեռնատարը, գտնվում է մեքսիկա-ամերիկյան սահմանից մոտ 250կմ հեռավորության վրա․ այն մաքսանենգների տրանզիտի հիմնական կետերից մեկն է։
Չարլզ Հուդը՝ Սան Անտոնիոյի հրշեջ անվտանգության պետը, պատմել է, որ փրկարարները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով 18։00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին)․ մեքենայի կողքը մարմին է եղել։ Մնացած դիերը ֆուռի ներսում էին․ բեռնատարի մեջ, ըստ նրա, չկար ոչ ջուր, ոչ էլ օդափոխություն։
Սան Անտոնիոյում ջերմաստիճանը երկուշաբթի հասնում էր 39,4°C-ի։
KSAT հեռուստաալիքի տվյալներով, բեռնատար մեքենան հայտնաբերվել է երկաթգծի հարևանությամբ՝ Սան Անտոնիոյի հարավ-արևմտյան մասում։ Տեղական ոստիկանության հաղորդմամբ, դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում, երեք հոգի ձերբակալվել է։
Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը հայտնել է, որ երկրի հյուպատոսը մեկնել է Սան Անտոնիո։ Զոհերի ազգությունը, այնուամենայնիվ, դեռևս հաստատված չէ։
Ըստ BBC-ի, Տեխասի հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը տեղի ունեցածում մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ զոհերը, ըստ նրա, դեմոկրատների «բաց սահմանների մահաբեր քաղաքականության» հետևանքն է։ Հանրապետականները՝ ի դեմս նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի, հիշեցնենք, մտադիր էին ոչ միայն փակել Մեքսիկայի հետ սահմանը, այլև պատ շարել դրա ողջ երկայնքով։
Բետո Օ՛Ռուրկը՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն և Էբոթի հիմնական մրցակիցը, կոչ է արել մաքսանենգության դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել և ընդլայնել օրինական ներգաղթի հնարավորությունները։
Ստիպակ աշխարհում՝ արևմտյան երկրների մեծ մասում, ներգաղթի հարցը քաղաքական բաժանարար գծերից մեկն է։ Աղքատ և պատերազմի մեջ ներքաշված երկրների հազարավոր բնակիչներ ստիպված են օգտվել մաքսանենգների ռիսկային և ակնհայտ վտանգավոր ծառայություններից․ օրինական միգրացիայի հնարավորությունները խիստ սահմանափակ են, ոչ սպիտակ փախստականներ ընդունելուց Արևմուտքը հիմնականում խուսափում է, ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում՝ փորձելով հատել ցամաքային և ծովային սահմանները․․․